Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի քաղաքական գործունեության վերաբերյալ հանրության մոտեցումները տարբեր են, երբեմն անգամ իրարամերժ, սակայն քաղաքացիների մեծամասնությունը համակարծիք է, որ վերջինս լավ դերասան է և իր ֆիլմերով ու ներկայացումներով կարողանում է հանրությանը ծիծաղ պարգևել։ Օրերս Մարությանը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր «Պետական գաղտնիք» մոնոներկայացումը, որում նա անդրադարձ էր կատարել վերջին քաղաքական իրադարձություններին, ինչպես նաև հումորի ժանրով խստորեն քննադատել Նիկոլ Փաշինյանին։
Շատ հաճախ Հայկ Մարությանի քաղաքական և դերասանական գործունեությունն իրարից չի զանազանվում, ինչն էլ հանրությանը շփոթեցնում է՝ տվյալ հայտարարությամբ Հայկ Մարության քաղաքական գործի՞չն է հանդես գալիս, թե՞ դերասանը։ Բացի այդ, վերջին տարիներին Հայկ Մարությանի 2 մոնոներկայացումներն էլ ճշգրտորեն համընկնում են Երևանի քաղաքապետարանից նրան հեռացնելու [առաջինը քաղաքապետի պաշտոնից, երկրորդը՝ ավագանու անդամի] ժամանակահատվածների հետ, ինչն էլ ավելի է խորացնում հանրության շրջանում առկա շփոթը՝ Հայկ Մարության դերասանին և քաղաքական գործչին տարբերակելու հարցում։
Հայկ Մարությանի վերջին մոնոներկայացման վերնագիրը բավականին խոստումնալից է՝ «Պետական գաղտնիք», ենթադրվում է, որ վերջինս դրա ժամանակ պետք է որոշակի գաղտնի տեղեկություններ բացահայտի կամ առնվազն իր մեջ գաղտնիության տարեր պարունակող ուղերձներ փոխանցի հանրությանը։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է Հայկ Մարությանը ներկայացման շրջանակներում ծաղրում իր երբեմնի քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ վերջինս իր ճամպրուկի մեջ պահում է լավաշ, կռծած եգիտացորեն, տնական թթի արաղ, թթու, խորոված, Հայաստանի քարտեզի մանրակերտը և Փաշինյանի մուրճը, որը թափահարելով վերջինս 2021-ին շրջում էր մարզերում և քարոզարշավ իրականացնում։ Բացի այդ, Մարությանը ավելի ուշ ճամպրուկից հանում է Հայաստանի քարտեզի մանրակերտը՝ առանց Սյունիքի մարզի և ակնարկում, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցնելու է նաև Սյունիքի մարզը։
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները վերջին տարիներին խստորեն քննադատում են Հայկ Մարությանին և նրա հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնում, պնդում, որ վերջինս Երևանի քաղաքապետի պաշտոնը զբացեցնելիս իր պարտականությունները պատշաճ չի կատարել՝ չթաքցնելով, որ այդ ամենը սկսել են նկատել և Մարությանին պաշտոնանկ արել բացառապես այն բանից հետո, երբ վերջինս 44-օրյա պատերազմից հետո լքել է ՔՊ-ն և ամենակարևորը՝ 2021-ի արտհերթ ընտրություններում չի աջակցել Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։
Հատկանշական է, որ Հայկ Մարությանը ՔՊ-ականների իրեն ուղղված մեղադրանքներին նախընտրում է պատասխանել մոնոներկայացումներ բեմադրելու ու դրանցով իր համոզմամբ քաղաքական ապտակներ հասցնելու ճանապարհով։ Եթե Հայկ Մարությանը լիներ սովորական ընդդիմադիր գործիչ, ապա գործելակերպը կարող էր ինչ-որ չափով ընդունելի լինել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս փորձում է հավակնել ընդդիմության առաջնորդի դերին, առնվազն Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և գործող իշխանություններից դժգոհ քաղաքացիների ամենամեծ շերտը ՔՊ-ին որպես այլընտրանք հենց Մարությանին է տեսել, նման մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև անպատասխանատվություն և արհարգալից մոտեցում՝ նախևառաջ իր օգտին քվեարկած ավելի քան 43 հազար քաղաքացիների նկատմամբ։
Բացի այդ, Հայկ Մարությանն այս տարվա մայիսին հիմնեց իր սեփական կուսակցությունը, հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններում, ինչն իրենից ենթադրում է, որ Երևանի նախկին քաղաքապետը իշխանություն ձևավորելու հավակնություն է ներկայացնում ոչ միայն մայրաքաղաքում, այլև ողջ հանրապետությունում։ Բնականաբար առաջիկա համապետական ընտրություններում նույնպես Մարությանը դիրքավորելու է ընդդիմադիր դաշտում, փորձելու է ստաձնել ընդդիմության առաջնորդի դերը, թիրախավորվելու Փաշինյանի իշխանությունից, ուստի ենթադրվում է, որ նա իրեն ուղղած մեղադրանքներին պետք է քաղաքական դաշտում պատասխան տա, այլ ոչ թե դա անի մոնոներկայացումների միջոցով։
Զարմանալիորեն Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի վարած աղետալի քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը կարող է կորցնել Սյունիքի մարզը և այլն, նկատեց միայն այն ժամանակ, երբ ՔՊ-ն նրան պաշտոնանկ արեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Չնայած Մարությանը հայտարարում էր, որ ՔՊ-ն լքել է 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի աղետալի ավարտից հետո, սակայն դրանից հետո նա քաղաքապետի պաշտոնից հրաժարական չի տվել, հետպատերազմական ողջ ընթացքում՝ մինչև իր պաշտոնանկության օրը, ոչ մի անգամ չի քննադատել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ինչը թույլ է տալիս ողջամիտ եզրակացություն կատարել առ այն, որ Մարությանի պայքարը բացառապես սեփական պաշտոնի և իշխանության համար էր։
Այսպիսով՝ մեր ընթերցողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն շերտերի մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ Հայկ Մարությանի «Պետական գաղտնիք» մոնոներկայացումն իր վերջո սովորական ներկայացո՞ւմ է, թե՞ քաղաքական ակցիա, իսկ ներկայացված փաստարկները համադրելով քաղաքացիները համոզվում են, որ Մարությանն առավելապես քաղաքական ակցիա է իրականացնում, հակադարձում գործող իշխանությանը։ Միևնույն ժամանակ եթե Երևանի նախկին քաղաքապետը քաղաքական ակցիա է իրականացնում, ապա ենթադրվում էր, որ այդ մոնոներկայացման տոմսերը պետք է անվճար լինեին, սակայն tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ տոմսերի արժեքը տատանվում է 4000-20․000 դրամի սահմաններում։ Ըստ էության, Երևանի նախկին քաղաքապետը որոշել է օգտակարը համատեղել հաճելիի հետ՝ մի կողմից հակադարձել իր ընդդիմախոսներին, մյուս կողմից նաև գումար աշխատել։
Բնականաբար աջակցելով Հայաստանում առողջ քաղաքական ուժերի ձևավորման և այդ ճանապարհով իշխանափոխության հասնելու օրակարգին՝ Հայկ Մարությանին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս իրեն ուղղված մեղադրանքներին քաղաքական դաշտում պատասխանել, դա անել հնարավորինս փաստարկված։ Նման դեպքում Հայկ Մարությանի գործողությունները հաստատապես ավելի արժեքավոր ու համոզիչ կլինեն, և դա նրան կկարողանա հանրության ավելի լայն շերտերի աջակցությունը ստանալ, ովքեր այժմ դժգոհ են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, սակայն դեռևս տատանվում են Հայկ Մարությանին աջակցելու հարցում՝ վստահ չլինելով՝ վերջինս իշխանության գալու պարագայում կարո՞ղ է դիմագրավել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, թե՞ ոչ։
Դավիթ Գույումջյան