Լույսի փողը չենք վճարելու․ Բյուրականի, Օրգովի և Աղձքի բնակիչները բունտ են անում
copy image url

Լույսի փողը չենք վճարելու․ Բյուրականի, Օրգովի և Աղձքի բնակիչները բունտ են անում

Ներքին 5 ամիս առաջ - 20:06 06-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Oragir.News-ը բողոքներ է ստացել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի շարք գյուղերից (Բյուրական, Օրգով, Աղձք)։

Վերոնշյալ գյուղերի բնակիչների խոսքերով` հոսանքը տարբեր ժամերի անջատում են։ Լինում է, որ առավոտից մինչ երեկո լույս չեն ունենում, լինում է նաև, որ երեկոյան են անջատում, և այդ գիշեր լույսի մասին ընդհանրապես կարող են մոռանալ։

«Այսպես շարունակվել չի կարող, մենք բունտ ենք անելու, չենք վճարելու լույսի փողը։ 4-5 ժամ տևում է, որ լույսերը անջատում են, նախօրոք պլանային անջատումների մասին չեն զգուշացնում, միանգամից լույսերը անջատվում եմ, և վերջ։

Դա լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես ջեռուցման հետ կապված։ Ցուրտ է, լույս չկա, ո՛չ կարողանում ենք բաքսիով ջեռուցել, ո՛չ էլ ընդհանրապես այլ միջոցներից օգտվել, որ տաքանանք։ Վերջին 1 շաբաթում սա ավելի հաճախակի բնույթ է սկսել կրել, հատկապես Ձորափ (Աղձք), Բյուրական, Օրգով գյուղերում է լինում, ու ինչպես նշեցի, չեն զգուշացնում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աղձք գյուղի բնակիչներից մեկը։

Oragir.News-ը կապվեց նաև Աշտարակ համայնքի աշխատակազմի ղեկավարի՝ Սամվել Սահակյանի հետ.

«Մեր բնակիչները ինչ անեն, մենք նրանց կողքը կանգնած ենք, կոնկրետ չգիտեմ` ինչի հետ է կապված բողոքը, բայց մենք ժողովրդի կողքին ենք։ Մի քանի հատվածներից տեղյակ ենք, որի հետ կապված մենք, ՀԷՑ-ի հետ ենք որոշակի աշխատանքներ տարել։ Խնդիրը ենթակառուցվածքների հետ էր կապված։ Այն գյուղերը, որոնց համար մենք դիմել ենք, ՀԷՑ-ից բացատրել են, որ հիմնական պատճառը լարերի և լարվածության մեծացման հետ է կապված, նաև սեզոնային աշխատանքների և իրենք խոստացել են ուղղել։ Օրինակ՝ գյուղեր ենք ունեցել` Նոր Ամանոս, Եդեսիա․ այդ հատվածներում ենք խնդիր ունեցել, որոնք համատեղ ուժերով փորձել ենք լուծել ու լուծել ենք ։ Հարցը մենք նաև վարչական ղեկավարների հետ կքննարկենք, կհասկանանք՝ ինչն է խնդիրը, և կփորձենք լուծում տալ»,-ասաց Սամվել Սահակյանը։

Նա նաև նշեց, որ ցավոք, տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոցանցի վրա լծակներ չունեն, բայց որպես բնակիչների ներկայացուցիչ` այդ հարցը իրենց էլ է շատ հուզում, և իրենք հնարավորությունների սահմաններում օգտակար կլինեն իրենց բնակիչներին։

Հիշեցնենք, որ Oragir.news հոկտեմբերի 17-ին ևս ահազանգ էր ստացել Արագածոտնի մարզից։ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր 5 ժամից ավելի հոսանքազրկված են։

Ամենից շատ դիտված