Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին մահացել է Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդվյալ թշնամին էր։ Գյուլենը, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում էր 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձը կազմակերպելու մեջ, երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում և Վաշինգտոնը մինչև օրս մերժում էր նրան անտահանձնելու պահանջը։
83-ամյա Գյուլենը մահացել է հիվանդանոցում, այս լուրը հաստատել է նրա զարմիկը։ Գյուլենի մահը մեծ հրճվանք է առաջացրել Թուրքիայում, ու այդ երկրի հատկապես իշխանամետ լրատվամիջոցները այդ հրճվանքը թաքցնելու փորձեր առանձնապես չեն էլ անում. օրինակ՝ պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հայտնել է, որ մահացել է դավաճան և հակակրոնական ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով իր ողջ դավադրություններ է իրականացրել Թուրքիայի Հանրապետության դեմ»:
Հատկանշական է, որ այսօր մահացած Ֆեթուլլահ Գյուլենը, ով վերջին տարիներին դարձել է Էրդողանի երդվյալ թշնամին, մի ժամանակ նրա գաղափարակիցն էր ու հավատարիմ զինակիցը։ Էրդողանի իշխանության առաջին տասնամյակում 2 գործիչները բավականին ջերմ հարաբերություններ էին պահպանում, ավելին՝ Գյուլենն աջակցում էր Էրդողանի կառավարության կողմից երկրում իրականացվող բարեփոխումներին ու խոշոր ծրագրերին՝ զուգահեռաբար մեծացնելով իր ազդեցությունը, ինչը անխուսափելիորեն տանելու էր բախման։
Գաղտնիք չէ, որ արդեն 2010-ական թվականներից Էրդողանը ձգտում էր երկրում միահեծան և անսահմանափակ իշխանություն հաստատել, որի ճանապարհին իրեն օդ ու ջրի պես էր արտաքին թշնամու կերպար ունենալ։ Սրան զուգահեռ Թուրքիայի հասարակության մի զգալի շերտի մոտ այդ տարիներին աճում էին հակաամերիկյան տրամադրությունները, իսկ ամերիկաբնակ Գյուլենը այդ թշնամու լավագույն օրինակը կարող էր լինել։ Էրդողան-Գյուլեն հարաբերությունները սկսեցին սրվել արդեն 2012-2013 թվականներին, իսկ լարվածության բուն պատճառը դարձավ այն հանգամանքը, որ քրդական համայնքների դեմ ընթացող դատական գործընթացի ժամանակ գործը վարող մի շարք դատախազներ, ովքեր կապեր ունեին Գյուլենի հետ, պարզեցին, որ ներկայումս Թուրքիայի արտաքին գործերի նախարար, իսկ այն ժամանակ երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը կառավարության անունից գաղտի բանակցություններ է վարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Գյուլենական շարժման համար այս բացահայտումը հավասարազոր էր պետական դավաճանության, քանի որ շարժումը երկար ժամանակ համագործակցում էր ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների հետ։ Երբ դատախազությունը Ֆիդանին կալանավորելու հրաման արձակեց, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և նույն օրը խորհրդարանը, որտեղ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ուներ, օրենք ընդունեց, որով Ազգային հետախուզական ծառայությանը զրկեց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորութնից, իսկ գործի վարույթով զբաղվող դատախազները հեռացվեցին։
Էրդողանի և Գյուլենի միջև լարվածությունը խորացավ հատկապես 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, երբ Գյուլենը հանդես էր գալիս երկխոսության և բռնությունը մերժող կոչերով, մինչդեռ Էրդողանը ամեն կերպ իր հայտարարություններով սրում էր իրավիճակը։
Հակամարտությունը լարվեց արդեն 2013թվականի դեկտեմբերի 17-ին։ Թուրքիայի արդարադատության համակարգում ամենախոշոր սկանդալներից մեկը համարվում է «Դեկտեմբերի 17-ի հարցաքննությունը» կամ «2013-ի կոռուպցիոն սկանդալը»։ Այդ օրը Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավելի մարդ, որին հետևել են այս գործի քննությամբ զբաղվող ուժային կառույցների ներկայացուցիչների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարվում է թուրքական կառավարության իրականացրած պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։ Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ոստիկանների կողմից ձերբակալվել էին Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և Քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկ»-ի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլք։ Նրանք մեղադրվում էին Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն անելու, ֆինանսական այլ բնույթի գործողություններ կատարելու համար։
Գործի շրջանակներում հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել էին Թուրքիայի նախագահի և վարչապետի հեռախոսները։ Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել էր որպես խափանման միջոց ընտրել կալանքը, մյուս մասն ազատ էր արձակվել։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ թուրք պաշտոնյաների այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, որոնք ներթափանցել են Թուրքիայի ուժային կառույցներ։ Էրդողան-Գյուլեն հակասություններն էլ ավելի սրվեցին վերջին շրջանում, երբ Թուրքիայում փակվեցին որոշ լրատվամիջոցներ, որոնք համարվում էին Գյուլենական շարժման խոսափողները։
Հաջորդող տարիներին այս լարվածությունը ավելի խորացավ և իր գագաթնակետին հասավ 2016 թվականի հուլիսի 15-ին, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, սակայն Էրդողանին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։ Էրդղանը հեղաշրջման փորձի համար մեղադրեց Գյուլենին՝ ԱՄՆ-ից պահանջելով արտահանձնել վերջինիս, սակայն Վաշինգթոնը այդպես էլ չկատարեց այս պահանջը՝ չնայած այն բանին, որ այս ընթացքում ԱՄՆ-ում մի քանի վարչակազմ փոխվեց, իսկ Անկարան մշտապես այս հարցը պահում էր բանակցությունների օրակարգում։ Այս հանգամանքը ակտիվորեն շահարկվում է Էրդողանի և վերջինիս մերձ քաղաքական գործիչների շրջանում, ովքեր բացահայտ, կամ տողատակերով բնակչության փորձում էին համոզել, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած 2016-ի հեղաշրջման փորձի հետևում, ինչի համար էլ հրաժարվում է արտահանձնել Գյուլենին։
Նկատենք նաև, որ Թուրքիայում հակագյուլենական, մեծ հաշվով հակաամերիկյան տրամադրությունները խրախուսվում էին նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, քանի որ երկրում կար ընկալում, որ 2016-ին հենց Մոսկվան ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է կանխել Էրդողանի իշխանության տապալումը։
Մասնավորապես Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում ակտիվորեն քննարկվում էր այն վարկածը, որ այդ օրը Էրդողանը սպասվող հեղաշրջման փորձի մասին իմացել է դրանից րոպեներ առաջ, երբ նրան զանգահարել է ՌԴ նախագահը։ Այս վարկածը չափազանց իրատեսական է, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանի նկատմամբ Էրդողանի հռետորաբանությունը անհամեմատ մեղմվեց, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք 2015 թվականի նոյեմբերից հետո չափազանց լարված էին, աստիճանաբար սկսեցին կարգավորվել։
Ինքը Գյուլենը լրտավամիջոցներին տված հարցազրույցում հայտարարում էր, որ Էրդողանը դեռ տարիներ առաջ էր ծրագրել հեղաշրջման փորձը, պարզապես հարմար պահի էր սպասում: Նրա խոսքով՝ մի շարք փաստեր ապացուցում են իր պնդումը: Նա կարծում էր, որ Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է՝ իր համար անցանկալի մարդկանց պաշտոնանկ անելու և կալանավորելու համար` այդպիսով ուժեղացնելով սեփական իշխանությունը: Անդրադառնալով իր երբեմի գաղափարակից Էրդողանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներին` Գյուլենն ասել է. «Էրդողանը հույս ուներ, որ իրեն հռչակելու էինք բոլոր մուսուլմանների առաջնորդ և աշխարհով մեկ աշխատելու էինք այդ ուղղությամբ: Տեսնելով, որ դա չի իրականանում, մեր դեմ դուրս եկավ»:
Գյուլենը հերքում էր իրեն հասցեագրվող մեղադրանքները և խոստանում Թուրքիա վերադառնալ այն դեպքում, եթե միջազգային հանձնաժողովի հետաքննության արդյունքում կապացուցվի իր մեղքը: «Հեղաշրջման փորձը նախաձեռնելու վերաբերյալ մեղադրանքները պետք է ապացուցվեն: Եթե Միացյալ Նահանգները որոշի ինձ արտահանձնել, ապա ես կվերադառնամ Թուրքիա», - ասել է նա։
Մյուս կողմից էլ Թուրքիայում վերջին տարիների նկատվում էր մի միտու, երբ երկրի բոլոր անհաջողությունների ու ձախողումների համար մեղադվում էր Գյուլենը ու նրա հիմնադրված գյուլենական շարժումը։ Այս միտումը խրախուսվում էր հատկապես երկրի իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից, որոնք արտաքին թշնամու դեմ պայքարի համատեքստում փորձում են միավորել երկրի բնակչությանը, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը շեղել մի շարք կարևոր խնդիրներից։
Այլ կերպ ասած Գյուլենը դարձել էր «Թուրքիայի Սորոսը», ով մեղավոր էր այդ երկրի բոլոր անհաջողություններիի համար՝ անկախ այն բանից, որևէ մասնակցություն ունի դրանում, թե՞ ոչ։
Այժմ՝ Գյուլենի մահվանից հետո, Էրդողանին հաստատապես նոր թշնամի է հարկավոր լինելու, ում վրա վերջինս կբարդի երկրի բոլոր անհաջողությունների մեղավորությունը։