Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:39 12-10-2024

ՔՊ-ում առաջարկել են ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին տուգանել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախօրեի նիստում, մեր տեղեկություններով, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ունիկալ առաջարկով է հանդես եկել։ Մինչ դրան հասնելը նշենք, որ կուսակցական հավաքի առաջին մասում ՔՊ-ականները, վարչապետի գլխավորությամբ, շարունակել են նախորդ նիստում կիսատ մնացած հարցերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հաշվետվությունն են քննարկել, ապա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՔՊ-ականներին հաշվետվություն է ներկայացրել։ Չնայած իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերին, որ Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, քանի որ նրա ղեկավարած ոլորտում խոշոր չարաշահումների մասին են վարչապետին զեկուցել, երեկվա քննարկումը, ըստ մեր աղբյուրի, անցել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Սիմիդյանին հարցեր տալու համար 30 ՔՊ-ական է գրանցվել, այդ թվում՝ նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության, խորհրդարանի ներկայացուցիչներ, սակայն գրեթե բոլորի հարցերում նկատելի մեղմություն, «պադդերժկա» է նկատվել Սիմիդյանի նկատմամբ։ Հատուկ շնորհակալություններ են հնչել, ասենք, Սեւանա լճի եւ արգելոցների բարվոք վիճակի հետ կապված, իրենց համագործակցությունը բարձր է գնահատել նաեւ Ավինյանը: Նիկոլ Փաշինյանն էլ երբեմն կողքից «բուքսիր» է գնացել նախարարին ու հարցերին պատասխանելու ժամանակ հուշարարի դեր ստանձնել։

Իսկ ի՞նչ է առաջարկել ամենակրեատիվ ՔՊ-ականը` Հովիկ Աղազարյանը. երբ ֆինանսների նախարարը հասկացրել է, որ բյուջեում փող չկա, պետք է հարկային ռազմավարությունը փոխել, հարկեր-տուրքերի մասով նոր մոտեցումներ որդեգրել, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը՝ ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել է ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին տուգանել, եթե պետք է, նաեւ՝ դատել։

Հայտնի է, որ 2018 թվականից այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում է ՀԴՄ կտրոն պահանջելու անհրաժեշտության մասին, ՀԴՄ-ի նկատմամբ սեւեռումն այն աստիճանի է հասել, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն «ազգային հերոս» հռչակեց հարկ վճարողներին։ Աղազարյանն էլ, թերեւս, փորձելով հարցին մյուս ծայրից մոտենալ, որ եթե հարկ վճարողները հերոս են, ապա այդ փաստի վրա աչք փակողներին էլ պետք է հանցագործ համարել, առաջարկել է տուգանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ՀԴՄ կտրոն չեն վերցնի։ Թե ինչպես է այդ գործընթացը վերահսկվելու, Աղազարյանը չի մանրամասնել․ հավանաբար, մի քանի հարյուր պարեկի էլ հերթապահության կդնեն առեւտրի եւ սպասարկման կենտրոնների մոտ, որպեսզի հենց քաղաքացին դուրս գա այդտեղից, արագ պահանջեն ցույց տալ՝ արդյոք ՀԴՄ կտրոն վերցրե՞լ է, թե՞ ոչ, եթե չի վերցրել, ապա տեղում արձանագրություն կազմեն եւ տուգանեն «տուգանքի մատերիալ չհանդիսացող» ՀՀ քաղաքացիներին։

Մեր աղբյուրի պատմելով՝ այս առաջարկը ՔՊ-ականների հավանությանը չի արժանացել: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Աղազարյանին փորձել է համոզել, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ՀԴՄ կտրոն վերցնող քաղաքացիներին դրամական պարգեւ տան։ Օրինակ, կարող են ամսական կտրվածքով քաղաքացիներից պահանջել, որ ցույց տան, թե որքան գումարի ՀԴՄ կտրոն են հավաքել, եւ ընդհանուր գումարի որոշակի տոկոսի չափով պարգեւատրեն բարեխիղճ եւ պետության մասին հոգ տանող քաղաքացիներին։

Սակայն Աղազարյանն անդրդվելի է մնացել՝ մոտավորապես հասկացնելով, որ հայերը գործում են, երբ հարվածում են նրանց գրպանին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան