Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:00 14-11-2024

Հիշեցնում է այլախոհի․ ով է COP29-ը բոյկոտած և ՀՀ եկած Գրետա Թունբերգը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Կլիմայի ակտիվիստ, ազգությամբ շվեդ Գրետա Թունբերգը նախօրեին ժամանել է Հայաստան։

Շվեդ ակտիվիստուհին բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը։ Նոյեմբերի 11-ին նա Թբիլիսիում մասնակցել է «Իլհամ Ալիևը բռնապետ է» կարգախոսի ներքո Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող քաղբանտարկյալներին, քննադատում էին ՄԱԿ-ին COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու որոշման համար։

«COP-29-ը քաղաքական երեսպաշտության օրինակ է», - գրված էր այն կարգախոսի վրա, որ ադրբեջանական դեսպանատան առջև պարզել էր Տունբերգը։

Օրերս իր ինստագրամյան էջում նա խիստ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունը․ «Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում: Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ռեժիմը՝ Ալիևի գլխավորությամբ, մարդկանց ճնշման տակ է պահել՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը»։

Բացի այդ, Թունբերգը հրաժարվել է Բաքու մեկնել, քանի որ Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է ինչպես ադրբեջանցիներին ճնշելու, այնպես արցախցիներին էթնիկ զտումների ենթարկելու համար։

Փորձենք հասկանալ, թե ինչ է հայտնի է շվեդ ակտիվիստհու մասին․

Գրետա Թունբերգը ծնվել է 2003 թվականի հունվարի 3-ին՝ Ստոկհոլմում։ Նրա մայրը օպերային երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը, որն աղջկա ազդեցությամբ բուսակեր է դարձել։ Գրետան ունի նաև քույր՝ Բիատան։ Ընտանիքն ակտիվորեն օգտագործում է Գրետայի հայտնիությունը (համատեղ գրել են իրենց կյանքի մասին գիրք և այլն)։ Գրետան տառապում է Ասպերգերի համախտանիշով։

Նա դեռևս դպրոցական տարիներից նա կազմակերպել է ցուցեր, դասադուլներ՝ կլիմայի փոփոխությունները կանխարգելելու համար։ Իր առաջին դպրոցական դասադուլը Գրետան կազմակերպել է 2018 թվականի օգոստոսին՝ Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Գրետայի օրինակին սկսեցին հետևել բազմաթիվ դպրոցականներ՝ տարբեր երկրներից։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթեր ունեցավ TED համաժողովներում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ինչից հետո Շվեդիայի և Նորվեգիայի քաղաքական գործիչների մի խումբ շվեդուհի բնապահպանական ակտիվիստին ներկայացրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Թունբերգը մեծ ճանաչում է ստացել Շվեդիայում և այլ երկրներում իր կողմից կազմակերպված «դասադուլների» պատճառով, որոնց տրամաբանությունն այն է, որ ուրբաթ օրերին, դասերի փոխարեն, դպրոցականները դասադուլներ անեն՝ դրանով քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրելով եղանակի փոփոխության խնդրին։

2018 թվականի դեկտեմբերին Գրետան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Իր ելույթում նա հարուստ երկրներին կոչ է արել ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2°C-ի սահմաններում։ Գրետան նշել է, որ հարուստ երկրները 6-12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի։ Նրա համոզմամբ՝ այդ դեպքում մնացած երկրները կարող են բարձրացնել իրենց կենսամակարդակը՝ ինֆրակառուցվածք ստեղծելով արևմտյան պետությունների համար։

2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին, նա այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ գաղափարական մոտեցումներից ելնելով՝ ինքնաթիռ չի նստում։ Ակտիվիստը քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել. «Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5 °C-ը, կա՛մ՝ ոչ։ Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ մենք դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է։ Որովհետև դա այդպես էլ կա»։

ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող, լրագրող Մաշա Գեսենը դեռևս 2018 թվականի հոկտեմբերին նշել է, որ Թունբերգն իրեն հիշեցնում է խորհրդային այլախոհի։

Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ եղանակի պաշտպանության նպատակով ստեղծվել է Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի») դպրոցականների համաշխարհային շարժումը։ Շարժման կայքում ասվում է, որ Գրետան սովորողներին խնդրում է մոտակա քաղաքապետարաններում եղանակի համար ուրբաթ օրերին դասադուլներ անել, դրանց լուսանկարները #Fridaysforfuture և #Climatestrike հեշթեգներով տեղադրել համացանցում։

Շարժման գաղափարախոսությունն այն է, որ, չնայած երեխաները պարտավոր են դպրոց հաճախել, սակայն եղանակի վատթարացման դեպքում գիտելիք ստանալն անիմաստ է դառնում. «Ինչու՞ սովորել առանց ապագայի, որը հնարավոր է՝ չլինի։ Ինչու՞ կրթված մարդ դառնալու համար շատ ջանք գործադրել, եթե մեր կառավարությունները կրթվածներին չեն լսում»։

2019 թվականի մարտի 15-ին ամբողջ աշխարհում աշակերտները եղանակի համար դասադուլներ են արել. բոլոր աշխարհամասերի 123 երկրներում պլանավորվել են 2000 գործողություններ՝ ներառյալ Անտարկտիդայում։ Ռուսաստանում գործողությունները նախատեսված են եղել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կիրովում, Յարոսլավում, Իժևսկում։

Իր գործունեության համար Գրետա Թունբերգն ակտիվորեն քննադատվում է շատ մարդկանց կողմից։ Նրա ելույթները կտրուկ են և զգացմունքային։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իրավաբան Դրիո Գոդեֆրիդին քննադատել է Գրետայի մտահղացումը՝ հանդիպել նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և նրանց մեղադրել մարդկության դեմ կատարող հանցագործությունների համար։