Գրասենյակային աշխատանքով չզբաղվող ՄԻՊ-ը 14 օր է աշխատել
copy image url

Գրասենյակային աշխատանքով չզբաղվող ՄԻՊ-ը 14 օր է աշխատել

Ներքին 7 ամիս առաջ - 19:36 06-09-2024
ՄԻՊ Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նա այն բացառիկ ՄԻՊ-երից է, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չէ։

«Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ, և իմ օրվա հիմնական մասը չի անցնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է քաղաքացիների հետ շփումներով։ Գրեթե շաբաթ չկա, որ ես չլինեմ որևէ գյուղական բնակավայրում, խնամքի հաստատություններում: Ես անձնապես սոցիալական նախաձեռնությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում», - ասել է նա։

Oragir.News-ը ուսումնասիրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Անահիտ Մանասյանի աշխատանքային այցերը տարբեր կազմակերպություններ, բնակավայրեր և հաստատություններ և պարզել, որ մեկ ամսվա ընթացքում ամեն օր չէ, որ ՄԻՊ-ը աշխատանքային այցելություններ է ունեցել որևէ հաստատաություն։

Հետևաբար հարց է առաջանում՝ այն օրերին, երբ Անահիտ Մանասյանը որևէ աշխատանքային այց չի ունեցել, ինչո՞վ է զբաղվել, քանզի նա այն այն բացառիկ ՄԻՊ-երից է, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չէ։

Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրած հանդիպումները և դրանց ամսաթվերը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ:
ՄԻՊ Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ:

Սեպտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ:

Սեպտեմբերի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումն օգոստոսի 22-ին հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Մոդել Հայաստան» ծրագրի Լոռու մարզային թիմի երիտասարդներին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 4-րդ փառատոնին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը:

Սեպտեմբերի 6-ին ՄԻՊ Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է 1in.am-ի տաղավարում:

Oragir.News-ը նաև փորձեց կապ հաստատել ՄԻՊ գրասենյակ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Վերջերս ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ տարբեր միջոցառումների է մասնակցել, ավելին՝ Անահիտ Մանասյանը երգել է Աննա Հակոբյանի և նրա հյուրերի համար։

Արդյո՞ք ՄԻՊ-ը սա ևս ոչ գրասենյակային աշխատանք է համարում։

Ամենից շատ դիտված