Հայաստանն ավանդաբար համարվել է ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղություններից մեկը և յուրաքանչյուր տարի մեր երկիր այցելող ռուսների թիվը միայն աճել է։ Այս միտումը նկատելի էր հատկապես 2022-2023 թվականներին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանում ժամանակավորապես մեծ թվով ռուսներ հաստատվեցին ու գոհ մնալով հայկական հյուրընկալությունից հետագայում կրկին այցելեցին այստեղ։ Վերջիններս նաև իրենց ընկերներին ու հարազատներին էին խորհուրդ տալիս այցելել Հայաստան, ինչը նույնպես մեծացնում էր զբոսաշրջային հոսքերը։
Օրերս հայտնի դարձավ, թե առաջիկա ամանորյա տոներին ռուսներն առավելապես որ երկրներում են նախընտրում իրենց հանգիստը անցկացնել։ Հրապարակված տվյալները պարզապես շոկային էին, քանի որ ամենանախընտրելի 10 ուղղությունների շարքում Հայաստանը բացակայում էր, մինչդեռ Ադրբեջանը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։ Ներկայումս ռուսների համար ամենանախընտրելի ուղղությունը Թայլանդն է, այնուհետև Վիետնամը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան։
Ռուսաստանում տուիզմի ոլորտը սերտորեն փոխկապակցված է քաղաքականության հետ և հասկանալի է, որ Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրվածության բացակայությունը նախևառաջ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակից։ Հատկանշական է, որ 4 տարի առաջ նույն ժամանակահատվածում՝ 2021 թվականին, Հայաստանը ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի 2-րդ ուղղությունն էր, զիջում էր միայն Թուրքիային, իսկ ՀՀ-ին հաջորդում էին Մոլդովան, Հունգարիան և Բելառուսը։ Ընդ որում, սա Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր, երբ մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով շարքային ռուսաստանցիները կարող էին լուրջ մտահոգություններ ունենալ։
ՌԴ-ում տուրիզմի և քաղաքականության փոխկապակցվածությունը փաստենք նաև Թուրքիայի օրինակով։ Ընթերցողին ցանկանում ենք հիշեցնել, որ 2015-ի նոյեմբերին, երբ Սիրիայի տարածքում Թուրքիայի օդային ուժերը խոցեցին ռուսական Սու 24 օդանավը և սպանեցին օդաչուին, Ռուսաստանի իշխանությունները զբոսաշրջային ընկերություններին արգելեցին դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը, ռուս զբոսաշրջիկների հետաքրքրվածությունն էլ այս երկրի նկատմամբ կտրուկ նվազեց։ Արդեն 2016-2017 թվականների ռուս-թուրքական հերթական մերձեցմանը զուգահեռ ռուսական զբոսաշրջիկները կրկին սկսեցին մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ։
Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը վերջին շրջանում իսկապես նվազել է։ Այս մասին փաստում են ինչպես տուրիստական ընկերությունները, այնպես էլ իշխանավորները։ Օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ընդունեց, որ ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան 2024 թվականի 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 7 տոկոսով, սակայն դա պայմանավորեց նախևառաջ ռուսական հեռուստաալիքների գործունեությամբ, որոնք հայտնում էին, որ Սրբազան շարժման օրերին Երևանի փողոցներում 200 հազար մարդ կար։ Նախարարը սակայն չբացատրեց, թե ինչու 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան չէր դադարում, երբ այն ժամանակ նույնպես զանգվածային բողոքի ակցիաներ էին ընթանում, ինչպես նաև առկա էին անվտանգային լուրջ մտահոգություններ։
Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վարած անհեռատես քաղաքականության հետևանքն է, որոնք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող են հակառուսական հռետորաբանությամբ հանդես գալ, որից զատ որևէ ՌԴ շահերին հակասող որևէ նախաձեռնություն չիրականացնել, սակայն այդ ամենի «պտուղները» սպիպված են լինում «վայելել» ոչ թե իրենք, այլ ուրիշները։ Ռուս զբոսաշրջիկների թվի շեշտակի նվազումից տուժել են նախևառաջ տուրիստական ընկերությունները, հյուրանոց-հյուրատները, վարձով տների սեփականատերերը, հանրային սննդի ոլորտն ու հարակից ծառայություններ մատուցողները ու հայտնվել չափազանց ծանր իրավիճակում, սակայն կառավարությունն առ այսօր շոշափելի ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ պատճառված վնասներն ինչ-որ չափով մեղմելու համար։
Վստահ ենք, որ հայ-ռուսական՝ իրականում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հարաբերություններում հերթական ջերմացումից հետո ռուս զբոսաշրջիկներ կրկին կխանդավառվեն հայկական հյուրընկալությամբ ու մեր երկիրը կրկին նրանց ամենանախընտրելի ուղղությունների շարքում կհայտնվի, իսկ զբոսաշրջության ոլորտն նախքան դա կկարողանա դիմակայել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026-ի խորհրդարանական ընտրությունները մոտենում են՝ կարծում ենք, որ Փաշինյան-Պուտին հերթական մերձեցման օրն էլ սարերի հետևում չէ։
Դավիթ Գույումջյան