Սրբազան շարժման հոկտեմբերի 6-ի հանրահավաքը ֆիքսեց ևս մեկ թիրախ՝ Սահմանադրական դատարանը։ Այսպես ցույց տրվեց, որ Շարժումը համաձայն չէ ՍԴ սեպտեմբերի 26-ին ընդունած որոշման հետ, և հնարավորության դեպքում՝ վերանայելու են այն։ Հաջորդ թիրախն ընտրված է դատախազության շենքը։ Այդպիսով էլ ակնարկվում է, թե մտադիր են վերանայել քաղաքական ենթատեքստ պարունակող գործերի քննությունը և արդարացնել նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հալածանքների են ենթարկվել։
Եվ չնայած՝ պայքարին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում, սակայն բաց է մնում կարևոր մի հարց։ Ինչքա՞ն են շարունակվելու շարժման հանրահավաքները։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է երկու վարկած։
Առաջինը՝ Շարժումը շարունակվելու է մինչև ագրեսիայի վտանգի չեզոքացումը։ Այսինքն՝ մինչև Մոսկվան և Բաքուն հրաժարվեն Նոյեմբերի 9-ի 9-րդ կետից՝ Սյունիքով անցնող միջանցքի վերաբերյալ իրենց նկրտումներից։ Սա է կանխատեսվող ագրեսիայի ուղղությունը։ Եվ չի բացառվում, որ ռուս-ադրբեջանական չբարեկամները, օգտվելով աշխարհաքաղաքական հարմար իրավիճակից, կփորձեն զավթել Սյունիքի մի հատվածը, կտրել հայ-իրանական սահմանը, խափանել Հյուսիս-հարավ միջազգային նախագիծը։
Ենթադրվում է, որ շարժումը կարող է զսպել չբարեկամների ագրեսիվ նկրտումները, տպավորություն ստեղծելով, թե կա մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր ուժ, որը կարող է ստանձնել քաղաքական պատասխանատվությունը և կատարել չբարեկամների պահանջներն՝ առանց պատերազմի, ավերածության ու մարդկային կորուստների։ Այս առումով՝ շարժումը ստեղծում է այլընտրանք։ Ագրեսորները չեն կարող ասել, թե միջանցքի հարցը լուծելու այլ տարբերակ չկա՝ ագրեսիայից զատ։ Շարժումն այսպիսով ցույց է տալիս, որ կա նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարման խաղաղ ճանապարհ։ Հետևապես՝ շարժման առաջնային խնդիրը պատերազմը չեզոքացնելն է։
Այս տարբերակի տրամաբանությամբ շարժվելով, ցույցերն ու հանրահավաքները կշարունակվեն մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ու եթե դրանից հետո առարկայորեն չեզոքանա ագրեսիայի վտանգը, ապա շարժումը կդադարի, ցուցարարներին կուղարկեն տուն, խոստանալով, որ շարժումը վերակազմակերպվելու է, դառնալու է կուսակցություն և մասնակցելու է ընտրություններին։ Պարզ ասած՝ ցուցարարին ասելու են ցտեսություն, կհանդիպենք քվեատուփի մոտ։
Երկրորդ վարկածը նույնպես առնչվում է կանխատեսվող պատերազմի չեզոքացմանը, սակայն ունի աշխարհաքաղաքական համատեքստ։ Հաշվի առնելով Կրեմլի՝ օրեր առաջ ընդունած ծավալապաշտական նոր հայեցակագրը, որով նա հավակնում է վերականգնել ռուսական կայսրության և կործանված ԽՍՀՄ-ի երբեմնի ազդեցության գոտիները, ապա ենթադրվում է, որ շարժումը պարունակում է ուղերձ, որ ՀՀ-ում կա այդպիսի մի ուժ, որը պատրաստ է սպասարկել այդ հետաքրքրությունը։ Եվ եթե վաղը ՌԴ-ն կուզենա ներխուժել ՀՀ, ինչպես արեց Ուկրաինայում, ապա շարժումը կարող է զսպել այդ ագրեսիան, խոստանալով, որ ժամանակի ընթացքում կարող է իշխանության հասնել և խաղաղ, առանց պատերազմի բավարարել ռուսական հավակնությունները։
Շարժման այս ենթադրյալ պոտենցիալը շահարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանը Արևմուտքին ակնարկել է, որ մտադիր է իրականացնել անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ և ՀՀ-ն աստիճանաբար դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։ Մյուս կողմից՝ Փաշինյանը խոստացել է Մոսկվային, որ չի վերանայելու հայ-ռուսական պայմանագրերն ու օրակարգը։ Այս իրարամերժ խոստումների արանքում հայտնված Փաշինյանին պետք է մի ներքին ուժ, որին կարող է մեղադրել ռուսական շահերը սպասարկելու մեջ և ձգձգել խոստացված բարեփոխումները։ Պարզ ասած՝ Փաշինյանը Արևմուտքին ասում է, որ չի կարող կատարել խոստումներն ու կտրուկ քայլեր անել ռուսական ազդեցությունից ազատվելու ուղղությամբ, քանի որ կա Սրբազան շարժում, որն ուղղորդվում է ռուսական գործակալների կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում։
Այս վարկածով՝ շարժումը կարող է շարունակվել մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտը, որն ըստ կանխատեսումների՝ լինելու է առաջիկա ամիսներին։ Ռուսաստանի պարտությունից ու կապիտուլյացիայից հետո Սրբազան շարժումը լրիվ կմարի, Շարժման ղեկավարը կորցնի քաղաքական հետաքրքրությունը և կվերադառնա իր հոգևոր ծառայությանը։
Պարզ ասած՝ հանրահավաքները կդադարեն խաղաղության պայմանագրի ստորագրումից կամ Ռուսաստանի պարտությունից հետո։ Մինչ այդ Շարժման առաջնորդը, նրա հետևորդները, ինչպես նաև Փաշինյանի երկակի դեմքը լվացողներն ու պատերազմի վտանգը չեզոքացնելու ջատագովները կմնան փողոցում։
Թաթուլ Մկրտչյան