1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց բոլշևիկների կողմից Ձմեռային պալատի վրա գրոհը, որն այդ օրն անցավ բոլշևիկների ձեռքը։ Իշխանազավթման այս օրը տասնամյակներ շարունակ նշվում էր որպես Հոկտեմբերյան հեղափոխության օր, որն այսօր մոռացության է մատնված։ Ի՞նչ աղետ պատճառեց այս հեղափոխությունը, և ինչո՞ւ ՀՀ-ում ոչ ոք այն չի նշում։
Հեղափոխություն բառն այսօր ավելի շատ ասոցիացվում է 2018-ի այսպես կոչված՝ Թավշյա հեղափոխության հետ։ Հոկտեմբերյան և Թավշյա հեղափոխությունների ընդհանրություններից ուշագրավ են 3-ը՝ պետության կործանումը, հակամարդկային դեմքն ու աղետալի հետևանքները հայ ժողովրդի համար։
Հոկտեմբերյանի արդյունքում կործանվեց Ռուսական կայսրությունը։ Նրա տարածքի մեծ մասում ստեղծվեց Խորհրդային Ռուսաստանը, հետո կրկին ծավալվեց ու դարձավ ԽՍՀՄ։ 2018-ից հետո սպասելի էր, որ Հայաստանը փոքրանալու է։ Այդպես էլ եղավ։ 2020-2023-ին Արցախը զավթվեց ու հայաթափվեց, բռնազավթվեց ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Թե՛ տարածքի, թե՛ տարածաշրջանային նշանակության առումով նախկին Հայաստանը չկա։ Ենթադրելի է, որ թշնամիները չէին կարողանա սրան հասնել, եթե ՀՀ-ում չլիներ հեղափոխական իշխանություն։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1921-ին Ստալինի և նրա թուրք-քեմալական եղբայրների ջանքերով Արցախը նվիրվեց Ադրբեջանին։ Թավշյա հեղափոխությունից մի քանի տարի անց նույնպես Արցախը նվիրվեց Ադրբեջանին։ Այստեղ էլ մեծ ջանք գործադրեցին Կրեմլի առաջնորդն ու նրա հավատարիմ դաշնակից, դարի հեղափոխական Նիկոլ Փաշինյանը։ Հոկտեմբերյան և Թավշյա հեղափոխություններն աղետալի հետևանք ունեցան Արցախի համար։ Անցյալ դարում այն բռնակցվեց սովետական դարձած Ադրբեջանին, իսկ մոտ 100 տարի անց այն բռնազավթվեց ռուս-թուրք-ադրբեջանական ուժերի կողմից ու հայաթափվեց։
Հոկտեմբերյանից հետո հասարակությունը բաժանվեց կարմիրների և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, բոլշևիկների և ժողովրդի թշնամիների, բանվոր ու գյուղացիների և կուլակ ու կեղտոտ բուրժուաների, ատելություն սերմանվեց բաժանված հատվածների միջև։ Անխնա հալածանքի ենթարկվեցին հեղափոխական առաջնորդների քննադատները, այլ կերպ մտածողները։ Հոգևորականներն ու եկեղեցին հալածվում էին մարտնչող անաստվածների կողմից։ Հեղափոխությունն անմարդկային դեմքը ցույց տվեց կազմակերպված բռնաճնշումներով, որոնց զոհ գնացին միլիոնավոր մարդիկ, այդ թվում 100 հազարավոր հայեր՝ սպաներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ։ Դրանց մեծ մասը աքսորվեց, մի մասը գնդակահարվեց։
Թավշյա հեղափոխությունը մարդկանց բաժանեց սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի կողմնակիցների, Արարատ սարին նայողների և Արագած սարին նայողների, Նիկոլ Փաշինյանին դավաճան համարողների և Նիկոլ Փաշինյանի նկարը գլխավերևում պահողների և այլն։ Թավշյա հեղափոխությունն իր անմարդկային դեմքը ցույց տվեց նախկիններին հալածելով, գործարարներից մեծ գումարներ պահանջելով, քննադատողների նկատմամբ քրեական գործեր բացելով, բանտարկելով, ընդդիմախոսների ընտանիքի անդամներին անհիմն հալածելով, ցուցարարների հանդեպ անմարդկային բռնություն կիրառելով ու հետապնդելով։ Մարդուն, ասֆալտին փռելով, նվաստացնելը թավշյա հեղափոխականի սիրած, հաճելի գործն է։ Թավշյայի առաջնային թիրախում նույնպես հայ սպաներն էին, հատկապես՝ 44-օրյայի պատերազմից հետո։ Նրանց մի մասը պաշտոնանկ են արվել ու հեռացվել բանակից, մի մաս փախել են Հայաստանից, մի քանիսի դեմ քրեական գործեր են հարուցվել։ Անթաքույց ատելություն է ցուցաբերվում եկեղեցու հանդեպ։ ՔՊ-ականները մարտնչող անաստվածների նման ատում են հոգևորականներին, հատկապես՝ Բագրատ Սրբազանին, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանին։
Մինչև վերջին տարիները Երևանում մի քանի տարեցներ, նախկին կոմունիստներ իներցիայով տոնում էին Հոկտեմբերյան հեղափոխության օրը։ Կարմիր դրոշներով ու վզկապներով դուրս էին գալիս փողոց։ Սակայն վերջին տարիներին այդպիսի ցույցեր չեն լինում։ Ենթադրյալ պատճառները երկուսն են։ Առաջինը՝ Մոսկվան փող չի տալիս հայ ռուսամետներին, քանի որ մտադիր է հրաժարվել Հայաստանի վրա ունեցած իներցիոն ազդեցությունից։ Երկրորդը՝ ՀՀ-ում բոլորն, այդ թվում նախկին կոմունիստները, տեսնելով Թավշյա հեղափոխության այլանդակությունները, համոզվել են, որ հեղափոխությունը վատ, հակամարդկային, հակապետական, հակահասարակական երևույթ է, ու գիտակցաբար հրաժարվում են հիշատակել այս օրը։
Պրազ ասած՝ հույս կա, որ Նիկոլ Փաշինյանի և Թավշյա հեղափոխության աղետալի հետևանքները կարող են դաս լինել նաև հայ ժողովրդի համար, և հեղափոխությունը սկզբունքորեն մերժելի կդառնա որպես երկրի ներսում քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհ։
Թաթուլ Մկրտչյան