Ուղիղ եթեր
ՀՀ-ում ապրող երեխաներին՝ արհամարհա՞նք
copy image url

ՀՀ-ում ապրող երեխաներին՝ արհամարհա՞նք

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 24-10-2024
Հաջողություն մաղթելով Մանկական եվրատեսիլի ՀՀ մասնակցին, նկատենք, որ նա ընտանիքով ԱՄՆ է արտագաղթել, ՀՀ-ում չի ապրում, չի կիսում մեր ձեռքբերումները, պարտություններն ու դժվարությունները, ենթադրաբար՝ չի էլ ծառայելու ՀՀ բանակում, նրա ծնողները հարկեր չեն վճարում ՀՀ բյուջե։ Ի՞նչ վտագնավոր ուղերձ է պարունակում այս ընտրությունը։

Առաջին հայացքից՝ խրախուսվում է արտագաղթը։ ՀՀ-ն պատանի ամերիկացու միջոցով ներկայացնելը ակնարկ է ուղղված հայ երեխաներին։ Ովքեր ուզենան կրկնել նույն հաջողությունը, ծնողներին պիտի խնդրեն արտագաղթել, ապահով ու բարեկեցիկ երկրում ապրել, որ իրենք ևս Մանկական եվրատեսիլին մասնակցելու շանս ունենան։

Նկատենք, որ սա ոչ միայն ժողովրդագրական մարտահրավեր է, այլև ուղիղ հակասում է Նիկոլ Փաշինյանի խոսույթին։ Վերջինս պատանիների ու երիտասարդների հետ զուցելիս, վերլուծում է «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը, ակնարկելով, որ դեմ է արտագաղթին։ Սակայն պատանի Լեոյի մասնակցությունը Մանկական եվրատեսիլինին ապացուցում է հակառակը՝ ՔՊ-ական իշխանությունը չի ուզում, որ ՀՀ-ն դառնա երկիր, որտեղ կա հաց։ Հաջողություն կամ հաց ունենալու համար երեխան Հայաստանից պիտի արտագաղթի, հետո մեկ-մեկ վերադառնա որպես զբոսաշրջիկ կամ համերգային շրջագայություններով անցնի Երևանով։

ՀՀ-ում ապրող պատանի հայ երգիչները, երաժիշտները, ենթադրաբար, ընկճվել են, որ իրենց չեն նկատել։ Սա այս երևույթի ամենացավոտ կողմն է։ Տպավորություն է, թե Հայաստանում շնորհալի պատանի երգիչ չկա, համատարած անտաղանդ երեխաներ են սովորում հայկական երաժշտական կրթօջախներում, նրանց մեջ չկա մեկը, որը կկարողանա լավ ներկայացնել պետություն-հայրենիքը։ Ավելին՝ այստեղ նորմալ դպրոց, ուսուցիչ չկա, ուր մնաց, թե պատանի տաղանդավոր երգիչ։ Արդյո՞ք այդ պատճառով են մշակույթի քաղաքականություն որոշողները արտերկրից ներգրավել Հայաստանի ներկայացուցչին։

Եթե այս մոտեցումը փորձենք տարածել քաղաքական համակարգի վրա, ապա կուսակցությունները պետք է կազմավորվեն դրսում, քաղաքացիներն արտերկրում պիտի փնտրեն վարչապետի թեկնածու՝ Կազանում, Ասունսիոնում, Բուրջ Համուդում։ Սարսափելի է պատկերացնելը, թե ինչ կլինի պետության հետ այդ պարագայում։ Նույն ռիսկերը կան նաև միջազգային մրցույթներում արտերկրից մասնակցիների ներգրավման պարագայում։

Նիկոլ Փաշինյանը հաճախ է անդրադառնում հարկ վճարողին, առաջարկում, որ հարսանիքների ժամանակ խմեն հարկ վճարողի կենացը։ Այս համեմատության պարագայում նույնպես հակասության ենք բախվում։ Մարդիկ լսում են Փաշինյանին՝ չեն արտագաղթում, հարկ են վճարում, ծառայում բանակում, բայց երբ բանը հասնում է միջազգային միջոցառումներին մասնակցելուն, ՀՀ-ում ապրող, աշխատող, հարկ վճարողի երեխան արհամարհվում է։ Նախապատվությունը տրվում է արտերկրում ապրողին։ Սա խզում է առաջացնում ու տպավորություն ստեղծում, թե արտագաղթած հայերը, օտար ազգային իդեալներ իրականացնողները, օտար գանձարաններ հարկ վճարողները ավելի մեծ արժանիք ունեն, ավելի լավ կարող են ներկայացնել Հայաստանը։

Հոգևոր անվտանգության առումով ևս խնդրահարույց է այս ընտրությունը։ Ռուբեն Հախվերդյանի շնորհիվ գիտենք, որ երգը նաև աղոթք է։ Հայ մարդու աղոթքներում այսօրվա Հայաստանի, ժողովրդի, այդ թվում երեխաների խնդիրներն են, երազանքները։ Խիստ կասկածելի է, որ դրանք կարող է մարմնավորել արտերկրում ապրող մեր հայրենակիցը, որովհետև պետություն-հայրենիքի երկնքում ուրիշ սեր է, օտար, ավելի խաղաղ երկնքում լրիվ ուրիշ։ Ուստի Հայաստանի ներկայացուցչի երգը ՀՀ-ի հետ կապ չունեցող պատկեր է ստեղծելու։ Եվրոպացին փորձելու է ու չի կարողանալու հասկանալ, թե ի՞նչ է ասում իրեն հայ պատանին, ինքն ի՞նչ ընդհանրություն, հակասություն ունի Հայաստանում ապրող պատանու հետ, ո՞ր հարցում կարող է ներդաշնակության հասնել ՀՀ-ում ապրող իր հասակակցի հետ։ Պատճառն ակնհայտ է՝ ՀՀ-ն ներկայացնող շնորհալի պատանին ՀՀ-ում չի ապրում, նրա երգն էլ Հայաստանի, հայ երեխայի երազանքների, մտածողության հետ շատ հեռավոր ընդհանրություն ունի, մոտավորապես այնքան, ինչքան Երևանից Լոս։

Այս ընտրության միակ ենթադրյալ արդարացումն այն հույսն է, որ ԱՄՆ-ն ՀՀ մասնակցին կարող է բարձր միավոր տալ։ Արդյո՞ք դա կարող է կոմպենսացնել այն ռիսկերը, որոնք առաջանում են արտագաղթած ընտանիքի երեխային մանկական եվրատեսիլում ներգրավելու արդյունքում։ Իսկ եթե ԱՄՆ-ն բարձր միավոր չտա՞։ Կամ արդյո՞ք միայն միավորի համար է ՀՀ-ն մասնակցում ներկայացուցչական մշակութային միջոցառմանը։

Կարճ ասած՝ մշակութային քաղաքականություն որոշողները անտեսում են ՀՀ-ում ապրող, սովորող, ստեղծագործող հայ երեխաներին, Հայաստանը աշխարհին ներկայացնում են օտար երկրում ապրողի միջոցով, քարոզում արտագաղթ, արհամարհում հարկ վճարողին, վաղվա զինվորին, հավելյալ ապացուցելով, որ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի և հայ ժողովրդի վաղվա հետ ընդհանուր ոչինչ չունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում