Արևմուտքում քննարկվում է Ուկրաինայի մասնատման հնարավորությունը. ինչ դասեր պետք է քաղի ՀՀ-ն
copy image url

Արևմուտքում քննարկվում է Ուկրաինայի մասնատման հնարավորությունը. ինչ դասեր պետք է քաղի ՀՀ-ն

Արտաքին Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:00 07-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արևմտյան դիվանագետների և ուկրաինացի պաշտոնյաների զգալի մասը համակարծիք է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է «տարածքներ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց» սկզբունքով։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Արևմուտքում քննարկվում է ուկրաինական հակամարտության կարգավորման այն սցենարը, որով Ռուսաստանը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե կպահպանի վերահսկողությունը Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված տարածքի իր կողմից վերահսկվող հատվածի նկատմամբ, իսկ Ուկրաինան՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նշվում է, որ արևմուտքում առկա է լռելյայն համաձայնություն, որ Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները հետագայում պետք է վերադարձվեն Ուկրաինային, սակայն՝ դիվանագիտական ճանապարհով։

Արևմտյան դիվանագետներից մեկը իր անունը չհրապարակելու պայմանով «Financial Times»-ին ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց տարածքային զիջումները հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը կարող են լինել։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը պետք է իրականացվի այսպես կոչված «արևմտյան գերմանական» մոդելով, այսինքն՝ անվտանգության երաշխիքները չեն տարածվելու Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող տարածքների վրա։

Նախկինում այս սցենարի մասին բարձրաձայնել էր նաև ՆԱՏՕ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Վերջինս «Financial Times»-ի հետ զրույցում հիշեցրել էր խորհրդա-ֆիննական պատերազմի օրինակը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ֆինները զիջել են իրենց տարածքի միայն 10%-ը, սակայն դրա դիմաց ստացել են հուսալի սահման։

Կիևը չի ողջունել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիշյալ սցենարը՝ այն միևնույն ժամանակ որակելով որպես անհեթեթություն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրը հայտնել է, որ Արևմուտքում ոչ ոք Կիևին չի առաջարկել անվտանգության նման երաշխիքներ, որոնք կկանխեն հակամարտության ընդլայնումն ու կրկնությունը և որոնց մասին գրում է «Financial Times»-ը։ Կիևից պնդել են, որ հավաքական արևմուտքը վախենում է անգամ թույլ տալ Ուկրաինային հեռահար զենքով հարվածել ռուսական տարածքին, ընդգծել նաև, որ ուկրաինական կողմն իր ինքնիշխանության և տարածքների հաշվին առևտուր չի անում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս 2022-ի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ պատերազմի հետևանքով ՌԴ-ի վերահսկողության տակ անցած 4 շրջանները միացվեցին վերջինս, արագացված հիմունքներով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Զելենսկին բազմիցս նշել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն Կիևը ցանկանում է հստակ ազդանշան ստանալ, որ դաշինքին անդամակցությունը տեղի կունենա զինված հակամարտության ավարտից հետո։

Այսպիսով՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակվում է ավելի քան երկուսուկես տարի, իսկ արևմտյան դաշնակիցների տրամադրած աջակցության ֆոնին Կիևը հաջողությամբ դիմադրում և մեծ կորուստներ է պատճառում ռուսական կողմին, այնուամենայնիվ արևմուտքում գիտակցում են, որ Ուկրաինան պատերազմում հաղթելու և իր նախապատերազմական տարածքները վերադարձնելու հնարավորություն չունի, և այժմ ռազմական գործողությունները դադարեցնելու համատեքստում փաստացի քննարկում են Ուկրաինայի տարածքի հնարավորությունը։ Ուկրաինայի մասնատումն ու նրա տարածքի միայն մի մասի անդակացումը ՆԱՏՕ-ին մեծ հաշվով ի չիք կդարձեն այն բոլոր զրկանքները որոնք նախորդ տարիներին կրել ու շարունակում է կրել ուկրաինացի ժողովուրդը՝ հանուն եվրոպական ապագայի, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու։

Ուկրաինական հակամարտության շուրջ ծավալվող զարգացումների լուրջ դասեր պետք է քաղի նաև Հայաստանը՝ սեփական տարածքը չդարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ, ժողովրդին էլ՝ այդ շահերի սպասարկման միջոց։ Նկատենք, որ Հայաստանն ու Ուկրաինան տարածքի մեծությամբ ու բնակչության քանակով համեմատելի չեն և եթե Ուկրաինայի մասնատման դեպքում [միջազգայինորեն ճանաչված տարածքը՝ 603.628 կմ2] այդ երկրի տարածքի մի մասում հնարավոր է կենսունակ ու անվտանգ ուկրաինական պետություն ստեղծել, ապա Հայաստանի դեպքում [միջազգայինորեն ճանաչված տարածքը՝ 29.743 կմ2] նման սցենարը կհանգեցնի պետականության անդառնալի կորստին, ինչի վտանգի առկայության մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է հայ հանրությանը։

Ասվածն ամենևին հոռտեսական ենթադրություն չէ, քանի որ Հայաստանի գրեթե բոլոր հարևաններն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ քողարկված կամ բացահայտ հավակնություններ ունեն, իսկ հարմար իրավիճակի և աշխարհաքաղաքական իրողությունների առկայության պայմաններում վերջիններս կփորձեն հեշտությամբ իրագործել սեփական ծրագրերը՝ Հայաստանը բաժանելով մի քանի մասի։

ՀՀ տարածքի նկատմամբ հավակնություններ չունի միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը պարբերաբար հայտարարում է, որ հայ-իրանական սահմանի անխախտելիությունն իր համար կարմիր գիծ է, սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե Հայաստանը հայտնվի այնպիսի մի իրավիճակում, երբ չի կարողանա վերահսկել սեփական տարածքը և Սյունիքից Իրանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներ կառաջանան, ապա իրանական կողմը սպիտված կլինի իր զորքերը մտցնել Սյունիք և չեզոքացնել իր դեմ ուղղված սպառնալիքները, այդ թվում մարզի ողջ տարածքը սեփական վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով։

Այս իրողությունները հերթական անգամ փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռացվի իշխանությունից, քանզի նա ոչ միայն չի կարողանում դիմագրավել սեփական կառավարման հետևանքով ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին, այլև իր վարած չհաշվարկված քաղաքականությամբ նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է ստեղծում մեր երկրի ֆիզիկական գոյության համար, իսկ նման քաղաքականության շարունակումը հանգեցնելու է պետականության անդառնալի կորստին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ