Հայաստանում տևական ժամանակ որոշ շրջանակներ հանրության շրջանում տրամադրություններ էին գեներացնում, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի օրը, այցելելու է Երևան՝ փորձելով դա ներկայացնել որպես աշխարհացունց իրադարձություն։ Մակրոնի այցը ոչ միայն տեղի չունեցավ, այլև Ֆրանսիայի նախագահն անգամ շնորհավորական ուղերձ չհղեց Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, իսկ սեպտեմբերի 15-ին Երևան այցելեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նիկոլ Փաշինյանը արդեն երեք տարի է, ինչ ցանկանում է Ֆրանսիայի նախագահին հյուրընկալել Հայաստանում, սակայն Մակրոնը Փաշինյանին դեռևս այդ չի արժանացնում։ Դեռևս 2021 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը Փարիզում Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ աշնանը Ֆրանսիայի նախագահին սպասում է Երևանում, ավելի ուշ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպմանն էր այս մասին խոսել, սակայն Մակրոնի այցն այդպես էլ տեղի չէր ունեցել՝ արժանանալով բազմաթիվ իրարամերժ գնահատականների։
Թեպետ պաշտոնապես չէր հաստատվել, որ Մակրոնը սեպտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան, սակայն ՔՊ-ական պաշտոնյաների և իշխանության հովանու ներքո գործող փորձագետ-քարոզիչների խոսույթը թույլ էր տալիս ենթադրել, որ Երևանի ու Փարիզի միջև այս հարցով որոշակի բանակցություններ այնուամենայնիվ եղել են, և Մակրոնի այցը գտնվում էր նախապատրաստման փուլում։ Նշենք նաև, որ պետությունների ղեկավարների այցերը, հատկապես Ֆրանսիայի նման երկրի պարագայում, քննարկվում և նախապատրաստվում են դրանցից որոշակի ժամանակ առաջ, ուստի ողջամիտ կասկած է առաջանում, որ Մակրոնի այցն ի սկզբանե համաձայնեցված է եղել Փարիզի հետ, սակայն այն չեղարկվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետը Նյու Յորքի «Թուրքական տանը» հանդիպում է ունենելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ (նման հանդիպումները նույնպես նախապես համաձայնեցվում են)։
Նկատենք, որ Ֆրանսիան ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձում է մեծացնել իր ազդեցությունը, վերջինիս Հայաստանի հետ իր հարաբերություններն ու փոխգործակցությունը հենց այս նպատակով է խորացնում, ուստի Նյու Յորքում կայանալիք Փաշինյան-Էրդողան հանդիպումը բնականաբար դուր չէր գալու Ֆրանսիայի նախագահին։ Հայաստանին աջակցելով՝ Ֆրանսիան ձգտում է ստանձնել մեր երկրի երաշխավոր պետության դերը, դուրս չմնալ տարածաշրջանային և գլոբալ մեծ խաղից, ուստի եթե ապագայում անգամ Մակրոնի այցը կայանա, ապա դա լինելու է բացառապես հիշյալ իրողություններն ընդգծելու նպատակով։
Կարծում ենք, որ եթե նման իրավիճակում եթե Ֆրանսիայի նախագահը սեպտեմբերի 21-ին այցելեր Հայաստան, ապա դրանից օրեր անց Հայաստանի վարչապետը Նյու Յորքի «Թուրքական տանը» հանդիպեր Թուրքիայի նախագահին, ապա դա զրոյացնելու էր Ֆրանսիայի նախագահի այցի ազդեցությունը, ինչպես նաև լուրջ հարված էր հասցնելու վերջինիս հեղինակությանը։ Սա պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ Թուրքիայի նախագահը հավակնում է դառնալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի հովանավորը, ինչը, բնականաբար դուր չի գալիս Թուրքիային, իսկ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով կամա թե ակամա սպասարկում է Անկարայի օրակարգը։
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ եթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի կազմակերպումը եղել է հայ-ֆրանսիական օրակարգում և դրա հավականությունը շատ մեծ է եղել, ապա այն տապալվել է Նյու Յորքում կայանալիք Փաշինյան-Էրդողան հանդիպման պատճառով։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը հայ-ֆրանսիական հարաբերությունները և դրանց խորացման հեռանկարները հաջողությամբ տեղափոխել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ֆրանս-թուրքական մրցակցության տիրույթ, ինչի հետևանքով Հայաստանը և հայ ժողովուրդը միայն տուժելու են։
Մինևույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ ի չիք է դարձում որոշ փորձագետների կողմից մինչև այժմ հնչեցվող այն պնդումները, որ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից է, որի հետ հետ հարաբերությունները Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի փչացրել, այլև ավելի է խորացնել։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում հայ-ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամի որոշակի միտումներ են նկատվում, որոնց պատճառը բացառապես Նիկոլ Փաշինյանի վարած չհաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շարունակման պարագայում այդ միտումները միայն խորանալու են։
Չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության անվտանգության երաշխավորի դերում այլևս դիտարկում է ոչ թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այլ հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչի մասին վկայում են նաև Նյու Յորքում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման լուսանկարները, որոնցում Հայաստանի վարչապետի դեմքին լայն ժպիտ է նկատվում։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ 4 տարի առաջ այս նույն օրերին հայտարարում էր, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու նպատակով կամ էլ սեփական իշխանությունը պահպանելու համար ՀՀ վարչապետը պատրաստ է աչք փակել անգամ այս իրողության վրա։
Այս հրապարակմամբ չենք փորձում ի չիք դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, քանզի գտնում ենք, որ Հայաստանում կարող է երկարաժամկետ խաղաղություն հաստատվել բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում, սակայն առնվազն ներկայիս փուլում և հատկապես ներկայիս իշխանությունների օրոք հիշյալ երկրները միտված չեն ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անվերապահորեն կատարում է վերջիններիս բոլոր նախապայմաններն ու պահանջները։
Դավիթ Գույումջյան