Օրերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն այդ երկրի նախագահ Գուրգեն Արսենյանին հանձնեց իր հավատարմագրերը։ Արսենյանը էր նշանակվել դեռևս օգոստոսին, սակայն Ռուսաստանի նախագահը օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերն ընդունում է ժամանակ առ ժամանակ, ու հենց այս իրողությամբ էր պայմանավորված, որ Արսենյանի հավատարմագրերի հանձնումը տեղի ունեցավ նրա նշանակումից միայն 3 ամիս անց։
Արարողության ժամանակ նորանշանակ դեսպանը քիչ էր մնում խոնարհվեր Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջ, չնայած այն բանին, որ նույն Գուրգեն Արսենյանը խրոխտ կեցվածք էր դրսևորում ու հակառուսական հայտարարություններով հանդես գալիս՝ խստորեն քննադատելով ռուսական կողմին իր ստանձնած դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Նախկին ՔՊ-ականի ժուժկալ կեցվածքը զարմացրել էր անգամ Ռուսաստանի նախագահին, ով չէր կարողանում իր զարմանքը զսպել։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արսենյանը հավակնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, վերջինս հրաժարվեց իր հակառուսական հռետորաբանությունից՝ փորձելով մոռացության մատնել ավելի վաղ իր իսկ արած հայտարարությունները։ Ավելին՝ երեկ հավատարմագրերի հանձնման արորղությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի բարեկամը։ «
Հայ և ադրբեջանցի ժողովուրդները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին կրկին հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- ասել էր նա։
Սակայն 21-րդ դարում՝ համացանցի առկայության պայմաններում, սեփական հայտարարությունները մոռացության մատնելն այնքան էլ հեշտ չէ․
Մասնավորապես 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած քննարկման ժամանակ Գուրգեն Արսենյանը դժգոհել էր, որ ՌԴ-ն այդքան էլ պատշաճ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, սակայն մեղմ էր արտահայտվել՝ նշելով, որ իրենց «նամյոկներն» անում են հանդիպումների ժամանակ․ «
Հիշենք, որ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք այլ երկրի հետ, որն իր պարտավորություններն է կատարում՝ այնքանով, որքանով, որից մենք մեր հնարավոր բողոքը, դժգոհությունները, նկատառումները՝ ռուսերեն ասած «նամյոկները» անում ենք հանդիպումների ժամանակ։ Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության գլխավոր կոմպոնենտներից մեկն էլ հայ-ռուսական պայմանագիրն է»։
1 ամիս անց՝ նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ Հայաստանի դեմ հարձակում էր գործել, ՔՊ-ական պատգամավորն արդեն խիստ հակառուսական կեցվածք էր դսևորում՝ Մոսկվային հիշեցնելով դաշնակցային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ «
Մենք հիմա տեսնում ենք, որ մեր դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է: Եվս կսպասենք մի քիչ ու կկարողանանք համապատասխան գնահատականները տալ, համապատասխան հետևություններն անել»,- հայտարարում էր նա։
2023 թվականի հունվարի 13-ին՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինչի միջանցքի շրջափակումից 1 ամիս անց, ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը պնդում էր, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, իրենց համար ակնհայտ է, իսկ արդեն 3 օր անց նշում․ «
Այսինքն՝ դա մի իրավիճակ է, երբ ռուսական պարադիգմայի կրողներն ասում են՝ Թուրքիան ձեզ սպառնալիք է, դրա համար մենք պետք է այդտեղ լինենք, ու հիմնավորում են իրենց այստեղ լինելը դրանով: Եթե իրենք այստեղ չլինեն, Հայաստանը որևէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում՝ նաև Թուրքիայի համար, որովհետև ո՞նց կարող է, ասենք, Հայաստանն իր պոտենցիալով վտանգ ներկայացնել Թուրքիային»։
Գուրգեն Արսենյանին զայրացնում էին նաև Հայաստանի իշխանությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները, ում նա անվանում էր «պայմանական Զախարովաներ»։ «
Հիմա հայ-ռուսական հարաբերություններում մենք միշտ դիտարկել ենք մոտեցնող օկուլյարը, Ռուսաստանի կողմից հիմա դիտարկվում է հեռացնող օկուլյարը: Մենք չենք Ռուսաստանի հետ որևէ կերպ հարաբերություն փչացրել, մենք չենք Ռուսաստանի հետ հարաբերություն խզել, մենք չենք որևէ պայմանագիր առոչինչ արել, որևէ բան չեղարկել: Պարզապես մենք սկսել ենք մեզ ներկայացվող անհիմն պահանջներին ասել՝ կներեք, էդ պահանջներն անհիմն են: Ընդամենը…»,- բորբոքված ելույթ էր ունենում իշխանական պատգամավորը։
Նախկին պատգամավորի հակառուսականությունը միայն այս հայտարարություններով չի սահմանափակվում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանի ֆինանսավորմամբ 2009 թվականին լույս է ընծայվել Լեոյի «Անցյալից» ծավալուն հուշագրությունը, որում առկա են բազմաթիվ հակառուսական շեշտադրումներ, սակայն վերջինս խնդրել է, որ իր անունը գաղտնի մնա։ Այս հուշագրությունում Լեոն մեղադրել է ռուսական կողմին՝ Հայոց ցեղասպանության տարիներին անգործություն ցուցաբերելու ու հայ ժողովրդին բախտի քմահաճույքին թողնելու համար։
Այսպիսով՝ հավանաբար դեսպան նշանակվելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մոտ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սեր է առաջացել, ինչի պատճառով էլ երբեմնի «հակառուս» պատգամավորն յուրօրինակ էվոլյուցիա է ապրել։ Չենք բացառում նաև, որ նախկին պատգամավորը որոշել է առիթն օգտագործեկ և Ռուսաստանի նախագահին իր դժգոհությունները հայտնել նրա առաջ խոնարհվելու ճանապարհով։