ԱԽՔ-ը «տղայական» կեցվածք է դրսևորում․ բրինձը չի կարող փոխարինել ցորենին
copy image url

ԱԽՔ-ը «տղայական» կեցվածք է դրսևորում․ բրինձը չի կարող փոխարինել ցորենին

Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 15:00 14-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը չի բացառում, որ մեր երկիրը կարող է ցորենից անցում կատարել բրնձի, որպեսզի ուրիշներին թույլ չտա իրեն թիրախավորել։ Նման հայտարարությամբ ԱԽՔ-ը փաստացի արձագանքել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններին, ով հիշեցրել էր, որ Հայաստանն իր ցորենի 90 տոկոսը գնում է ՌԴ-ից։

«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»,- ասել է Գրիգորյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ թեպետ ինքը պարենային անվտանգության մասնագետ չէ, սակայն պարզ տրամաբանությամբ նայելիս յուրաքանչյուր մարդ էլ հասկանում է, որ բրինձն իր տեղը ունի, ցորենը՝ իր, և մեկը մյուսին չի կարող փոխարինել։

«Կարծում եմ՝ դա քաղաքական նեղացվածությունից դրդված ոչ համարժեք պատասխան է, քան իրականություն։ Սա իմ խորին համոզմամբ, և երկրորդը, եթե մենք այդ տրամաբանությունը շարունակենք, վաղն էլ ենթադրենք գազի խնդիր լինի կամ այլ էներգետիկ ռեսուրսների, կարելի է ասել՝ ավտոմեքենան փոխարինենք ձիակառքով։ Ընդհանուր առմամբ հանրային կյանքում գազն իր դերակատարումն ունի, էլեկտրաէներգիան՝ իր, բայց միշտ էլ փոխարինողներ կարող ենք գտնել՝ 90-ական թվականները ձեզ օրինակ։

Այսինքն՝ եթե ես ամփոփելու լինեմ, նման արտահայտությունները, նեղացվածությունը արտաքին հարաբերություններում՝ հատկապես Հայաստանի նման արտաքին մարտահրավերներ ու սպառնալիքներ ունեցող երկրի համար, մեղմ ասած անթույլատրելի է, եթե այլ գնահատականներ չտանք։ Երկրորդ էլ՝ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է փոխադարձ դիվանագիտական ու այլ հնարավոր ճանապարհներով գտնեն իրենց լուծումները, այլ ոչ թե ավելի խորացվեն։ Սա ավելի շատ խնդիրները խորացնելու ու ավելի շատ տղայական կեցվածք ցուցաբերելու օրինակ է, ինչը, նորից եմ կրկնում՝ անթույլատրելի է և բացառապես չի բխում մեր երկրի անվտանգային ու ազգային շահերից»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին, թե սա միևնույն ժամանակ սեփական ժողովրդի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի դրսևորո՞ւմ չէ՝ Թադևոս Ավետիսյանը դրական պատասախանեց և շարունակեց․

«Ինչպես արդեն ասացի, եթե մենք խոսում ենք բարդ և ցավոք սրտի խորացող խնդիրների մասին, մի կողմ թողնելով նաև, թե ինչու եկանք և այս օրին հասանք, էլ ավելի վտանգավոր է, որ այդ խնդիրներին, որոնք նուրբ են, խորքային են, անվտանգությանն են վերաբերում, հանրային կյանքի բոլոր ոլորտներին, դրանց արդյունավետ լուծումները բխում են մեր ազգային անվտանգության շահերից, նման մանևրերը և բառիս բուն իմաստով տղայական մոտեցումները կամ նեղացված կենցվածքը պետական մտածողության դրսևորումներ ու չեմ կարծում, թե դրանք մեր պետական շահերից են բխում»։

Թադևոս Ավետիսյանը շեշտում է, որ Ռուսաստանը գործոնը հնարավոր չէ բացառել, սակայն պարենային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչը նաև դիվերսիֆիկացումն է, ինչն արդեն իսկ պետք է արվաշ լիներ։ Ըստ նրա՝ սրանք բանակցային և լուծման կարոտ խնդիրներ են, որոնց շուրջ տեղին չէ մատ թափ տալ ու ժողովրդի լեզվով ասած՝ «լոպազանալ»։

«Լուծումներ պետք է գտնվեն, բնական է՝ այդ լուծումները պահանջում են պրոֆեսիոնալ և դիվանագիտական բազմակողմանի աշխատանք։ Այստեղ լուծումներ է պետք գտնել, որովհետև նորից եմ ասում՝ խնդիրը բավականին սուր է դրված՝ օբյեկտիվ և սուբեյկտիվ գործոննեով պայմանավորված, դրանք էլ ավելի սրելու կարիք չկա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան