Արցախի ղեկավարների մեղադրանքները խստացնելով՝ Ադրբեջանը հասկացնում է, որ նրանց ազատ չի արձակելու
copy image url

Արցախի ղեկավարների մեղադրանքները խստացնելով՝ Ադրբեջանը հասկացնում է, որ նրանց ազատ չի արձակելու

Խոսք Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 21:30 18-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, ով արդեն 1 տարի է, ինչ ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում ։

Օրեր առաջ նաև հայտնի էր դարձել, որ երկարաձգվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և մյուսների կալանքի ժամկետները, խստացվել նրանց առաջադրված մեղադրանքները։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առաջադրված մեղադրանքները խստացնում է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ, երբ ակնկալվում էր, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումների միջոցով հնարավոր կլինի հասնել վերջիններիս ազատ արձակմանը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ․

-Տիկի՛ն Սահակյան, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգելով և նրանց առաջադրված շինծու մեղադրանքները խստացնելով՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, հատկապես նոյեմբերին այդ երկրում կայանալիք COP29 գագաթաժողովին ընդառաջ։

-Այո՛, քանի որ կան ակնկալիքներ և միջազգային ճնշում, հակաճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը ոչ միայն չի ցուցաբերում ազատ արձակման պատրաստակամությունը, այլ նաև մեղդրանքները խստացնելու ճանապարհով ի ցույց է դնում, որ այդ սպասումները պարզապես չեն բավարարվելու։

Մյուս կողմից ներքին լսարանի համար ձևավորված սպասում կար, որ գործերն արդեն պետք է լինեին դատարանում, սակայն հասկանալի է, որ շինծու մեղադրանքներով ապացույցները բացակայում են, ավելին՝ COP29-ի համատեքստում նման ոչ լեգիտիմ դատավարությունները վարկանիշյային անկում են ապահովելու Ադրբեջանի համար, փորձում են արհեստական հիմքերով ցուցադրել, որ պրոցեսը կայուն հիմնավոր է, բայց արդյունքների կարելի է սպասել ավելի ուշ փուլում։ Դրա համար էլ թեպետ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ նախաքննությունն ավարտված է, բայց այժմ պարզ է դառնում, որ նախաքննությունը շարունակվում է, այդ թվում նոր մեղադրանքների շրջանակներում։

Բացի այդ, խափանման միջոցների ժամկետներն են երկարաձգվում և եթե օրինակ նախկինում երկարաձգվում էին 4 ամսով և կար որոշակիություն, հիմա արդեն նրանք խուսափում են կալանքի ժամկետներ մատնանշելուց, ինչը մարդու իրավունքների առկա ստանդարտների կոպտագույն խախտում է։ Անգամ 4 ամիսը չափազանց երկար է համարվում, մինչդեռ նույն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հովածը պահանջում է, որ կալանքը ողջամիտ ժամկետում պետք է ենթարկվի դատական վերանայման, իսկ ողջամիտ ժամկետը չի ենթադրում 5,6,7-8 ամիսները կամ չորոշակիացված ժամկետը։ Այս առումով էլ մենք կրկին առանց այդ էլ ոչ իրավաչափ գործելակերպում կրկին հետընթաց ենք արձանագրում, որը մեծ հաշվով դարձյալ ունի քաղաքական դրդապատճառներ։

-Այսինքն՝ Ադրբեջանն այս ճանապարհով փորձո՞ւմ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները երկարաձգել և դրանք իրականացնել միայն Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո։

-Այո՛, նրանք օբյեկտիվորեն չէին հասցնի, որովհետև մեծ նախապատրաստական աշխատանքներ կան՝ այդ միջոցառման շրջանակներում և անգամ եթե հասցնեին կեղծել ապացույցները, միևնույնն է՝ այս միջոցառմանը զուգահեռ ոչ լեգիտիմ դատավարություններ անցկացնելը Ադրբեջանի վրա բացասաբար էր անդրադառնալու և կարող էր խաթարել միջոցառման ցանկալի արդյունքը կամ զարգացումը։

-Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու նպատակով բավարար քայլեր ձեռնարկվո՞ւմ են։ Կարծիքներ են հնչում, որ վերջիններս ոչինչ չեն անում և Արցախի ղեկավարներին թողել են բախտի քմահաճույքին, որքանո՞վ եք կիսում այս տեսակետը։

-Կարծում եմ՝ այդ տեսակետներում ծայրահեղական մոտեցումներ կան։ Ոչինչ չձեռնարկելու մոտեցումը չեմ կիսում, կարծում եմ, որ ընդհանուր բնույթի քայլեր իրականացվում են, բայց այնքանով, որքանով իրականացվել են մարդու իրավունքների այլ խախտումների պարագայում։ Մենք չենք դիտարկում թիրախավորված, հասցեականացված գործողություններ, որոնք կարող էին ուղղված լինել նախկին ղեկավարության ազատ արձակմանը, մինչդեռ նրանց խնդիրները նույնական չեն մյուս ռազմագերիների խնդիրների հետ։

Այս հասցեականության չապահովումը խնդիրը բարդացնում է, և եթե ռազմագերիների տեսանկյունից մենք ավելի ապահով ենք, քանի որ նրանք Ադրբեջանի համար նույն քաղաքական հետաքրքրությունը չեն ներկայացնում, ապա նման ապահովություն չունենք նախկին ղեկավարության մասով։ Ճիշտ հակառակ կանխավարկածը ունենք, որի պայմաններում պետք է պրոակտիվ և ագրեսիվ ռազմավարություն վարվեր, ինչը բացակայում է։ Սակայն արձանագրենք, որ միջպետական գանգատի շրջանակներում ի թիվ բազմաթիվ այլ հարցերի ներկայացված են նաև նախկին ղեկավարներին ազատությունից զրկելու և այլ իրավունքներին առնչվող խնդիրները։

Երկրորդը, այո՛,բանակցությունների շրջանակներում քննարկման առարկա է դառնում պատանդների վերադարձի խնդիրը, բայց կրկին դրանք ընկալվում են որպես բանակցություններին ածանցված դրական արդյունքներ։ Այս խնդիրը չի դառնում ինքնուրույն առարկա, և Հայաստանն առանձնակի ջանասիրությամբ չի ապահովում մարդասիրական պարտավորությունների կատարումը՝ անկախ քաղաքական պրոցեսներից։

Մեր գնահատմամբ՝ սա ձգձգում է վերադարձի խնդիրը։ Բոլոր դեպքերում իրավական գործընթացներ կան, դրանք վերջնականում ձևավորելու են մոտեցումներ, որ նշված անձանց իրավունքները խախտվել են, ու ես հույս ունեմ, որ անգամ այդ պայմաններում դատական ակտերի կամ ՄԱԿ-ի այլ մարմիների գնահատականի հիման վրա կգործադրվի այն անհրաժեշտ քաղաքական ճնշումը, որի շնորհիվ նշված անձինք ազատ կարձակվեն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»