Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Երևանի նորաձևության շաբաթվա բացման արարողությունը (Yerevan Fashion Week)։ Այն գրավել էր նորաձևության սիրահարների ուշադրությունը։ Սակայն բազմաթիվ քաղաքացիներ վրդովված են, որ այն անցկացվեց Բռնադատվածների հուշահամալիրի տարածքում։
Ինչու՞ են քաղաքային իշխանությունները նորաձևության միջոցառումն անում մի վայրում, որտեղ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում խորհրդային բռնազավթման տարիների միլիոնավոր զոհերի, աքսորվածների, բռնաճնշումների ենթարկվածների հիշատակին։ Կարո՞ղ են հաջորդ տարի նորաձևություն ցուցադրել Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, մյուս տարի՝ Եռաբլուրում, հետո Երևանի Պանթեոնում։
Նշենք, որ այս հուշահամալիրը կառուցվել է 1960-ականների վերջին և նվիրված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակին։ Խորհդային միության կործանումից հետո այն լքված ու մոռացված տարածք էր։ 2009-ին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք այս կառույցի ճակատին գրվեց «Ի հիշատակ բռնադատվածների» և այն 2009-ի դեկտեմբերի 3-ից դարձավ Բռնադատվածների հուշահամալիր։
Հայաստանի ազգային օրացույցում Բռնադատվածների հիշատակի օրը հունիսի 14-ին է։ Ամեն տարի հունիսի 14-ին մի քանի տասնյակ մարդիկ այցելում են հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհում բռնադատվածների հիշատակին։ Նկատենք, որ 2018-ից ի վեր ՀՀ իշխանության ոչ մի ներկայացուցիչ Հունիսի 14-ը չի հիշել, չի այցելել Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք չի մատուցել, մի ծաղիկ չի խոնարհել, նույնիսկ ուղերձ չեն հղել ու ոչ մի կերպ չեն հիշատակել խորհրդային բռնազավթման տարիների միլիոնավոր զոհերին։ Ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանություններն այս հուշարձան չեն այցելում, Հունիսի 14-ը չեն նշում, քանի արդարացնում են խորհրդային վարչակարգի հանցագործությունները մարդկության դեմ։
Պարզվում է՝ ՔՊ-ական իշխանությունները Բռնադատվածների հուշարձանի տեղը գիտեն։ Բայց այն դիտում են ոչ թե հուշահամալիր, որտեղ պետք է հարգանքի տուրք մատուցեն զոհերին, այլ ժամանցային տարածք, որտեղ կարող են նորաձևության շաբաթ կազմակերպել։ ՔՊ-ական իշխանությունները, հավանաբար, այսպիսով ուզում են ժողովրդին ցույց տալ, թե ռուսական գործակալ չեն, չեն վախենում այցելել Բռնադատվածների հուշահամալիր։ Միաժամանակ իրենց ռուս դաշնակիցներին ցույց են տալիս, որ բռնադատվածների հիշատակը չեն հարգում, այնտեղ ժամանցային միջոցառում են կազմակերպում՝ նորաձևության ցուցադրություն։
Այս իրարամերժ մոտեցումը լրիվ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի «և՛-և՛»-ի տրամաբանության մեջ։ Մի կողմից ամուր պահպանում են հայ-ռուսական օրակարգը, մյուս կողմից Արևմուտքի հետ խաղեր տալիս, ձևացնում, թե ժողովրդավար են, անկախության պաշտպան։
Վարկած կա, թե միջոցառման կազմակերպիչները հենց սա էլ հաշվի են առել։ Եվ նորաձևության ցուցադրության պատրվակով իշխանության ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետին, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց բերել են Բռնադատվածների հուշահամալիր, ծանոթացրել այս կարևոր վայրին։ Նշենք նաև, որ հուշահամալիրը ՀՀ անկախությունից ի վեր երբեք այսքան մարդաշատ չէր եղել։ Տարածքը մաքրվում էր միայն Հունիսի 14-ի առավոտյան, տարվա մյուս օրերին փոշու, կեղտի մեջ կորած էր։ Իսկ նոյեմբերի 7-ին Նորաձևության շաբաթվա բացման օրն այնտեղ այնքան մաքուր էր, որ մարդիկ նստել էին քարերին։
Մեկ այլ վարկածով էլ ՔՊ-ն, որպես օրթոդոքս ռուսամետ ուժ և անուղղելի հեղափոխական, փորձում է վերականգնել հուշարձանի խորհրդային նշանակությունը, յուրովի նշելով Նոյեմբերի 7-ը՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձը։ Այսպես հավաստիացնում են, որ 2018-ին ռուսական աջակցությամբ ու միջնորդությամբ իշխանության հասած ՔՊ-ն հավատարմության ժեստ է անում ռուսներին։
Ամեն դեպքում վրդովվեցուցիչ երևույթ է նորաձևության ցուցադրություն կազմակերպելը մի վայրում, որտեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում։ Իսկ եթե ՔՊ-ն մտադիր է անարգել զոհերի հիշատակն, ապա հաջորդիվ գունեղ ու աղմկոտ միջոցառումներ Ցեղասպանության հուշահամալիրում կանեն։ Նկատենք, որ բազմաթիվ երկրներ, մասնավորապես՝ Բալթյան երկրները, խորհրդային բռնաճնշումներն ու մարդկության դեմ կատարած զանգվածային հանցագործությունները որակում են ցեղասպանություն։