Արագաչափերը կհանվե՞ն, թե՞ կկատարելագործվեն. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է
copy image url

Արագաչափերը կհանվե՞ն, թե՞ կկատարելագործվեն. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է

Ներքին 4 ամիս առաջ - 14:00 02-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ընդդիմադիր գործունեության տարիներին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանի ավտոճանապարհներից բոլոր արագաչափերը պետք է հեռացվեն։ Դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԱԺ-ում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարեց` ՔՊ-ի վարչության նիստում հարցը քննարկել ու նման եզրակացության եկել։ Նա նաև շեշտեց, որ արագաչափերի տեղադումից հետո երեքուկես տարվա ընթացքում քաղաքացիներն ավելի քան 25 մլրդ դրամ տուգանք են վճարել՝ համոզմունք հայտնելով, որ այդ գումարները մարդիկ կարող էին ուղղել իրենց սոցիալական խնդիրների լուծմանը։

2018-ի իշխանափոխության օրերին Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակաբար վստահեցնում էին, որ իշխանության գալու դեպքում արագաչափերը հեռացվելու են։ Ավելին՝ Գյումրիից Երևան քայլելիս կառավարության ներկայիս ղեկավարն իր համախոհներին հորդորում էր փակել հանրապետության ճանապարհներին առկա բոլոր արագաչափերը և անձամբ էր օրինակ ցույց տալիս։ Փաշինյանի կոչով քաղաքացիներից ոմանք ոչ միայն փակում, այլև կոտրում էին արագաչափերը, իսկ օրինակ նրա համախոհներից Անուշ Լալայանը, ով հետագայում աշխատանքի անցավ ՀՀ Սփյուռքի նախարարությունում, Մաշտոցի պողոտայում տեղակայված արագաչափ սարքերից մեկից կանացի վարտիք էր կախել: Այս դրվագներով թեպետ քրեական գործեր էին հարուցվել, սակայն իշխանափոխությունից հետո դրանք բոլորն էլ կարճվեցին։

Իշխանության գալուց հետո արագաչափերը հանելու խոստումն արժանացավ Նիկոլ Փաշինյանի մյուս խոստումների ճակատագրին, և վարչապետ Փաշինյանի մոտեցումները նկատելիորեն տարբերվում էին ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից։ Նրա կառավարման ավելի քան վեցուկես տարիների ընթացքում արագաչափերը ոչ միայն չհանվեցին, այլև մի քանի անգամ ավելացան, շարունակեցին գործել անգամ շարժական արագաչափերը, տուգանքները ևս աճեցին։ Ամբոխահաճո այս պոպուլիզմով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց քաղաքացիների դժգոհությունը քաղաքական կապիտալի վերացնել, իսկ արդեն վարչապետի պաշտոնում նա արագաչափերի ավելացումը պայմանավորում էր վթարների թիվը կրճատելու ու քաղաքացիների ներքին անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Սափրվելուց և ընդդիմադիր գործչի կերպարին վերադառնալուց հետո արագաչափերն անձամբ փակող Նիկոլ Փաշինյանը վերջերս արագաչափերը հանելուն կողմ արտահայտվող քաղաքացիներին առաջարկեց հարցը դնել հանրաքվեի։ Փաշինյանը Հ1-ին տված վերջին հարցազրույցում նշեց, որ անձամբ կաջակցի ստորագրահավաք նախաձեռնելու գործընթացին, և եթե հաջողվի 300 հազար ստորագրություն հավաքել ու հարցը դնել համապետական հանրաքվեի անձամբ չի քարոզի ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի օգտին. «Ես պիտի ինչ-որ առումով ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ովքեր մտածում են, որ ես պիտի դա անեի և դա չեմ արել, բայց նաև ուզում եմ ներողություն ընտրել այն մարդկանցից, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չի անել և այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել»:

Հատկանշական է, որ այս հայտարարությունից ամիսներ առաջ՝ 2024-ի մարտի 25-ին, Ներքին գործերի արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի SMS-ային խնդրանքով 2 շաբաթ առաջ հրաժարականի տվեց, ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվում է նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ «Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել էր Ղազարյանը և հավելել, որ ծրագրված է թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Այսպիսով՝ մինչև Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արագաչափերը հանելու հարցով հարցով հանրաքվե կազմակերպել ու պարզել հանրության տրամադրությունները, նրա կառավարությունը ոչ միայն մտադիր չէ ձերբազատվել արագաչափերից, այլև գործող համակարգն էլ ավելի է կատարելագործում։ Այս համատեքստում կառավարությունը գնում է նոր և գերժամանակակից արագաչափեր, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանների վրա միլիոնավոր դոլարներ են արժենում։

Վստահ ենք, որ եթե արագաչափերի համակարգի կատարելագործումը տեղի ունենար նախկին իշխանություններին օրոք, ապա ընդդիմադիր Փաշինյանը կպնդեր, որ այդ գումարներն անհրաժեշտ է ուղղել սոցիալական խնդիրների լուծմանն ու աղքատության հաղթահարմանը, ինչպես նախ ուշադրություն կհրավիրեր այն բանին, որ տուգանքների գումարները քաղաքացիները կարող էին ծախսել իրենց երեխաներին կոշիկ գնելու, ուսման վարձերը վճարելու կամ այլ կարիքների համար։ Փաշինյանը հաստատապես կշեշտեր, որ օդում կախցած և շարունակաբար թևածող լուրերի համաձայն, տուգանքների միջոցով հավաքագրվող եկամուտների հսկայական բաժինը տնօրինում է Սերժ Սարգսյանի ընտանիքը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ժողովրդավարության իմիտացիա է ստեղծում և տուրք է տալիս ամբոխահաճո պոպուլիզմին՝ ակնկալելով, որ դա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրեն հաջողություն կբերի և կապահովի իր իշխանության վերարտադրությունը։

Ընդդիմադիր Փաշինյանն այս իրավիճակում հերթական անգամ կպնդեր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ինչին դասականը կհակադարձեր. «Իա, իրո՞ք» ...

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան