Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրությունն 2025 թվականին նույնպես ուժի մեջ չի մտնի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով՝ 2025 թվականի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։
Oragir.News-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը ընդգծեց, որ առողջության համապարփակ ապահովագրության անվան տակ ընդհանուր առմամբ նկատի առնվում Հայաստանի Հանրապետությունում պարտադիր առողջապահական կոմպոնենտի ներդրում, ինչը շատ կարևոր և լուրջ ռեֆորմ է ու հնարավոր չէ այն վերցնել և անմիջապես ներդնել։ Նրա խոսքով՝ այստեղ առկա են մի քանի պատճառներ․
«Կցանկանայի հիշեցնել, որ մենք ունենք հայեցակարգային փաստաթուղթ՝ կառավարության որոշման տեսքով, որտեղ հստակ ներկայացված է, որ 2024 թվականից պետական պատվերով իրականացվող բժշկական ծառայությունների փաթեթն արդեն իսկ պետք է լիներ ապահովագրական ձևաչափով, ապա դրանից հետո՝ 2024 թվականին սոցփաթեթի շահառուները, որոնց համար ամեն տարի բյուջեից մոտավորապես 4 մլրդ դրամ է հատկացվում՝ 120-130 հազար շահառուների համար, ինչից հետո աստիճանաբար պետք է ներգրավվեին բնակչության բոլոր խմբերը և արդյունքում՝ 2027-2028 թվականին արդեն պետք է ունենայինք բնակչության համապարփակ ընդգրկվածություն և բոլորն առնվազն պետք է առողջության ապահովագրման համակարգից օգտվելու հնարավորություն ունենային։
Ես մի քանի անգամ ասել եմ՝ սա այն հավադեպ դեպքն է, երբ կառավարությունը որոշել է որոշումը հետաձգել, և դա ողջունելի է, չկատարելը ողջունելի է։ Նախքան որոշում կայացնելը պետք է հաշվարկներ կատարվեին, դրանք կայի՞ն, թե՞ չկային՝ թողնում եմ մարդկանց վերլուծությանը, սակայն հետաձգումը ողջունում եմ, քանի որ այս պահին դրա կիրառումը տապալվելու էր՝առաջին հերթին ենթակառուցվածքները դեռևս պատրաստ չեն, շահառուների ողջ խմբի թվայնացումը դեռևս կիսատ-պռատ է, չկա սինխրոնիզացված աշխատանք հասարակության տարբեր խմբերի միջև, ֆինանսական մեխանիզմները լիարժեք չեն և այլն»։
Ծաղիկ Վարդանյանը շեշտում է, որ շրջանառվող օրենքի նախագիծը բավականին խրթին էր ու խճճված։ Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ էր ավելի հստակ ու պարզ մոտեցում, որովհետև բավականին խճճված իրավիճակ էր ստեղծվելու, ինչը կարելի էր կանխել՝ ճիշտ չափանիշներ սահմանելով։
«Երորորդ և մնացածից առավել կարևոր պատճառը բյուջեում բավարար ֆինանսական միջոցների առկայության հարցն է․ արդյոք այսօր մենք կարողանալո՞ւ ենք 2 անգամ ավելի շատ գումար հատկացնել, քան 2024 թվականի բյուջեով էինք նախատեսել առողջապահական ծախսերի և մասնավորապես ապահովագրության մասին։ Բացի այդ, պետք է ստեղծվի մի հիմնադրամ, որը տարօրինակ կերպով պետք է մնացած ապահովագրական կազմակերպությունների նկատմամբ առավելություններ ունենա, տնօրինի հատկացվող գումարները, կարգավորի ծառայությունները ամբողջ Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա։
Վարդանյանն անդրադարձավ նաև գնագոյացման խնդրին՝ նշելով, որ այն սահմանափակ աշխատանքային խմբերի շրջանում է քննարկվել, չի դրվել ընդհանուր քննարկման։ «Որոշակիորեն հայտնի է, թե ինչ ծառայություններ են տրամադրվելու, իսկ թե դրանք ինչ արժեքներ են ունենալու, ինչպիսի հարաբերություններ են լինելու, այս բոլորը շատ թերի են։ Մենք գալիս ենք այնպիսի եզրահանգման, որ այս անգամ հետաձգելու որոշումը ողջունելի է, քանի որ եթե այս անպատրաստ վիճակում սկսեին կիրառել ու առողջապահական ողջ համակարգը փոփոխությունների ենթարկեին, ապա առողջապահության ողջ համակարգը կոլապսի էր ենթարկվելու, բոլոր այն օղակները, որոնք տարիների ընթացքում շտկվել էին ու գործում էին, մենք խաթարելու էինք այն։ Սրա համար պետք է շատ զգույշորեն մոտենալ սրան, նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ չի կարելի որևէ այլ երկրի օրինակը վերցնել ու քոփի-փեսթ անել այստեղ։ Օրինակ Ղազախստանում 2 անգամ փորձել են կիրառել սա, սակայն հետագայում դադարեցրել են, քանի որ այն իրենց առողջապահական համակարգի վրա այդքան էլ լավ չի ազդել, հետագայում միայն սկսել են որոշակի ծառայություններ իրականացնել ապահովագրական համակարգի միջոցով»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը կարևորում է այս համակարգի ներդրման հատկապես սոցիալական բաղադրիչը՝ նշելով, որ դրա դեպքում մարդը հիվանդանոցային բուժօգնության ու թանկարժեք վիրահատության կարիք ունենալու դեպքում այլևս չի ընկնի դռնեդուռ և գումար փնտրի․ «Օրինակ սրտի անոթների ստենդավորումը, որի արժեքը գիտեք՝ կարող է մի քանի միլիոնի հասնել։ Այսինքն սա սոցիալական խնդիր է, բայց կարգավորման մեխանիզմն իր էությամբ պետական պատվերի ծառայությունների ուղիղ փոխհատուցումը վերածում է ապահովագրական մեխանիզմի։ Սա լուրջ, ողջունելի փոփոխություն է, պարզապես դա պետք է լավ արվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հենց ֆինանսական բլոկի պատասխանատուներն են այս խնդիրներն առաջ քաշել, որովհետև անգամ ամենապարզունակ հաշվարկներով պարզ է, որ այս ծրագիրն այսօր իրագործելի չէ ու պետք չէ ընկնել պոպուլիստական մտքերի դաշտ, պետք է ամեն ինչին ավելի ռեալիստորեն նայել ու ազնիվ լինել բնակչության հետ։ Ես սրան նույնիսկ բարեփոխում չէի ասի, սա ռեֆորմ է, իսկական ֆինանսական ռեֆորմ՝ առողջապահական համակարգում, որը տարիներ շարունակ տարբեր պատճառներով չի իրականացվել»։
Oragir.News-ի հարցին՝ գործող կառավարությանը կհաջողվի՞ այս նախագիծը կյանքի կոչել, թե՞ մյուս նախագծերի օրինակով այն նույնպես դատապարտված է տապալման՝ Ծաղիկ Վարդանյանը պատասխանեց, որ ցանկանում է լավատես լինել ու չթիրախավորել կոնկրետ ինչ-որ մեկին։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ եթե այս նախագծի մոտեցումները լինեն այնպես, ինչպես էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման որոշման մեջ էին և ավելի համապարփակ աշխատանք չկատարվի՝ բոլորի կարծիքը լսեն, փոքր պիլոտային ծրարգրերով սկսեն և այլն, ապա այն կտապալվի, իսկ եթե հիշյալ ճանապարհով շարժվեն, ապա գուցե ստացվի։
«Առնվազն 4-5 տարի է հարկավոր, որպեսզի մեր նման երկրում, որտեղ նաև ֆինանսական խնդիրներ կան, այս համակարգն աստիճանաբար ներդրվի։ Եթե այս պահին որդեգրված մոտեցումներում փոփոխություններ չկատարվեն, ապա ծրագրի իրագործումն իրատեսական չէ։ Եթե փոխվեն՝ միգուցե լինի, առաջին քայլը ոնց որ թե եղավ, ֆինանսներների նախարարն էլ փաստացի ընդունեց, որ այս ձևով չի կարելի կյանքի կոչել, քանի որ նման դեպքում եղածն էլ ոչնչացնելու ենք ու հայտնվենք կատաստրոֆիկ իրավիճակում»,- ասաց նա՝ հիշեցնելով՝ Վրաստանում նույնպես փորձեց այս համակարգը ներդնել, ինչի հետևանքով շատ վատ վիճակով հայտնվեց։
Ծաղիկ Վարդանյանը հավելեց՝ չի կարելի այլ երկրների փորձը վերցնել և տեղայնացնել Հայաստանում, քանի որ մեր երկիրն իր յուրահատկությունները ունի։ «Հետևաբար՝ պետք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում բուժակ մանկաբարձական կետից մինչև 3-րդ մակարդակի հիվանդանոցային ծառայություն, ամբողջ օղակով բոլոր խնդիրներն ամրագրվի ու եթե մենք լավացնելու ենք համակարգը, հասկանանք՝ ինչն ենք փոխելու, որ աստիճանում, նոր դրանից հետո սկսենք։ Միևնույնն է այդքանից հետո դա նույնպես լինելու է բավականին բարդ»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան