Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին
copy image url

Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին

Ներքին 8 ամիս առաջ - 14:16 23-09-2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում:

Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարեւոր է նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջեւ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով:

Ի թիվս բարեկամական խմբերի միջեւ համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023թ. նոյեմբերի 20-ին Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը: Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ:

«Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մեծապես աջակցություն ցուցաբերած ու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հարցերի վերաբերյալ սկզբունքային ու անաչառ դիրքորոշում հայտնած քաղաքական գործչի նշանակումն այդ կարեւոր պաշտոնում լրացուցիչ երաշխիք է, որ նոր առաջընթաց կգրանցենք երկու խորհրդարանների հարաբերություններում»,- փաստել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ այս համատեքստում արժեքավոր ցուցիչ է նաեւ Բելգիայի խորհրդարանում բարեկամական խմբի արագ կազմավորումը:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020թ. պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընդունած բանաձեւերի շարունակությունն էր:

Դեսպանն իր հերթին արժեւորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը եւս կարեւորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն