Օրերս պարզ դարձավ, որ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն ու ՔՊ-ական համակիրներն ամենից շատ վախենում են գրքից, ամենամեծ վտանգը համարում են գիրք գրկող մարդուն։ Սարսափելի պատմություններ են տարածվում Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի մասին, որի էջերում գտած մի լուսանկարում նա գրկել է նախկին պետական գործչի, ներկայիս խորհրդարանական ընդդիմության ղեկավարներից մեկի գիրքը։
Այսպիսի սարսափելի վերաբերմունք գրքի նկատմամբ եղել է խորհրդային բռնազավթման տարիներին։ Բազմաթիվ գրողներ հալածվել են, սպանվել, բռնադատվել, աքսորվել։ Նրանց գրքերն արգելված էին։ Եթե մատնագրում նշվեր, որ հարևան Պողոսը Չարենց, Բակունց, Տերյան կամ Օտյան ունի տանը, ապա նրան աքսորում էին Սիբիր, որպես ժողովրդի թշնամի։ Իսկ եթե Վրացյան տեսնեին, ապա Պողոսին գնդակահարում էին պատի տակ։ Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել դատապարտվել, աքսորվել, հալածվել արգելված գրքերի հետ առնչություն ունենալու պատճառով։
Ավելի ահավոր վերաբերմունք է եղել Չինաստանում Մշակութային հեղափոխության շրջանում։ 1966-1976-ին այս երկրում թույլատրվում էր կարդալ միայն Մաո։ Աշխարհի մյուս բոլոր գրքերը համարվում էին թշնամական, հակապրոլետարական, հակակոմունիստական, հակամաոկան, վտանգավոր։ Եվ եթե ընթերցասերը, գիտնականը, հոգևոր հետաքրքրություն ունեցող մարդը բռնվում էր Մաոյից բացի՝ այլ գիրք կարդալիս, խունվեյբինները նրան հրապարակավ նվաստացնում էին, ծաղրում, կտտանքի ենթարկում, խոշտանգում։ Շատերն ինքնասպան էին լինում, որ հրապարակավ նվաստացման չենթարկվեին։ Մշակութային հեղափոխության տարիներին այսօրինակ բռնաճնշումների զոհ է գնացել մոտ 3 միլիոն մարդ, տասնյակ միլիոնավոր մարդիկ ենթարկվել են տարբեր կարգի հալածանքների։
Կոմունիստական երկրներում այս երևույթները հետագայում քննադատվել ու դատապարտվել են, որակվել հանցագործություն կամ հեղափոխական, զանգվածային հոգեխանգարման արդյունք։ Տարիներ հետո ժողովուրդներն ամաչել են այդ ամենի համար։ Օրինակ՝ Չինաստանում մահապատժի են ենթարկել Մշակութային հեղափոխության պատասխանատուներին, որոնց ղեկավարն իրեն «Մաոի շուն» է անվանել դատարանում։
Հայաստանում 1990-ից հետո գրքից վախեցողներ չկան։ Երբեմնի արգելված գրքերն ազատ հրատարակվում են։ Բայց Արդարադատության փոխնախարարի հանդեպ ՔՊ-ական համակիրների գրոհը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ևս հեղափոխական հոգեխանգարում է տեղի է ունեցել։ Եվ չնայած՝ պատերազմին, կորուստներին, ազգային մեծ աղետներին, մարդիկ շարունակում են հեղափոխական ծայրահեղ վարքը դրսևորել, թիրախավորելով գիրքը։
Տարածվում է նաև դավադիր վարկած, թե ՔՊ-ականներն ամենևին էլ չեն հոգեխանգարվել ու չեն սարսափում գրքից, այլ սա կազմակերպված ստուգատես է, գույքագրում։ Երկար ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին շատ հարմար ընդդիմության ստվերային առաջնորդը, առիթ չէր տալիս իր մասին խոսելու։ Կասկած էր շրջանառվում, թե Քոչարյանը մտադիր է խաղից դուրս գալ, ինչը ձեռնտու չէ ՔՊ-ին, Փաշինյանի համար առնվազն ռիսկային է ընդդիմության փոփոխություն կատարելը։ Եվ այս առումով՝ ենթադրվում է, որ Սիրվարդ Գևորգյանին Արդարադատության փոխնախարար են նշանակել ոչ թե նրա բազմամյա աշխատանքային փորձը, նվիրվածությունը, գիտելիքներն ու հմտությունները հաշվի առնելով, այլ այն բանի համար, որ ՔՊ-ական համակիրներն ու որոշ պաշտոնյաներ գիրքը գրկող կնոջ նկարից ոգևորվեն, հիշեն Փաշինյանի հիմնական մրցակցին, հեղափոխական սկզբունքայնություն դրսևորեն ու քարկոծեն։
Այսինքն՝ սա յուրատեսակ ստուգատես է։ Ով ավելի սկզբունքային կասկած հայտնի փոխնախարարի նշանակման վերաբերյալ, նա ավելի առաջ կգնա առաջիկայում, կամ առնվազն՝ կպահպանի հարկատուների միջոցներով անհոգ ու անպատասխանատու սնվելու իրավունքը։ Իսկ ով հրապարակավ չարտահայտի իր վատ կարծիքը փոխնախարարի մասին, այսինքն՝ ստուգատեսը չանցնի, ապա կզրկվի դիրքից, պաշտոնից, հացելուց, կհայտնվի կոտրած տաշտակի առաջ։
Կարճ ասած՝ եթե դավադիր վարկածը ճիշտ է, ապա առաջիկայում փոխնախարարը հրաժարական կտա, և խունվեյբինները կոգևորվեն, որ պաշտոնյան չդիմացավ երևակայական մեղադրանքների ճնշմանն ու կոտրվեց։ Եվ ամեն ինչ կմնա նույնը։ Իսկ առաջիկա ընտրությունները կանցնեն 2021-ի սցենարով՝ «ընտրեք Նիկոլին, որ Քոչարյանը չանցնի»։
Իսկ եթե փոխնախարարը հրաժարական չտա, նշանակում է՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է դուրս գալ խաղից, և առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցները կլինեն բոլորովին այլ մարդիկ, այլ ուժեր։
Թաթուլ Մկրտչյան