Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20%-ով՝ կազմելով կազմելով 1 մլրդ 700 միլիոն դոլար կամ ավելի քան 660 մլրդ դրամ։ Չնայած ռազմական բյուջեի մեծացմանը՝ Հայաստանը դեռևս զիջում է Ադրբեջանին, որի ռազմական ծախսերը հաջորդ տարի կազմելու են 3․6 մլրդ դոլար, ինչը փաստացի 2 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն։
Իշխանամետ գործիչներն ու փորձագետները սակայն Հայաստանի ռազմական բյուջեի մեծացումը մեծ ձեռքբերում են համարում՝ նշելով, որ 10 տարի առաջ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից մեծ էր 5-6 անգամ, մինչդեռ այժմ՝ 2։ Վերջիններիս համոզմամբ՝ Հայաստանի ռազմական բյուջեի մեծացումն ու Ադրբեջանի հետ տարբերության շեշտակի կրճատումը թույլ է տալու աստիճանաբար վերականգնել երկու երկրների ուժային բալանսը, ինչը 44-օրյա պատերազմի և հաջորդած իրադարձությունների հետևանքով կտրուկ խախտվել էր։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց՝ հայտնի չէ, թե Հայաստանի ռազմական բյուջեն ինչ նպատակների համար է 20%-ով մեծացվում։
«Օրինակ՝ հնարավոր է, որ մեծացնում են նվագախմբերը շատացնելու համար։ Վերջին 5-6 տարում չհամակարգված ձևով բազմաթիվ գնումներ են կատարվել, իսկ այնուհետև կատարված թանկարժեք գնումներն ընդհանրապես չեն օգտագործվել․ հիշենք այդքան գովազդված Су-30 համակարգերը և այլն»,- ասաց Վրթանեսյանը՝ նշելով, որ դժվար է այս իրողությունների ֆոնին ռազմական բյուջեի մեծացումը մեկնաբանել։
Անդրադառնալով իշխանական գործիչների այն պնդումներին, որ Հայաստանն աստիճանաբար կրճատում է Ադրբեջանի հետ ուժային դիսբալանսը՝ ռազմական փորձագետը նշեց, որ տեղյակ չէ, թե վերջիններս ինչ թվերով են հաշվարկներ կատարում, ինչու են ուժերի հավասարակշռությունը միայն տեխնիկայով հաշվում։ Նրա խոսքով՝ դա հասարակ հանրահաշիվ չէ, համաձայն որի եթե երկու կողմն էլ ունեն երկու տանկ, ուրեմն վերջիններիս միջև ուժային բալանս կա․ «Ամենամեծ խնդիրն այն է, որ ամբողջ կառավարման համակարգը քանդվեց, բանակում անխնա կադրային ջարդ իրականացվեց ու մեծ հաշվով այդ կադրային ջարդն առ այսօր շարունակվում է։ Ստեղ խոսել ինչ-որ տոկոսային աճի մասին դա նույն՝ «մեր զինվորներին ելակ ենք տալիս» սերիայից է»։
Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային բալանսն իսկապես վերականգնելու համար՝ Վրթանեսյանը պատասխանեց, որ ուժային բալանսն անհնար է վերականգնել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը տրամադրված է թշնամուն ամեն ինչ զիջելուն։ Ըստ նրա՝ հանրությանը ներկայացվող թվերի աճը դեռևս ոչինչ չի նշանակում, այն բացառապես քարոզչական նպատակներ ունի․
«Դու կարող ես աշխարհի ամենալավ զենքերն առնել, դնել պահեստում՝ մինչև հակառակորդը հարվածի ու այդ զենքերը ոչնչացնի։ Դու կարող ես աշխարհի լավագույն զենքերն ունենալ, բայց չօգտագործես դրանք կամ վատ օգտագործես։ Նիկոլ Փաշինյանին եթե նույնիսկ Իսրայելի բանակը տան, միևնույնն է՝ ինքը կպարտվի, բանակը կտանի պարտության»։
Կարեն Վրթանեսյանը շեշտում է, որ իշխանությունները տարբեր փուլերում ոգևորված ինչ-որ բաներ են հայտարարում, ամբողջ քարոզչամեքենան աշխատում է ինչ-որ բան հայտարարելու համար, իսկ հետո՝ մի քանի ամիս անց, պարզվում է, որ իրավիճակը 180 աստիճանով հակառակն է։ Նա այս համատեքստում հիշեցրեց 2020 թվականի հուլիսյան մարտերի օրինակը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունի։
«2020 թվականի հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում անստորագրիր խմբագրական էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ Բաքուն կապիտուլացվել է ու նման բաներ, դա անգամ վերնագիր էին դնում։ Հիմա էլ ինչ իմաստ ունի քննարկել, թե դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ իրենք օրվա քարոզչական խնդիր են լուծում՝ մարդկանց խաբելու նպատակով»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան