Թղթով դաշնակիցը․ ՌԴ-ն դեմ է, որ Հունաստանը ՀՀ-ին S-300 համակարգեր տրամադրի
copy image url

Թղթով դաշնակիցը․ ՌԴ-ն դեմ է, որ Հունաստանը ՀՀ-ին S-300 համակարգեր տրամադրի

Արտաքին Խոսք Ներքին 4 ամիս առաջ - 20:00 28-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունական լրատվամիջոցներում օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել ռուսական արտադրության S-300 ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև ևս երկու այլ զինատեսակները, քանի որ դրանք փոխարինելու է իսրայելական արտադրության համակարգերով։ Ըստ տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի մեր երկրի սպառազինմանը:

Հունական մամուլում հրապարակված տեղեկատվությունը երեկ մեկնաբանեց նաև Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության և ռազմական արտադրանքի մատակարարման մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթները պահպանելու անհրաժեշտությունը։ «Նրանք միանշանակ արգելում են Հունաստանին վերաարտահանել մեր կողմից մատակարարվող զինտեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Բայց ներկա պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ կարող էր այս տեղեկությանը կասկածանքով վերաբերվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն միայն հունական ԶԼՄ-ներում է հրապարակվել, սակայն ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքը վկայում է այն մասին, որ տեղեկությունը ճիշտ է, ու այն անհանգստացնում է ռուսական կողմին։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ասուլիսի առաջ Զախարովայի առաջ թուղթ էր դրված, որտեղ գրված էր այն պատասխանը, որը նա տվեց ռուս լրագրողի հարցին։

«Այսինքն՝ հարցը համաձայնեցված է եղել ի սկզբանե։ Սա մանրուք է, բայց շատ կարևոր մանրուք է, ուստի ես որևէ կասկած չունեմ, որ Հունաստանը նման որոշում է կայացրել։ Այլ հարց է, թե որքանով է նպատակահարմար, երբ նույն հունական կամ հնդկական ԶԼՄ-ները գործարքը դեռ չկայացած, զենքը Հայաստան չհասած սկսում են այդ մասին խոսել»,- ասաց նա։

Ստեփանյանի գնահատմամբ՝ այս գործարքը կայացել է հայ-հունական ռազմական համագործակցության արդյունքում։ Նա հիշեցնում է, որ երկու երկների հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա․ «Մենք գիտենք, որ շատ լավ կապեր կան՝ ռազմաքաղաքական մակարդակով, այդ թվում նաև պաշտպանության նախարարների միջև, ամենաբարձր մակարդակով, այնպես որ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ հունական կողմն այս որոշումը կայացրել է Ֆրանսիայի հորդորով՝ քաղաքագետը նշեց՝ չի կարող ասել՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, սակայն ասաց, որ այդ հավանականությունը բարձր է գնահատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Հունաստանը ՆԱՏՕ-ում դաշնակից պետություններ են և միմյանց հետ ունեն շատ սերտ հարաբերություններ։ Նրա խոսքով՝ թեպետ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մեր երկրի հետ համագործակցությունը այդ դաշնակցային հարաբերությունների մի մասն է։

Դավիթ Ստեփանյանն ընդգծում է՝ Ռուսաստանը միանշանակ դեմ է, որ այս գործարքը կայանա։ «Ռուսաստանը ձգտում է այս հարցը դարձնել սակարկման առարկա՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ու Մարիա Զախարովան այսպիսի պնդումներ է անում։ Ես կարծում եմ, որ այդ զենքը պատկանում է Հունաստանին, և նա կարող է վաճառել այն՝ ում կցանկանա, եթե երկկողմ պայմանագրում հատուկ կետ չկա, որով հունական կողմը իրավունք չունի վաճառել այն»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ Ռուսաստանն ինչո՞ւ է դժգոհում այս գործարքից, երբ Հայաստանը շարունակում է իր դաշնակիցը համարվել՝ քաղաքագետը պատասխանեց, որ ՌԴ-ն միայն փաստաթղթերով է դաշնակից համարվում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շատ վաղուց Հայաստանի դաշնակիցը չէ՝ առնվազն այն օրվանից, երբ սկսել է զինել Ադրբեջանին, 5 մլրդ դոլարի հարձակվողական զենք է վաճառել վերջինիս, ինչպես նաև ոչինչ չի արել, երբ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումներ են եղել, Արցախը հայաթափվել է և այլն. «Ցավոք Ռուսաստանը միայն թղթերով է Հայաստանի դաշնակիցը, դրա համար էլ դեմ է»։

Քաղաքագետը հավելեց՝ Ռուսաստանը դեմ է, որ Հայաստանը սպառազինություն գնի, ընդ որում՝ ցանկացած տեսակի։ «Այստեղ կա սկզբունքային հարց․ Ռուսաստանը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը լինի մի երկիր, որն ի վիճակի է իր պաշտպանությունն ապահովել սեփական ուժերով։ Ռուսաստանը դրանում շահագրգռված չէ։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի խոցելի, որպեսզի Ադրբեջանի միջոցով կարողանա Հայաստանի վրա ճնշում գործադրել, իսկ Հայաստանն էլ պետք եղած դեպքում դիմի Ռուսաստանին՝ պաշտպանության ակնկալիքով։ Այդ ժամանակ Ռուսաստանն իր պայմանները կդնի․ միգուցե պայմաններ կդնի, միգուցե ուղղակի կհրաժարվի։ Այդտեղից է գալիս Ռուսաստանի շահագրգռվածությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան