Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր կառավարության անդամների նմանությամբ նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը։
Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի և նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Թորոսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, որից պաշտոնանկ արվեց 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին։ Պաշտոնանկ արվելուց հետո մի քանի ամիս Թորոսյանը ղեկավարեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, իսկ 2021-ի հունիսի 20-ին ՔՊ-ի համամասնական ցուցակով ընտրվեց ԱԺ պատգամավոր։Որպես անշարժ գույք՝ Թորոսյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 3 հողամաս՝ որոնցից 2-ը Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, 1-ը՝ Ծաղկաձորում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Փարպիի հողամասերը նա գնել է 2021-ի հոկտեմբերի 20-ին, Ծաղկաձորինը՝ 2020-ի սեպտեմբերի 18-ին, իսկ սեփական տունը 2011-ի սեպտեմբերի 26-ին։
2023 թվականի մայիսի 16-ին Արսեն Թորոսյանը Փարպի գյուղի 2 հողամասերը վաճառել է 4․500․000 դրամ և 3․300․000 դրամ արժեքով, իսկ մյուս հողամասը և սեփական տունը պահպանվել են։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Արսեն Թորոսյանը չի հայտարարագրել։
Թորոսյանը Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ում և UniCredit Bank Austria AG-ում ունեցել է արժեթղթեր՝ համապատասխանաբար 1․030․000 դրամ և 49․500 եվրո արժեքով։ Նա միևնույն ժամանակ 2 փոխառություն է ունեցել «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ում՝ 15․750․000 և 1․750․000 դրամ արժեքով։
Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․000․236,8 դրամ, 64․22 դոլար և 56․240,56 եվրո, տարեվերջին՝ 686․457,42 դրամ, 88․29 դոլար, 1355․21 եվրո։ Թորոսյանը տարեսկզբին ունեցել է 12 մլն դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին շեշտակի նվազել է՝ դառնալով 1 մլն դրամ։
Նախկին նախարարի տարեկան եկամուտները կազմել են 34․017․216,66 դրամ, որից 9․755․130 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 15․750․000 դրամը՝ Ամերիա բանկից ստացած փոխառությունը, 7․800․000 դրամը՝ գույքը օտարելու արդյունքում ստացած եկամուտը, ևս 560․000 դրամ և 360․6 եվրո էլ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից և UniCredit Bank Austria AG-ից։
Թորոսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15․641․800,6 դրամ։
Վերջինս 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ արժողությամբ միանվագ գնում է կատարել, որի նպատակը չի նշել։
Պատգամավորի կինը՝ Վեհանուշ Թևանյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, որը նա գնել է 2022 թվականի հունիսի 6-ին, ինչպես նաև ամուսնու հայտարարագրած սեփական տունը՝ համատեղ սեփականությամբ։
Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2015 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022 թվականի օգոստոսի 4-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Թորոսյանի կինը 5000 դրամի ներդրում է կատարել, իսկ գործարքի մյուս կողմը Արկադի Զինովիի Ստոլպներն ու Վիկտոր Իվանի Եկիմովն է։
Վեհանուշ Թևանյանը 19․380․000 դրամի փոխառություն է ունեցել ԱՍԻԱՄԵԳԱՍՏՐՈՅ ՍՊԸ-ում, 32․785․500 դրամի էլ՝ «Շին Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ում որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։
Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում տարեսկզին 84․000 դոլար արժեքով ավանդ է ունեցել, որը սակայն տարվա ընթացքում զրոյացել է։
Արսեն Թորոսյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4․469․673 դրամ և 46․39 դոլար, տարեվերջին՝ 1․682․749, 84 դրամ և 55․274,44 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին եղել են 5 մլն, տարեվերջին՝ 12 մլն դրամ։
Թևանյանի տարեկան եկամուտները կազմել են 85․554․942,24 դրամ, որից 45․455․785 դրամը ՄԻԲՍ ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, 5․400․000 դրամը՝ նույնս ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացած վճարը, 33․731․100 դրամը՝ Արդշինբանկից ստացած փոխառությունը, 2494․8 դոլար էլ նա կրկին ստացել է Արդշինբանկից, հայտարարագրել որպես այլ եկամուտ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33․513․145,4 դրամ։
Թորոսյանի կինն էլ 2023-ին 35 մլն դրամ արժողությամբ միանվագ գնում է կատարել, որի նպատակը չի նշել։