copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:48 13-11-2022

Առեղծվածային երկու սիրտ էր համատեղում մի մարմնում. այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 76 տարեկան։ Գրող, պետական և քաղաքական գործչի ընտանիքի անդամներն անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին հայտարարեցին նրա մահվան գույժը։

20-ից ավելի տարիներ օտարության և անհայտության մեջ ապրած Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը հանդիսացող, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր և ղեկավար անդամ, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանը թաղված է հայրենի Կոթի գյուղում։

1998-ի իշխանափոխությունից հետո նա մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով և գտնվում հետախուզման մեջ:

Ամեն տարի, նրա ընկերներն ու ազգականները, իրենց ձևակերպմամբ, «անկախ ստեղծված ցավալի ու անհասկանալի» իրավիճակից, Սիրադեղյանի ծնունդը նշում էին քաղաքի տարբեր կրթական և մշակութային կենտրոններում՝ հիշում նրա ստեղծածը, պատմում նրա հետ կապված հումորային դրվագներ:

Oragir.news-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան տոնի կապակցությամբ զրուցել է նրա ընկերոջ՝ գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի հետ, ով մեզ հետ զրույցում՝ պատմելով իր հիշողությունների մասին և պատասխանելով հարցին՝ թե ինճո՞վ է տարբերվում Վանո գրողը Վանո քաղաքական գործչից՝ ասաց.

«Շատ հետաքրքրիր հարց է։ Ուրեմն ՝ 1992 թվականին ՝ մոտ երեսուն տարի առաջ, երբ Վանոն Ներքին գործերի նախարարն էր, իսկ ես գտնվում էի ԱՄՆ-ում և այնտեղ ամսագիր էինք հրատարակում, որը կոչվում էր «Շրջապատ»՝ գունավոր, շքեղ ամսագիր էր։

Այս ամսագրում ես տեղադրեցի Վանոյի պատմվածքներից մեկն ու իր լուսանկարներից մեկը և նախաբան գրեցի, որ Կգա ժամանակ, երբ քաղաքական գործիչները, մեկնաբանները, գրաքննադատները՝ կնստեն միասին, համատեղ և կփորձեն գտնել արձակագիր Վանո Սիրադեղյանի և Ներքին գործերի նախարար Սիրադեղյան Վանոյի առեղծվածը, հետաքրիր է, թե ինչպե՞ս է մարդը կարողացել համատեղել նման բարդ պաշտոնը, որը ենթադրում է բարդ ճակատագրերի խաղ, և այլն։

Նուրբ հոգի ու սիրտ ուներ։ Պետք է կարողանա երկու սիրտը համատեղի մի տեղ և դա առեղծվածային բան էր, որը առեղծված մնաց մինչև իր մահը»։

Հարցին, թե որքանո՞վ է այսօր Վանո գրողն ու քաղաքական գործիչը գնահատվում, ըստ արժանվույն՝ պատասխանեց.

«Այսպիսի մի խոսք կա, առաքյալները տեղ չունեն, և Վանոն յուրահատուկ առաքյալ էր, որը չգնահատվեց ժամանակին։ Սկզբում ժողովուրդն իրեն սիրում էր, հետո սկսեցին ատել, հետո սկսկեցին տարբեր բաներ խոսել, ինչպես որ այդ ալիքը թելադրվում է տարբեր ուժերի կողմից՝ ըստ այդմ էլ, գիտեք, թե ինչեր են տարածում մարդու մասին և այլն։

Եվ այդպես, բնական է, որ տարբեր ժամանակներում տարբեր ձևով է ընկալվել։

Գիտեք ինչ, շատ արվեստագետներ ժամանակին թերագնահատվել են, սովից են մահացել, Մոցարտի պես կոմպոզիտորը կիսասոված մահացել է, և Բոտիչելլիի պես գեղանկարիչն արհամարհվել է ժամանակին, իսկ Հռոմի պապը հրահանգել էր ոչնչացնել նրա նկարները, պատերը քերել և այլն։

Փառք Աստծու, դա չեն արել ու ծածկել են ժամանակին և այսօրվա մարդկությունը ճանաչում ու ընդունում է հանճարին։ Ուզում եմ ասել, որ կգա ժամանակը, որ կմոռացվի նրա նախարար եղած ժամանակաշրջանը և կմնա նրա արձակը՝ ֆանտաստիկ գեղեցիկ, հետաքրքիր, հուզիչ, արտակարգ արվեստով գրված, բացառիկ նաև պամֆլետները նաև նրա գրած, որը ստորագրում էր Ավետիս Հարությունյան անուն ազգանունով, հետո նրան հեռվից զգուշացրեցին, որ չշարունակի, այլապես ավելի վատ կլինի և նա դադարեցրեց տպագրել պամֆլետները, որը գրում էր ֆանտաստիկ քաղաքական շատ հետաքրքրիր լեզվով և նրա պատմվածքները»։

Ամենից շատ դիտված