Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին, ինչը մեր երկրում իրարամերժ գնահատականների արժանացավ, քննարկվեց առավելապես քաղաքական տրամաբանության մեջ։ Թեպետ հայկական կողմը նշում էր, որ Հռոմի ստատուտի ընդունումը Ադրրբեջանի համար կանխարգելիչ և զսպող միջոց կլինի, քանի որ դրանից հետո վերջինիս պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, այնուամենայնիվ քաղաքական և փորձագիտական դաշտի ներկայացուցիչների մի զգալի մասը պնդում էր՝ Հռոմի ստատուտի վավերացումը Բաքվին չի զսպելու, քանի որ վերջինս չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, իսկ այս որոշումն ընդունվել է արևմուտքին հաճոյանալու նպատակով [
ՄՔԴ-ն 2023-ի մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, ինչը նշանակում է, որ Հռոմի ստատուտը վարացրածի երկրները պարտավոր են անհապաղ ձերբակալել վերջինիս, եթե նա մուտք գործի իրենց երկրի տարածք]։
Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր Հռոմի ստատուտին միանալու նպատակահարմարությունը, շատերը խստորեն քննադատում էին այս որոշումը, բազմաթիվ փորձագետներ ու վերլուծաբաններ նշում էին, որ գործող իշխանություններն այս որոշումը կայացրել են քաղաքական դրդապատճառներով և անհրաժեշտության դեպքում որևէ ճանապարհ կգտնեն՝ ՌԴ նախագահին ձերբակալելու պարտավորությունը շրջանցելու համար։ Այս մասին դեռ ստատուտի ընդունումից առաջ խորհրդարանում հայտարարել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՀՀ այցելելու դեպքում Պուտինին ձերբակալելու վտանգ չի սպառնում, քանի որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով, ինչպես նաև Երևանը Մոսկվային առաջարկել է լրացուցիչ համաձայնագիր ստորագրել, որը կփարատի վերջինիս մտահոգությունները։
Այնուամենայնիվ ՀՀ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ Ռուսաստանի նախագահի հնարավոր ձերբակալության մասին քննարկումները ժամանակ առ ժամանակ օրակարգ էին գալիս՝ Մոսկվայից պարբերաբար հնչող քննադատությունների ֆոնին, որոնց պատասխանելը, ՔՊ-ական միջին և խոշոր կալիբրի պաշտոնյաները իրենց «սրբազան» պարտքն էին համարում։ Միևնույն ժամանակ սա Մոսկվային թույլ էր տալիս խուսանավել Հայաստանի Հանրապետության հանդեպ իր ստանձնած դաշնակցային պարտավորություններից՝ դրանց չկատարումը հիմնավորելով Երևանի «ոչ բարեկամական և դաշնակցային» քայլերով։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ։ Հռչակագիրն ընդունվել էր սեպտեմբերի 6-ին, որը կոչ է անում «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար» հատուկ տրիբունալ, ինչպես նաև թվարկում Պուտինի, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի այլ քաղաքական գործիչների «ձերբակալման» օրդերները։
ԵԽ հռչակագրի ընդունմաննաջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայկական լրատվամիջոցներում առկա տեղեկություններով՝ որ ի սկզբանե ՀՀ-ն ստորագրել է այս հռչակագիրը, հետո «հետ կանչել» ստորագրությունը, ինչի հետևանքով էլ հռչակագիրը, հետո «հետ կանչել» ստորագրությունը։ Ըստ այդ տեղեկությունների՝ հռչակագրի նախնական տարբերակում ՀՀ-ն հիշատակվել է, բայց վերջնական տարբերակում ՀՀ-ի մասին հիշատակումը հանվել է, սակայն ԱԳՆ մամուլի խոսանակ Անի Բադալյանն այսօր պարզաբանել էր, որ ՀՀ-ն ի սկզբանե չի միացել հչակագրին, ստորագրել-չստորագրելու հարց չկա։
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն իր այս քայլով փաստացի հրաժարվեց Հռոմի ստատուտից, սակայն միջազգային դերակատարները որևէ կերպ չարձագանքեցին սրան, չնայած այն բանին, որ վերջիններս, իրար հերթ չտալով, ողջունում էին պաշտոնական Երևանի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը։ Տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան դերակատարների համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վաղ թե ուշ հրաժարվելու է Հռոմի ստատուտից, ուստի այժմ հայկական կողմի այս որոշումն առանձնապես չի զարմացրել վերջիններիս։
Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է, քանի որ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության ու առանց որևէ հաշվարկի ընդունած որոշումների հետևանքով Հայաստանն անվստահելի գործընկերոջ իմիջ է ձեռք բերում, որին այլևս որևէ մեկը լուրջ չի վերաբերվի։ Բացի այդ, ցանկացած այլ իրավիճակում, երբ Հայաստանին անհրաժեշտ կլինի կյանքի կոչել Միջազգային քրեական դատարանի կողմից կայացված որոշումները, վերջինիս անդամ երկրները կկարողանան չկատարել իրենց պարտավորությունները՝ հիշեցնելով, որ նույնը պաշոնական Երևանն է արել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության որոշման պարագայում։
Սրան զուգահեռ ուշադրության է արժանի, որ Հայաստանի Հանրապետության որդեգրած սկզբունքային դիրքորոշման շեշտակի փոփոխությունն ակտիվորեն լուսաբանվում է ռուսական լրատվամիջոցներում՝ դրական լույսի ներքո։ Փաստացի Մոսվան ողջունում է Նիկոլ Փաշինյանի վարչակազմի ընդունած այս որոշումը, որով թեև վերջինս հաճոյանում է ռուսական կողմին, սակայն մյուս կողմից հարվածում է իր միջազային հեղինակությանը, ոչ վստահելի պետության պիտակավորման արժանում, քանի որ հրաժարվում է իր կողմից ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարումից։ Ակնկալում ենք, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր առաջիկա մամուլի ասուլիսներից մեկում կգնահատի հայ գործընկերների կայացրած խելամիտ որոշումը ու գոնե դրանից ելնելով՝ որոշ ժամանակ հարգալից կարտահայտվի Հայաստանի Հանրապետության մասին։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք իրենց հռչակել են արևմտյան արժեքների ջատագով, հանրության շրջանում տրամադրություններ են գեներացնում, որ առաջիկայում մտադիր են դուրս գալ ՌԴ-ի առաջնորդած ինտեգրացիոն կառույցներից և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց նախաձեռնել, հերթական անգամ հրաժարվում են իրենց իսկ հռչակած արժեքներից և վերադառնում Մոսկվայի գիրկը։ Այս միտումները նկատելի էին դեռևս Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս հայտարարեց, որ անընդունելի է Ռուսաստանի Դաշնության մասին ոչ կոռեկտ բառապաշարով խոսելը։
Օգոստոսի 31-ի ասուլիսից հետո զարմանալիորեն Հայաստանի տարածքում միանգամից դադարեցին էլեկտրաէներգիայի հովարային անջատումները, որոնք նախորդող շաբաթներին սովորական երևույթ էին դարձել։ Ենթադրում ենք, որ Երևանում և Հանրապետության մարզերում նախորդ շաբաթներին տեղի ունեցած հովարային անջատումների փաստը նույնպես Նիկոլ Փաշինյանի որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել, սակայն դժվարանում ենք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի քաղաքական կյանքում, եթե ռուսական կողմը օրերից մի որոշի դադարեցնել գազի մատակարարումները։
Չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հերթական շրջադարձը, կամ առանց երգի նահանջը դեպի Մոսկվա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մոտենում են, որոնցում հաղթելու և իր իշխանությունը վերարտադրելու համար վերջինիս օդ ու ջրի նման անհրաժեշտ է լինելու ՌԴ-ի աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե Մոսկվան ցանկության դեպքում ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ներհայաստանյան քաղաքական գործընթացների վրա, քանի որ անձամբ դա տեսել և զգացել է ինչպես 2018-ի իշխանափոխության օրերին, այնպես էլ 2020 թվականի հետպատերազմական զարգացումների և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Դավիթ Գույումջյան