ՀՀ կառավարությունը համառորեն հրաժարվում է պատասխանել, թե ինչ է եղել ռուս սահմանապահներին անհատույց հատկացված հողատարածքները։
2021 թվականի մայիսի 12-ին, երբ թշնամի Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա և Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից բազմաթիվ տարածքներ օկուպացրեց, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերը տեղակայվեցին ՀՀ հարավ-արևելյան սահմանին։
Այս դեպքից 2 շաբաթ անց՝ 2021 թվականի մայիսի 27-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց Կապան, Մեղրի և Տեղ համայնքներին պատկանող տարածքներում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի տեղակայման նպատակով հողեր հատկացնել։
Դրա համար նշված համայնքներին պատկանող մի շարք հողամասեր, որպես նվիրատվություն, անհատույց օգտագործման իրավունքով նախ ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Ըստ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծի, նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ» և բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։
Ի դեպ, որոշումն ընդունվել էր առանց զեկուցման ու քննարկման:
Սյունիքի մարզում տեղակայվելուց ուղիղ 3 տարի անց՝ 2024 թվականի մայիսի 12-ին, ՌԴ սահմանապահները սկսեցին դուրս գալ այնտեղից։
Ավելին, ուղիղ 2 ամիս առաջ՝ հուլիսի 31-ին, ՌԴ սահմանապահները դուրս եկան նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հարց է առաջանում, եթե ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները դուրս են եկել ՀՀ-ում իրենց տեղակայման վայրերից, ապա ի՞նչ է եղել նրանց անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքների ճակատագիրը։
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ փոխարտգործնախախար Մնացական Սաֆարյանը հաստատեց տևական ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմը քննարկել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկեությանը հանձնելու հարցը։ Շատերի համոզմամբ խոսքն, այսպես կոչված՝ «Զագեզուրի միջանցքի» մասին է, քանի որ ՀՀ-ն նման սցենարի դեպքում հրաժարվելու է իր տարածքի այդ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունից։
Ի դեպ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներին հատկացված տարածքներից որոշները գտնվում են հենց նշված հատվածում։
Oragir.News-ն այս հարցերի պատասխանը ստանալու համար սեպտեմբերի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հետաքրքրվել՝ հիմա, երբ ՌԴ սահմանապահները նշված վայրերից դուրս են եկել, ՀՀ կառավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է այդ տարածքները վերադարձնելու ուղղությամբ։
25 օր է անցել, սակայն, Կառավարությունից չեն պատասխանել մեր գրավոր հարցմանը, ուստի՝ կարող ենք եզրակացնել, որ նշված տարածքները հետ չեն վերցվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։
Բազմաթիվ են դեպքերը, երբ Կառավարությունը չի պատասխանել
Oragir.News-ի գրավոր հարցումներին։ Այս դեպքում ևս Կառավարությունը սահմանված ժամկետում չի պատասխանել մեր գրավոր հարցմանը, ուստի հրավիրում ենք նաև Դիտորդ մարմնի ուշադրությունը։