ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Կառավարության շենքում ընդունել է 2020 թվականին գերեվարված զինծառայողների ծնողներին, որոնց մասին, սակայն, Ադրբեջանը լռում է։
Հանդիպմանը մասնակցել է 9 ծնող՝ 6 մայր, 3 հայր։ Սենյակում՝ բացի Փաշինյանից եղել են՝ նրա օգնականը, ինչպես նաև թիկնապահը՝ Փաշինյանի հետևում նստած։
Oragir.News-ի հետ զրույցում բռնի գերեվարված զինծառայողներից մեկի մայրը որոշ մանրամասներ հայտնեց վարչապետի հետ տեղի ունեցած փակ հանդիպումից։
«Նախ մեր հեռախոսները, պայուսակները հավաքեցին, հետո նոր բարձրացանք Փաշինյանի հետ հանդիպելու։ Մենք 9 ծնողներով էինք։ Նստած էր Փաշինյանը, կողքին մի տղամարդ, որը նշումներ էր անում և Փաշինյանի հետևում իր թիկնապահը։
Ես ասացի՝ շատ թույլ եք աշխատում, պարոն վարչապետ։ Ասացի՝ ինձ համար անտանելի է, ես չեմ կարողանում լսել, երբ դուք ամեն անգամ խոսում եք 23 հաստատված գերիների մասին, տպավորություն է, որ մենք միայն 23 գերի ունենք, էլ ուրիշ գերիներ չկան, որ պետք է վերադարձվեն։ Ասացի՝ կուզենայի, որ դուք հայտարարեք, որ բացի 23 հաստատված գերիներից Բաքվում էլի գերիներ ունենք։ Ինքը պատասխանեց, որ մեր կառույցներն ասում են, ասացի՝ ոչ, ձեր կառույցները միայն 23 հաստատված գերի են ասում։
Ինքն ասաց՝ ուզում եք, որ անձամբ ե՞ս ասեմ, ասացի՝ այո, ուզում եմ, որ Դուք պահանջատեր լինեք, Դուք պահանջեք մեր գերիներին։
Ասացի՝ հիշո՞ւմ եք, որ ժողովրդին ասում էիք՝ դուխով-դուխով, տարաք, լցրեցիք մսաղացի բերան, ասացի՝ հիմա այդ դուխով բառի տակ մի այնպիսի բառ դրեք, որ մեր տղաներին կարողանաք հետ բերեք։ Ինքը լուռ լսում էր։
Ասացինք՝ եթե Ադրբեջանից այստեղ անգամ 1 գերի լիներ, ադրբեջանցիները մեր աչքերը հանելով իրենց վերջին գերին կտանեին, ոնց, որ արեցին»,- ասաց զինծառայողի մայրը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ծնողների բերած օրինակները Փաշինյանին դուր չեն եկել, ասել է՝ քաղաքականացնում եք.
«Ասացինք՝ պարոն վարչապետ, Արցախ տվեցիք, ականապատված դաշտերի քարտեզներ տվեցիք, անկլավներ ու սահմանամերձ գյուղեր տվեցիք, բայց ոչ մի գերի չպահանջեցիք։ Ասաց՝ լավ, արդեն մտնում եք քաղաքականություն։ Մենք էլ ասացինք՝ Դուք եք մեզ ստիպել, որ մտնենք քաղաքականության մեջ, ավելին՝ հիմա մեր տղերքը առքուվաճառքի գրավականն են դարձել ձեզ համար։ Ասացինք՝ Դուք հիմա մեր երեխեքի հարցերով Ալիևի հետ առքուվաճառք չե՞ք անում»։
Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ծնողներին փոխանցել է, որ մինչև «Խաղաղության պայմանագիրը» չկնքվի, գերիների վերադարձի մասին խոսք լինել չի կարող։
«Ասաց՝ «Խաղաղության պայմանագրում» կա կետ, որտեղ նշված է՝ գերիների վերադարձ։ Բայց խնդիրը այն է, որ հաստատված գերիների մասին է խոսքը։ Մենք նաև տեսանյութեր փոխանցեցինք, որտեղ երևում են, որ մեր տղաները ողջ են ու նրանց գերի են տանում»,- ասաց բռնի գերեվարված զինծառայողի մայրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին բռնի գերեվարված զինծառայողների ծնողները գնացել էին Նիկոլ Փաշինյանի կեցավայր և հանդիպում էին պահանջում նրա հետ։ Այս օրը Փաշինյանը նրանց չէր ընդունել, բայց ՊՊԾ ղեկավարը մոտեցել և ցուցակագրել էր ծնողներին՝ խոստանալով հանդիպում կազմակերպել։