Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում
copy image url

Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում

Ներքին 7 ամիս առաջ - 19:44 03-09-2024
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով՝ իր բոլոր հոլովաձեւերով: Օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան կետում, որտեղ ներկայացված են այն մարզաձեւերը, որոնք ներկայացնող մարզիկները, մարզիչներն ու բժիշկները, նույն կետում բերված միջոցառումներում 1-3-րդ տեղերը գրավելու համար պետության կողմից պարգեւատրվում են դրամական պարգեւներով, ավելացվում են կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձեւերը: Առաջարկվում է նաեւ սահմանել մարզաառողջարարական՝ ֆիթնես դահլիճներին ու մարզիչներին, լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ դեպքերը եւ այլն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «դրամաշնորհի ձեւով» բառերից հետո առաջարկվում է լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն»:

Քննարկման արդյունքում պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր, նշել նախագծի բացերը՝ առաջարկելով մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը լրամշակել այն:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: