Չնայած այն բանին, որ Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրող երկիր է և նախորդ տասնամյակներին իր արտադրանքը վաճառում էր նաև հարևան Վրաստանին, այնուամենայնիվ վերջին տարիներին արդեն հակառակ միտումն է նկատվում։
2022 թվականի հունվար-հուլիս ամիսների տվյալներով Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել։ Այս ժամանակաշրջանում Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա գնող երկրների շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ գնելով 3․980 մլն դոլարի հոսանք։ Հաջորդ տարիներին այս ցուցանիշը շարունակաբար աճել է։
Oragir.News-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման հետևանքով։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսած Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվել է․
«Ծրագիր, որի շրջանակներում բազմաթիվ ընկերություններ կառավարության կողմից լիցենզավորում ստանալով արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորություն են ստացել։ Բնականաբար այս դեպքում դա Վրաստանի էներգետիկ համակարգն է, որտեղ արտադրվող էլեկտրաէներգիան Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի համեմատ իր ինքնարժեքով բավականին ցածր է։ Սա իրականում համակարգային խնդրի հետևանք է, որովհետև ես կարծում եմ, որ այս միտումը շարունակական բնույթ կունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը, դրսևորելով բավականին ցածր օգտակարգ գործողության գործակից, չի կարողանում նվազեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ազատականացված շուկան և մասնավոր բազմաթիվ ընկերությունների առկայությունը, նրանք ավելի շահագրգռված են լինելու արտաքին շուկաներից ավելի էժան էլեկտրաէնեգիա ներկրելով, որը տվյալ դեպքում Վրաստանն է»։
Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի համար այս իրողությունն ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել՝ Վահե Դավթյանը պատասխանեց, որ հարցին անհրաժեշտ է 2 դիտանկյունից նայել․
«Ընդհանուր առմամբ էներգետիկան հաճախ ընկալվում է որպես անվտանգային ոլորտ, իսկ շատ հաճախ էլ դիտարկվում է որպես կոմերցիոն ոլորտ, ինչպես դա Հայաստանում է արվում։ Այսինքն՝ էներգետիկայի ընկալման 2 չափում կա՝ անվտանգային ու սպառողական․ եթե հարցը դիտարկենք զուտ սպառողական տեսանկյունից, ապա այստեղ իհարկե ոչ մի խնդիր չի կարող լինել, ճիշտ հակառակը՝ ավելի ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիայի ներկրումը հայաստանյան շուկա, կարող է հետագայում սականգնային քաղաքականության որոշակի մեղմացման հանգեցնել։ Սակայն եթե մենք էլեկտրաէնեգիան դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության շատ կարևոր հենասյուներից մեկը, ինչը պետք է անենք, ապա այստեղ մենք կանգնում ենք ներկրողի կարգավիճակ ստանալու ռիսկի առաջ։
Ռիսկն այն է, որ Հայաստանը, որն ավանդաբար ունի էլեկտրաէներգիայի արտադրողական հզորությունների ավելցուկ, ունի մի էներգետիկ համակարգ, որի հիմքում ի սկզբանե դրված էր արտահանման ակտիվացման սկզբունքը, այս իրավիճակում՝ բարձր ինքնարժեք+ազատականացում, կարող է դառնալ էլեկտրաէներգիա ներկրող պետություն։ Պարզ է, որ սա հարցականի տակ է դնում Հայաստանի հեռանկարը՝ և՛ Հյուսիս-հարավ էլեկտրաէնեգետիկ միջանցքին միանալու մասով, և՛ հայկական ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները, և՛ ապագայում, եթե այս միտումը շարունակվի ու նոր ծավալներ ձեռք բերի, կարող է մեզ կախվածության մեջ դնել արտաքին մատակարարումներից։ Սա մի բան է, որից մենք միշտ խուսափել ենք, բայց այսօր բախվում ենք դրան»։
Վահե Դավթյանը շեշտում է, որ սա կարող է բավականին լուրջ անվտանգային ռիսկեր առաջացնել՝ հիշեցնելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա են բավականին ինտենսիվ էլեկտրաէներգետիկ կապեր։
«Գիտենք, որ այս 3 երկրների միջև գործում է այսպես կոչված էլեկտրաէներգետիկ կամուրջ՝ փոխդարձ հոսքերի իրականացման նպատակով։ Եկեք չմոռանանք, որ Թուրքիայի էներգետիկ ռազմավարության հիմքում դրված նաև Թուրքիայից էլեկտրաէներգիայի արտահանման ավելցման նպատակը ու հենց սրա ներքո է, որ այսօր այդ երկրում կառուցվում է Եվրոպայում ամենախոշոր Աքքույու ատոմակայանը։
Այսինքն՝ Թուրքիան մինչև 2030 թվականը նախատեսում տարածաշրջանում առանցքային տեղ զբաղեցնել՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Անգամ եթե տեղի չունենա ապաշրջափակումը, որի մասին այդքան խոսվում է, հայ-վրացական էլեկտրաէներգետիկ կապեր բավարար են, որպեսզի ինչ-որ մի պահի Թուրքիայում արտադրված էլեկտրաէնեգիան ինչ-որ մի պահի Վրաստանի տարածքով հայտնվի Հայաստանի շուկայում։ Սրանում եմ ես տեսնում ամենամեծ անվտանգային ռիսկը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան