Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Բարձր դատարանի այս որոշումը բազմաթիվ դժգոհությունների և իրարամերժ գնահատականների պատճառ դարձավ, իրավաբաններն ու սահմանադրագետներից շատերն էլ համոզմունք հայտնեցին, որ ՍԴ-ն փաստացի գաղտագողի չեղարկել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։
Մասնագետներն իրենց գնահատականը հիմնավորում են՝ հղում կատարելով ՍԴ-ի որոշման տեքստում տեղ գտած այն եզրահանգմանը, ըստ որի Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»: Իրավաբաններն ու սահմանադրագետները ՍԴ-ի այս մեկնաբանությունը իրավական զարտուղի են համարում, համոզմունք հայտնում, որ այս ճանապարհով օրվա իշխանությունը փորձում է շրջանցել ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մինչև այժմ միայն 1 Սահմանադրություն է ունեցել՝ 1995 թվականինը, իսկ 2005 և 2015 թվականներին կատարվել են բացառապես սահմանադրական փոփոխություններ, որոնք վերահաստատել են մեր երկրի մայր օրենքի հավատարմությունը ՀՀ Անկախության հռչակագրին։
Հատկանշական է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Սահմանադրական դատարանի ձեռամբ ընդունված այս որոշմամբ փորձում են հրաժարվել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումից, ինչպես նաև նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացին աջակցելու հանձնառությունից, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում, որոնց առկայությանը հղում կատարելով Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սահմանադրագետները գրեթե միակարծիք են, որ օրվա իշխանություններն այս ճանապարհն են ընտրել՝ նախևառաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումից խուսափելու համար, քանի որ անգամ իշխանությանը մոտ կանգնած փորձագետներն են իրենց հուշում, որ հանրաքվեն դատապարտված է տապալման, ինչը շղթայական ազդեցություն կարող է ունենալ և հանգեցնել Նիկոլ Փաշինայնի իշխանության հեռացմանը։ Նշենք, որ նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է, որ 650-700 հազար մարդ կողմ քվեարկի դրան, ինչը նման իրավիճակում դժվար է պատկերացնել, գրեթե անհնար։
Հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, ինչպես նաև Բաքվից պարբերաբար այս թեմայով հնչող հայտարարությունները՝ վստահաբար կարող ենք պնդել, որ ադրբեջանական կողմը ընդառաջ չի գնալու և ՀՀ Անկախության հռչակագրի իր համար խնդրահարույց դրույթների չեղարկումից հետո Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, ինչին այդքան ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ նախևառաջ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների՝ Ադրբեջանում կարևորում են խնդիրների ոչ թե կարճաժամկետ՝ այսրոպեական լուծումները, այլ երկարաժամկետ, ուստի ձգտում են Արցախի հարցը մեկընդմիշտ փակել և թույլ չտալ, որ Հայաստանի որևէ հաջորդ իշխանություն ներկայիս իշխանության որոշումներն ապօրինի ճանաչի ու հրաժարվի Փաշինյանի ստանձնած պատրավորություններից։ Օրերս նման խոստովանությամբ էր հանդես եկել Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի արտաքին քաղաքականության վերլուծության բաժնի ղեկավար, դոկտոր Ջավիդ Վելիևը՝ փորձելով հիմնավորել, թե ինչու է Բաքուն մերժում խաղաղության համաձայնագիրն այս պահի դրությամբ համաձայնեցված դրույթներով ստորագրելու պաշտոնական Երևանի առաջարկը։
Հանրության շրջանում նաև որոշակի անկումային տրամադրություններ են ստեղծում այն գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումները անբեկանելի են ու ՀՀ Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումը արդեն անդառնալի իրողություն է։ Նման պնդումների համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ մայր օրենքում տեղ գտած այն կարգավորումը, ըստ որի Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումները նույն ՍԴ-ի կողմից կարող են վերանայվել ու չեղարվել միայն 7 տարի անց, իսկ այդ ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված կլինի։ Նկատենք, որ չնայած մայր օրենքում նման կարգավորումներ իսկապես առկա են, սակայն մեկ այլ կարգավորմամբ էլ բարձր դատարանի դատավորների կազմի փոփոխության դեպքում վերջինս կարող է մինչև այդ էլ քննության առնել և անհրաժեշտության դեպքում չեղարկել ավելի վաղ իր իսկ կողմից ընդունված որոշումները։
Այսպիսով՝ ինչպես ողջ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սահմանադրական դատարանում և ՀՀ Անկախության հռչակագրի շուրջ ստեղծված ճգնաժամի պայմանավորված է վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական զարգացումներով ու գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ, ուստի իրավիճակի հանգուցալուծումը նույնպես պետք է լինի քաղաքական։ Այլ կերպ ասած Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն անդառնալի իրողություն չէ, և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց և ՀՀ-ում նոր իշխանության ձևավորումից հետո վերջինս պետք է լրջորեն դիտարկի ՍԴ ներկայիս դատավորներին պաշտոնանկ անելու և նոր դատավորներ նշանակելու հնարավորությունը, իսկ արդեն ՍԴ-ի նոր կազմը Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկելու որոշումը հակասահմանադրական կճանաչի։
Միևնույն ժամանակ ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Սահմանադրական դատարանի գործող կազմին պաշտոնանկ անելու և նոր կազմ ձևավորելու հնարավոր նախաձեռնությունը վերպետական ատյանների կողմից չի կարող հակասահմանադրական ճանաչվել, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին մերժել էր ՍԴ 3 նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը՝ վերջիններիս պաշտոնանկ անելու որոշումը ճանաչելով սահմանադրությանը չհակասող։
Սահմադրական դատարանի նախկին դատավորներին կամավոր-պարտադիր սկզբունքով պաշտոնանկ անելու մի քանի անհաջող փորձերից հետո կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ շրջանում՝ 2020 թվականի հունիսի 22-ին, ԱԺ-ն բացառապես իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և վերջիններիս միացած «անկախ պատգամավոր» Արման Բաբաջանյանի կողմ ձայներով պաշտոնանկ էր արել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին և 3 նախկին դատավորներին։ Թեպետ այն ժամանակ ՍԴ-ի կազմը վերաձևելու իշխանությունների ջանքերը շատերը պայմանավորում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, իսկ արդեն ՍԴ-ի նոր կազմը Քոչարյանին արդարացրեց, այնուամենայնիվ այժմ կարծիքներ են հնչում, որ Փաշինյանին անհրաժեշտ էր ՍԴ-ի կազմը փոփոխել, որպեսզի վերջինս անխոչընդոտ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև Ադրբեջանի հետ ձեռք բերվելիք մյուս համաձայնությունները (ՍԴ-ի կազմի փոփոխությունն իրականացվեց 2020-ի հունիսի 22-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 3 ամիս առաջ)։
Դավիթ Գույումջյան