Ուղիղ եթեր

Արցախի անկախության հռչակումը․ 1991թ․ սեպտեմբերի 2-ի պատմական նիստը․ բացառիկ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:00 15-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տոնեցինք հայկական երկրորդ հանրապետության սահմաններից դուրս։ Արցախի տարածքի ավելի քան երեք քառորդը Ադրբեջանն օկուպացրել էր 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրա ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության, մնացած հատվածն էլ՝ 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Արցախի անկախությունը հռչակվել էր 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում, որն անցկացվել էր «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա։ Նստաշրջանի արդյունքներով ընդունված հռչակգրում նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»: Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը։

Oragir.News-ը ներկայացնում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստի տեսանյութը, որի ընթացքում էլ հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Սկզբնապես պետության պաշտոնական անվանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, սակայն 2017 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո այն վերանվանվեց Արցախի Հանրապետություն։

Oragir.News-ը ներկայացնում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ պատմական նիստի տեսանյութը, որի ընթացքում հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի