Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 ամիս առաջ - 18:15 07-11-2024

Արցախի հռչակված անկախությունը վաղվա փրկօղակն է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Արցախի լիակատար բռնազավթմանն ու հայաթափմանը Արցախի հարցն առ այսօր փակված չէ։ Այս օրակարգով Հայաստանում ձևավորվել է «կոնսենսուս-1» ու միայն իշխանությունն է, որ նախընտրում է չխոսել այս մասին, սակայն նա նույնպես չի հայտարարում, որ հարցը փակված է ու փաստացի իր համար միջանցք է թողնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի «առաջամարտիկը» դառնա։

Միևնույն ժամանակ մոտեցումները տարբեր են, թե հաջորդ իշխանությունը ինչպես է պետք է իրավիճակը շտկի ու վերադարձնի Արցախը։ Թեպետ Արցախը ավելի քան 3 տասնամյակ փաստացի անկախ էր, իսկ ՀՀ-ն միայն նրա անվտանգության երաշխավորն էր, այնուամենայնիվ կարծիքներ կան, որ ԽՍՀՄ-ի փլուզման շրջանում ԼՂԻՄ-ը պետք է շարժվեր ոչ թե անկախության, այլ Հայաստանին վերամիավորվելու ճանապարհով, ինչը թույլ կտար խուսափել վերջին տարիների աղետալի զարգացումներից։

Ավելին՝ այս տեսակետի կողմնակիցները վստահ են, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ համատեղ պատմական որոշմամբ Արցախն արդեն վերամիավորվել է Հայաստանին, ուստի 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրը հակասում է վերամիավորման ակտին, քանի որ այդ դեպքում ստացվում է, որ Արցախն անկախություն է հռչակել ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։ Պնդելով, որ Արցախը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անբաժան, բայց օկուպացված մասն է՝ հիշյալ տեսակետի կողմնակիցները ասում են՝ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու պահանջով պետք է դիմի միջազգային դատարան, և ըստ նրանց հաջողության հասնելու շանսերը չափազանց բարձր են։

Հակառակ տեսակետի կողմնակիցները նշում են, որ Արցախի հարցով ապագա բանակցությունների ելակետը պետք է լինի Արցախի անկախ պետականությունը, որն ավելի քան 3 տասնամյակ գոյություն է ունեցել, սակայն այժմ բռնազավթվել է՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով։ Վերջիններս համոզմամբ՝ Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով, որի շրջանակներում Արցախի բոլոր պետական գերատեսչություններն ու պատկան մարմինները պետք է պահպանվեն՝ մինչև Արցախ վերադառնալու ու իրենց բնականոն գործունեությունը շարունակելու հնարավորություն կընձեռնվի։

Նախորդ երեք տասնամյակներին հանրությանն առանձնապես չէր հետաքրքրում՝ Արցախը դե յուրե անկա՞խ կլիներ, թե՞ Հայաստանի կազմում, քանի որ Արցախը՝ գրեթե 12 հազար կմ2 տարածքով փաստացի անկախ էր, փաստացի գտնվում էր Հայաստանի կազմում, ուստի կարգավիճակի հարցը երկրորային նշանակություն ուներ։ Այս իրողության մասին էր վկայում նաև այն հանգամանքը, որ մինչև 2020 թվականը արական սեռի ՀՀ քաղաքացիները պարտադիր ժամկետային ծառայություն էին անցնում նաև Արցախի զորամասերում, ինչի դեմ երբեք հանրային ընդվզում չէր լինում։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները գիտակցում էին, որ Արցախը մեր երկրի տարածքի մի մասն է, իսկ դե յուրե կարգավիճակը բացարձակ էական չէ։

Ներկայումս չափազանց բարդ է ասել, թե 1990-ական թվականներին Արցախի հարցում որ ճանապարհով շարժվելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել վերջին տարիների աղետալի զարգացումներից, սակայն միանշանակ է, որ ներկայիս իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը որպես ելակետ պետք է ընդունի բացառապես Արցախի անկախության իրողությունը։ Սա ոչ միայն հնարավորություն կտա Արցախի անկումն անշրջելի չդարձնել, այլև չեզոքացնել բոլոր այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Փաշինյանի ընդունված որոշումների հետևանքով։

Հայաստանի հաջորդ իշխանությունները, Արցախի անկախությունը ելակետ ընդունելով, կապալեգիտիմացնեն Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա կայացված որոշումները, քանի որ դա վերջիններս թույլ կտա հիմնավորել, որ ՀՀ ներկայիս վարչապետը Արցախի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն չուներ, ինչի մասին անգամ ինքն է խոստովանել՝ 2018-2020 թվականներին։ Հաջորդ իշխանությունները այս ճանապարհով շարժվելու դեպքում մանևրելու մեծ հնարավորություն կունենան և կկարողանան առ ոչինչ ճանաչել Փաշինյանի որոշումները, մասնավորապես 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչից ընդամենը 2 ամիս անց մեկնարկեց Արցախի լիակատար շրջափակումը։

Բացի այդ, այս դեպքում Ադրբեջանը միջազգային ատյաններում այլևս Հայաստանին օկուպանտ ճանաչելու ու «իր տարածքներն օկուպացնելու համար» ռազմատուգանք պահանջելու հնարավորություն չի ունենա։ Բաքվին նման հնարավորություն տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի մի շարք դրույթներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է Ադրբեջանին «վերադարձնել» Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ Նկատենք՝ եթե ՀՀ-ն ընդունել է, որ հիշյալ շրջաններն ինքն է «վերադարձնում», ապա փաստացի նաև ընդունել է, որ ժամանակին ինքն է դրանք օկուպացրել։ Անգամ ՄԱԿ ԱԽ 1993 թվականի հայտնի 4 բանաձևերում, որոնց սեփական ձախողումները արդարացնելու նպատակով Փաշինյանն ու իր թիմակիցները հաճախ են հղում կատարում, ՀՀ-ի անունը չեն հիշատակում՝ նշելով, որ Արցախի հարակից 6 շրջաններից պետք է դուրս բերվեն ոչ թե Հայաստանի, այլ տեղի (Լեռնային Ղարաբաղի) հայկական զինված ուժերը։ Սա Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների ու դիվանագիտության մեծ ձեռքբերումն էր, որը պետք է ընդունել՝ անկախ նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքից։

Եթե Հայաստանը շարժվի հակառակ ճանապարհով ու Արցախը ճանաչի իր տարածքի անբաժանելի մաս, ապա մեր երկրի հաջորդ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի որոշումները անշրջելի կդառնան և հայկական Արցախի էջը մեկընդմիշտ կփակվի, քանի որ բանակցությունների ժամանակ հաջորդ իշխանությունների առաջ կդրվեն բոլոր փաստաթղթերը, որոնցով Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի հանդեպ իրավունքներից։

Բացի այդ, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ակտիվորեն քննարկում են Հայաստանից 50-100 մլրդ դոլար ռազմատուգանք պահանջելու հնարավորությունը և նմանաբովանդակ բոլոր հրապարկումներում կարմիր թելի նման անցնում է այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդքան գումար վճարել, ուստի պետք է դա իր տարածքներով վճարի։ Այս համատեքստում ադրբեջանական կողմը հավակնություններ է դրսևորում առնվազն Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ողջ տարածքի նկատմամբ։ Եթե Հայաստանը բանակցային գործընթացում ելակետ ընդունի Արցախի անկախության փաստը, ապա դրանով կվիժեցնի նաև Ադրբեջանի այս ակնկալիքները, քանի որ թշնամի պետությունն այլևս չի կարողանա հիմանավորել, որ իր տարածքներն «օկուպացվել էին»։

Այսպիսով՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Արցախի անկախությունը լինելու է մեր վաղվա փրկօղակը, և եթե Հայաստանում ազգային իշխանություն ձևավորվի, վերջինս այս իրողությունը խաղարկելով պետք է առավել հայանպաստ լուծումների հասնի՝ պնդելով, որ Հայաստանը եղել է բացառապես Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այդ առաքելությունից։

Թեպետ ներկայիս և 2021 թվականի իրավիճակները համեմատության եզրեր չունեն, սակայն այն ժամանակ, երբ Արցախը դեռ լիովին չէր հայաթափվել ու բռնազավթվել, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը։ 2026-ի խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն՝ կարծում ենք, որ առաջիկայում նման խոստումների պակաս չի լինելու, ուստի քաղաքական ուժերը պետք է հիշյալ իրողությունները հաշվի առնեն, որպեսզի իշխանության գալու դեպքում իրենց խոստումներն իրագործեն ու հանրությանը հերթական անգամ հիասթափություն չպատճառեն։

Կարճ ասած՝ անգամ ներկայիս իրավիճակում հայկական Արցախի էջը փակված չէ ու ցանկության դեպքում հնարավոր է իրավիճակը շտկել, սակայն դրա նախապայմանը գործող իշխանությունների հեռացումն է։

Դավիթ Գույումջյան