Սահմանազատման գործընթացն անշրջելի կդառնա ընդդիմության շնորհիվ
copy image url

Սահմանազատման գործընթացն անշրջելի կդառնա ընդդիմության շնորհիվ

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 16-10-2024
Տավուշի մարզի պիլոտային սահմանազատումից հետո գործընթացը չի շարունակվում, հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում սահմանազատում և սահմանագծում չի իրականացվում։ Հայտնի է միայն, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

Հանրային մտավախություն կա, թե ՔՊ-ական իշխանությունը սահմանազատման անվան տակ այսուհետ ևս կատարելու է միայն Ադրբեջանի պահանջները և ՀՀ-ից զավթված հատվածների ազատագրման հարցում հետևողական չի լինելու։ Այսինքն՝ ՀՀ-ն միայն տարածքներ է հանձնելու և սահմանազատման գործընթացը հայանպաստ արդյունք չի տալու։

Սահմանազատման կանոնակարգի վավերացման ընթացքն արդեն ցույց է տվել, որ այս գործընթացը, ինչպես Տավուշի պիլոտային սահմանազատումը նույնպես նախագծվում և ուղղորդվում է ռուս-ադրբեջանական չբարեկամների կողմից։ Մասնավորապես՝ ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումից և անկախության հռչակագրի մեկնաբանությունից հետո պարզ դարձավ, որ գործընթացն ավելի շատ միտված է Բաքվի պահանջների բավարարմանը։ Եվ եթե ԱԺ-ն վավերացնի սահմանազատման կանոնակարգն, ապա կարող ենք ասել, որ պատգամավորները ևս կիսում են ՍԴ-ի մեկնաբանություն ու գնահատականը Անկախության հռչակագրի վերաբերյալ։

Կասկածից վեր է, որ ՔՊ-ական պատգամավորներն, առանց բացառության՝ պաշտպանելու են կանոնակարգն ու մեկ մարդու նման կողմ քվեարկելու։ Կանխատեսելի է նաև, որ ընդդիմադիր պատգամավորները, թեև քննադատելու են սահմանազատման ընթացքն ու ՍԴ որոշումը, սակայն արմատական քայլերի չեն դիմելու, պատճառաբանելով, թե քիչ մանդատներ ունեն և չեն կարող ազդել մեծամասնության քաղաքական որոշման վրա։

Փորձենք խնդիրը դիտել ժամանակի մեջ։ Այսինքն՝ ենթադրյալ իշխանափոխությունից հետո հնարավո՞ր է չեղարկել սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշումն ու ԱԺ վավերացումը, այսինքն՝ հետ շրջել գործընթացը։

Տեսկանորեն՝ գործընթացը հնարավոր է շրջել, եթե ՀՀ հաջորդ իշխանությունը ՍԴ որոշումն ու ԱԺ վավերացումը որակի ոչ լեգիտիմ, անօրինական։

ՍԴ որոշման ապօրինության հիմքերը շատ են, և այդ մասին շատ քննադատություններ են հնչել այս օրերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Դրան կարելի է գումարել նաև ՍԴ նոր անդամների ընտրության օրինականության վերաբերյալ կասկածները։ Այս հիմքերով հնարավոր է վերանայել ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը, այն որակել ոչ լեգիտիմ, անօրինական ու չեղարկել։ Այսինքն՝ ՍԴ որոշումը շրջելի է։

ԱԺ վավերացումը ևս տեսականորեն հնարավոր է հետ շրջել, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները։ Դրա արդյունքում կարող է ստեղծվել խորհրդարանական ճգնաժամ, քանի որ, ըստ սահմանադրության՝ խորհրդարանում պետք է լինի ընդդիմադիր ուժ, որը պիտի զբաղեցնի համապատասխան պաշտոններ ու կիսի քաղաքական պատասխանատվությունը։ Մանդատները վայր դնելու պարագայում վավերացված միջազգային փաստաթուղթը հետագայում հնարավոր է վիճարկել ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), հիմնավորելով, որ ԱԺ վավերացումը լեգիտիմ չէ, քանի որ այդ ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր են դրել մանդատները։ Եթե ԱԺ վավերացումը լեգիտիմ չէ, ապա կանոնակարգի օրինականությունը ևս վիճարկելի է։ Արդյունքում՝ ՀՀ նոր իշխանությունը կարող է կրկին հարցը բերել ԱԺ ու չվավերացնել, հետ ուղարկել մշակման, ու հետո նոր ծրագրով ու կանոնակարգով սահմանազատման նոր գործընթաց սկսել և չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բազմաթիվ քննադատների կարծիքով՝ կան ՔՊ-ի վարած գործընթացում։

Սահմանազատման այս գործընթացը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ կանոնակարգը որևէ կոնկրետ ժամկետ ու պարտավորություն չի սահմանում, հնարավորություն տալով Բաքվին անվերջ ձգձգել գործընթացը, պահպանելով ստատուս քվոն ու ագրեսիայի իրական սպառնալիքը։ Այս ընթացքը նաև ՔՊ-ի համար է նվեր, քանի որ կարող են երկար խաղալ երկու լարի վրա՝ ոչ ռուսական ազդեցությունից ազատվելու ուղղությամբ մեծ քայլեր անել, ո՛չ ճանապարհները բացել, ո՛չ էլ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ առաջընթաց ունենալ, պատճառաբանելով, թե սահմանազատման գործընթացը ձգձգվում է, ռիսկեր կան։

Իսկ մանդատները վայր դնելու դեպքում նոր հնարավորություն կարող է բացվել։ Եթե մի օր իշխանության գան անկախական ուժերը, ապա ռուսական ազդեցությունը ՀՀ-ում արագ կարող է չեզոքացվել։ Նոր իշխանությունը կարող է վերանայել ՔՊ-ական սահմանազատման վերաբերյալ ՍԴ-ի ու ԱԺ-ի վավերացումներն ու նոր սկզբունքներով սահմանազատում իրականանցնել, առանց դիպչելու անկախության հռչակագրին ու կասկածի տակ դնելու ազգային նպատակները։ Դրանից հետո կարճ ժամանակում հնարավոր է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, լիարժեք վերահսկողություն սահմանել ՀՀ ներսում, միջազգային աջակցությամբ կառուցել ու գործարկել Հարավ-հյուսիս միջազգային մեծ ճանապարհը և այլն։

Իսկ եթե մանդատները վայր չդնեն, ապա ԱԺ կողմից վավերացված սահմանազատման կանոնակարգը ոչ թե սահմանազատման, այլ ստատուս քվոյի պահպանման հիմք կդառնա։ Ռուս-ադրբեջանական չբարեկամները կփորձեն երկար մնալ ՀՀ-ում, սպառնալ ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու միջազգային անվտանգությանը։

Կարճ ասած՝ սահմանազատման գործընթացը կարող է անշրջելի դառնալ, եթե ընդդիմադիրները վայր չդնեն մանդատները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված