Վերջին տարիներին հաճախ ենք լսում, որ Հայաստանում բավականին բարձր, երբեմն էլ անգամ երկնիշ տնտեսական աճ է արձանագրվում։ Չնայած այն բանին, որ քաղաքացիները տնտեսական աճի բարձր տեմպերն իրենց կյանքում առանձնապես չեն զգում, և այն պայմանավորված է հիմնականում արտաքին կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները վստահեցնում են, որ դրանում մեծ է նաև իրենց աշխատանքի դերը։
Օրերս Էկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ կասկածի տակ էր առել Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը և արձանագրված 4․2 տնտեսական աճը «աբսուրդ» որակել։ Նրա խոսքով՝ այս «աբսուրդ»-ը պայմանավորված է այն իրողությամբ, որ տնտեսության որոշ ճյուղերի, մասնավորապես անասնապահության պարագայում, տվյալները ստացվում են ոչ փաստահենք վիճակագրության միջոցով։
«Իսկ ինչպե՞ս է մեր վիճկոմիտեն իրականացնում բուսաբուծության վիճակագրությունը․ այսպես, զանգում են համայնքապետարաններին և հարցնում, թե օրինակ որքա՞ն պոմիդոր է ստացվել այս ամիս, համայնքապետերն էլ ստիպված հարցնում են վարչական ղեկավարներին, վերջիններս էլ, իրենց ճաշակով, իրենց ունեցած տեղեկատվությանը և գիտելիքներին, հաճախ նաև գյուղում առկա խոսակցություններից ելնելով ինչ-որ թվեր են ներկայացնում, որոնք վերջնարդյունքում դառնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը»,- գրել էր նախարարը՝ Վիճակագրական կոմիտեին մեղադրելով հանրությանն առնվազն ոչ ճշգրիտ վիճակագրություն ներկայացնելու մեջ։
Պապոյանն ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ այս ամենի արդյունքում բուսաբուծության ոլորտում արձանագրվել է զգալի՝ 12․7% անկում, ինչը միախառնվում է մյուս ոլորտներում փաստահենք վիճակագրության միջոցով արձանագրված աճի բարձր ցուցանիշներին և արդյունքում տնտեսական աճի ցուցանիշները խեղաթյուրվում են։ Նա պնդել էր, որ խնդրի լուծումը Վիճակագրության խորհրդի տիրույթում է՝ հույս հայտնելով, որ տասնամյակներ շարունակլ քննադատված մեթոդաբանությունն առաջիկայում կփոխվի։
Հայաստանի Վիճակագրական կոմիտեն օրերս արձագանքեց և փաստացի հերքեց Էկոնոմիկայի նախարարի մեղադրանքները։ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե բուսաբուծության վիճակագրությունն իրականացվում է համայնքապետարաններին զանգահարելու միջոցով։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը տրամադրում են համայնքապետարանները, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որն ամփոփվում է մայրաքաղաքի և մարզերի կտրվածքով։
Մնացականյանն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալներ ամսական պարբերականությամբ հավաքվում են նաև գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման դաշտում ընդգրկված թվով 12090 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններից, իսկ ընտրանքային դիտարկումով հավաքված տվյալներն օգտագործվում են համայնքապետարանների կողմից ներկայացված հաշվետվություններով հավաքված տվյալների որակի ստուգման նպատակով։ Նա նաև ասել է, որ 2019 թվականից սկսած գյուղատնտեսություն և ձկնորսություն գործունեության տեսակների վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ, ինչն ընդունված է միջազգային պրակտիկայում։
Վիճակագրական կոմիտեի նախագահը նշել էր, որ գյուղատնտեսության ցուցանիշները հավաքվում են ամսական և հրապարակվում եռամսյակային պարբերականությամբ։ Նրա խոսքով՝ Անասնաբուծության և ձկնորսության վերաբերյալ ստացված եռամսյակային ցուցանիշների հիման վրա կատարվում են ամսական գնահատումներ՝տնտեսության ակտիվության ցուցանիշի ամսական հաշվարկներում օգտագործելու համար։
Այսպիսով՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը փաստացի Վիճակագրական կոմիտեին մեղադրեց տվյալներ կեղծելու և իրեն ոչ դուրեկան վիճակագրություն հրապարակելու մեջ, իսկ կոմիտեին նախագահն էլ ստիպված եղավ պաշտոնապես արձագանքել, ինչի հետևանքով Գևորգ Պապոյանի մանիպուլյացիան ամբողջովին հերքվեց։
Ստեփան Մնացականյանը լուրջ հարված է հասցրել ոչ միայն Էկոնոմիկայի նախարարության, այլև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղինակությանը, քանի որ երբեմնի ֆիկտիվ ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը այժմ ՔՊ վարչության փոխնախագահն է։ Ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին պատճառված այս հարվածը չի կարող «անպատիժ» թողնել, ուստի հաջորդ պաշտոնյան, ում նա SMS-ով կհորդորի թողնել իր պաշտոնը, կլինի հենց Վիճակագրական կոմիտեի գործող նախագահը։
Կարճ ասած՝ չափազանց իրատեսական է թվում, որ առաջիկայում Վիճակագրական կոմիտեի նախագահը պաշտոնակ կարվի ու նրա փոխարեն այնպիսի պաշտոնյա կնշանակվի, ով ՔՊ վարչության քիմքին հաճո վիճակագրություն կներկայացնի։ Եթե Փաշինյանի կաբինետում մեկնարկած պաշտոնանկությունների շքերթն իսկապես հասնի Վիճակագրական կոմիտե, ապա սրանով շատ վտանգավոր նախադեպ կստեղծվի, ինչը լիգիտիմ հիմքեր կտա՝ կոմիտեի կողմից հաջորդիվ հրապարակված վիճակագրության արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար։
Դավիթ Գույումջյան