Բռնի տեղահանված բազմաթիվ արցախցիներ բողոքում են, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2025 թվականին իրենց տրամադրվող 50 հազար դրամ օգնությունն աստիճանաբար նվազեցնելու է՝ դարձնելով 30 հազար դրամ, որոշ խմբեր էլ ընդհանրապես դուրս են մնալու ծրագրից։
«Ես միայնակ մայր եմ, բռնի տեղահանվելուց հետո 3 երեխաներիս հետ ապրում եմ Աբովյան քաղաքում վարձակալած բնակարանում։ 140․000 դրամ վարձ եմ տալիս, գումարած կոմունալները։ Հիմա, որ մեզ տրամադրվող օգնությունն ուզում են կրճատեն, մենք ի՞նչ ենք անելու։ Մենք Արցախում տուն ենք ունեցել,ամեն ինչով ապահովված ենք եղել, աշխատել ենք,ապրել ենք։ Մեզ համար հաճելի չէ նման հարցեր բարձրացնել, բայց ստիպված ենք, այլ ելք չունենք։ Թող մեզ բնակարանով ապահովեն, ոչ մի օգնություն չտան, մենք կաշխատենք, մեր գլուխը կպահենք»,- ասաց տիկին Վարդիթերը։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արցախցիներին տրամադրվող 50․000-ական դրամ օգնությունը կրճատելու և 30․000-ական դրամ տրամադրելու որոշումը կայացվել է հենց արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։
Oragir.News-ը, պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվության ծառայություն, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ արցախցիների հետ հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում են նման որոշման հանգել։ Արդյո՞ք արցախցիներն ասել են՝ մեզ տրամադրվող օգնությունը կրճատեք։
«Մենք ի սկզբանե ԼՂ հայրենակիցներին տեղեկացրել էինք, որ 40+10-ը շարունակելու ենք տրամադրել մինչև 2024 թվականի տարեվերջ։ Հայրենակիցներին տեղեկացրել ենք ծրագրի ավարտի մասին, որ 2025 թվականից մեկնարկելու ենք նոր ծրագիր՝ հատուկ և առանձին խմբերի համար։ Նրանց հետ ունեցել են տարբեր հանդիպումներ և այդ հանդիպումների շրջանակում հայրենակիցներից ստացել են առաջարկներ, որպեսզի ձմռան ամիսներին ևս բոլորը կարողանան օգտվել աջակցության ծրագրից, ոչ թե հատուկ և առանձին խմբերը, ինչպես որ նախապես նշել էինք։
Կայացած հանդիպումներն արդյունք են տվել, որը արտացոլվել է ծրագրում»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակը,ապա հավելեց, որ սա նախագիծ է, ներկայացված է հանրային քննարկման, ու դեռևս Կառավարության կողմից հավանության չի արժանացել։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։
Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50․000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։
Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10․000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։
2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`
• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
• 63 և ավելի տարեկան են,
• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև 18 տարեկան երեխա են։
Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40.000 դրամ,
• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30.000 դրամ: