Ինքնիշխանությունը առևտրի առարկա չէ․ ուկրաինական հակամարտության հայկական դասը
copy image url

Ինքնիշխանությունը առևտրի առարկա չէ․ ուկրաինական հակամարտության հայկական դասը

Արտաքին Ներքին Միտք 7 ամիս առաջ - 16:30 16-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թեպետ ավելի քան երկուսկես տարի է, ինչ ռուս-ուկրաինական պատերազմը փոփոխական հաջողություններով շարունակվում է, իսկ դրա հնարավոր ավարտի շուրջ երկու երկրները տրամագծորեն հակասող դիրքորոշումներ ունեն, վերջին շրջանում արևմտյան քաղաքական կուլիսներում կրկին ակտիվացել են հակամարտությունը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու կամ այն սառեցնու շուրջ քննարկումները։ Օրերս նման տեղեկատվական արտահոսք էր կատարել գերմանական հեղինակավոր Bild պարբերականը՝ նշելով, որ Կիևը մտադիր է ռազմաճակատի որոշ շրջաններում համաձայնել տեղային զինադադարի հաստատմանը և հակամարտության սառեցմանը։

Կիևից անմիջապես շտապեցին հերքել այս պնդումները․ Ուկրաինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգան Սումիի մարզում ուկրաինացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս վստահեցրեց՝ Ուկրաինան մտադիր չէ առևտուր անել սեփական տարածքների հաշվին՝ անկախ այն բանից, թե ինչ կգրեն բոլոր թերթերը։ Սիբիգան պնդել է նաև, որ սա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաստատուն դիրքորոշումն է, և նախագահը Վաշինգթոնում կներկայացնի բաներ, որոնք կուժեղացնեն ուկրաինացի զինվորականներին։

Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցի կողմից տեղեկատվական արտահոսքը վկայում է, որ արևմտյան առաջնորդներն առնվազն քննարկվում են ուկրաինական ճակատում այս սցենարով հրադադար հաստատելու հնարավորությունը, և Կիևի դաշնակիցներն այս հարցով ճնշումներ են գործադրում վերջինիս նկատմամբ։ Չնայած Մոսկվան վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ հրադադարի մասին անգամ խոսք չի կարող լինել, քանի դեռ ուկրաինական զինուժը դուրս չի շպրտվել Կուրսի մարզի տարածքից, սակայն ռուսական կողմն էլ կարծես թե դեմ չէ հակամարտության սառեցմանը։

Նման եզրահանգումներ թույլ են տալիս կատարել Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հնչող այն հավաստիացումները, որ ՌԴ-ն պատրաստ է վերադառնալ բանակցությունների՝ դեռևս 2022 թվականի գարնանը Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է հրադադարի դիմաց դիտարկել Ուկրաինայից գրավված տարածքների մի մասն այդ երկրին վերադարձնելու հնարավորությունը․ մի բան, ինչը Մոսկվան նախքան ուկրաինական զինուժի՝ Կուրսկի մարզ ներխուժումը կտրականապես բացառում էր։

Անկախ ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումներից, ինչպես նաև միջազգային դերակատարների միջև ստվերային պայմանավորվածությունների առկայությունից՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Կիևը մտադիր չէ սեփական տարածքներն ու ինքնիշխանությունը զիջելու գնով խաղաղություն հաստատել, որքան էլ երկիրը և հասարակությունը պատերազմից հյուծված լինեն ու ձգտեն խաղաղության։ Կիևը նախորդ երկուսկես տարիներին բազմիցս հայտարարել է, որ պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Ուկրաինան կվերականգնի իր ինքնիշխանությունը՝ 1991 թվականի սահմաններով։ Սա նշանակում է, որ Ուկրաինան ակնկալում է վերադարձնել ոչ միայն 2022-ի փետրվարի 24-ից հետո ՌԴ-ի վերահսկողության տակ անցած տարածքները, այլև Ղրիմը և Դոնբասի այն հատվածը, որոնք կորցրել էր դեռևս 2014 թվականին։

Կհաջողվի՞ Ուկրաինային հասնել իր ռազմավարական նպատակներին, թե՞ ոչ, սա բոլորովին այլ հարց է՝ կախված աշխարհաքաղաքական իրողություններից, ինչպես նաև սեփական դաշնակիցների տրամադրած ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցության մակարդակից, սակայն Կիևի իշխանությունների՝ սեփական երկրի տարածքը սակարկության առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշումն արժանի է հարգանքի, և այն օրինակելի ու ուսանելի պետք է լինի աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար։ Փաստացի Կիևը չհրաժարվեց իր այս սկզբունքային դիրքորոշումից անգամ այն ժամանակ, երբ ռազմաճակատում տիրում էր ամենածանր իրավիճակը, և ռուսական զինուժը գտնվում էր մայրքաղաք Կիևի մատույցներում, ինչը ստիպեց իր թշնամուն՝ գերտերության համբավ ունեցող Ռուսաստանի Դաշնությանը հաշվի նստել իր հետ և զորքերը դուրս բերել իր վերահսկողության տակ անցած տարածքների մասից։

Հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ ու փորձագետներ հաճախ են Նիկոլ Փաշինյանին համեմատում Վլադիմիր Զելենսկու հետ՝ պնդելով, որ այս 2 գործիչների կառավարման հետևանքով իրենց երկրները հայտնվել են աղետալի վիճակում։ Նկատենք, որ թեև գործիչները որոշակի նմանություններ ունեին, մասնավորապես նախապատերազմական շրջաններում իրենց վարած քաղաքականությամբ և չմտածված քայլերով իրենց երկրները ներքաշեցին պատերազմի մեջ, այնումենայնիվ արդեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը և նախագահ Վլադիմիր Զելենսկու վարած քաղաքականությունը գալիս են փաստելու, որ վերջիններիս տարբերություններն առավել խոսուն են․

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Զելենսկին, սեփական իշխանությունը պահպանելու նպատակով ամեն առիթով չի հայտարարում «խաղաղության դարաշրջան» բացելու մտադրության մասին, այլ թշնամուն հենց ռազմաճակատում է փորձում այդ խաղաղությունը պարտադրել, որքան էլ դրա համար ուկրաինացի ժողովուրդը ստիպված է լինում ծանր գին վճարել։ Բացի այդ, Զելենսկին չի հրաժարվում Ուկրաինայի օկուպացված տարածքները ուժային ճանապարով վերադարձնելու գաղափարից և ամեն ջանք ներդնում է դրա համար, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունների մակարդակով վստահեցնում է, որ Հայաստանի 29743 կմ2-ն իր համար կարմիր գիծ է, որը ոչ մի դեպքում չի կարող բանակցությունների առարկա դառնալ, սակայն գործնականում անում է ճիշտ հակառակը․ հայտարարում է, որ ՀՀ-ն իր օկուպացված տարածքները ուժային տարբերակով չի վերադարձնելու, բանակցում է Նախիջևանը օկուպացված Արցախին կապող ճանապարհի վերահսկողությունը արտասահմանյան որևէ ընկերության պատվիրակելու շուրջ՝ դա փաթեթավորելով որպես բարի կամքի դրսևորում, որն իրականում ՀՀ ինքնիշխան տարածքը դարձնում է հակամարտության առարկա։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության համար ուկրաինական հակամարտության գլխավոր դասը մեկն է․ պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է։ Ուկրաինական իրողությունները հերթական անգամ փաստում են, որ արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատել բացառապես այդ խաղաղության համար կենաց-մահու պայքար մղելու ճանապարհով՝ անգամ այն դեպքում, երբ երկու կողմերի միջև ուժային բալանսը խիստ անհավասար է։ Երբ պետությունը պայքարում է իր ինքնիշխան տարածքի ամեն միլիմետրի համար, նման մոտեցումը հարգանքի է արժանանում ոչ միայն իր դաշնակիցների, այլև հենց նույն թշնամիների շրջանում, և հենց վերջիններս խաղաղություն առաջարկում՝ իջեցնելով իրենց սահմանած բարձր նշաձողը, իսկ հակառակ դեպքում, երբ պետությունն ամենաբարձր մակարդակով սկսում է խաղաղություն մուրալ, ապա այդ խաղաղությունը երբեք չի ստանում, ավելին՝ սեփական երկրին ու ժողովրդին ներքաշում է նորանոր աղետների շրջապտույտի մեջ։

Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը և Ուկրաինան համեմատելի չեն ո՛չ իրենց տարածով ու ռեսուրսներով, ո՛չ էլ դաշնակիցների թվով և վերջիններիս ցուցաբերած աջակցությամբ, սակայն ուկրաինական հակամարտության դասը պետք է ուսանելի լինի ՀՀ իշխանությունների և բնակչության համար։ Հմուտ և հաշվարկված արտաքին քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը հաստատապես կարող է հիմնովին լուծել իր անվտանգային մարտահրավերներն ու իսկապես իր բնակչության համար տևական խաղաղություն երաշխավորել, սակայն այդ խաղաղությունը երբեք չի հաստատվի, եթե ՀՀ-ն շարունակի դա փնտրել թշնամիների բոլոր պահանջները կատարելու մեջ։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված