Դաշնակցային անարգանք․ Պուտինը կպատժի՞ Ալիևին՝ ոչ պատշաճ ընդունելության համար 
copy image url

Դաշնակցային անարգանք․ Պուտինը կպատժի՞ Ալիևին՝ ոչ պատշաճ ընդունելության համար 

Արտաքին Միտք 8 ամիս առաջ - 15:30 19-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան պետական այցով ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Ռուսաստանի առաջնորդը Ադրբեջանի նախագահի նստավայրում Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ոչ պաշտոնական ընթրիքի է մասնակցել, իսկ պաշտոնական հանդիպումներն ու բանակցությունները նախատեսված են այսօր։

Հայտնի է, որ ռուս-ադրբեջանական բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով, որոնց օրակարգում կլինեն ոչ միայն երկկողմ և տարածաշրջանային հարցերն, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այս կապակցությամբ պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև այս համատեքստում կարևորել 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների բազան։

Հատկանշական է, որ թեև Ռուսաստանի նախագահը Ադրբեջան էր ժամանել պետական այցով, այնուամենայնիվ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում վերջինս արժանացել էր բավականին ցածր մակարդակի ընդունելության։ Բաքվի օդանավակայանում Վլադիմիր Պուտինին դիմավորեց ոչ թե իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը, ինչը պետական այցերի ժամանակ արարողակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է, այլ Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ համաշխարհային առաջնորդները, հատկապես Վլադիմիր Պուտինը, իրենց պետական այցերը հիմնականում այն երկրներ են կատարում, որոնց հետ ունեն բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ, իսկ նման դեպքերում վերջիններս ամենաբարձր մակարդակով են արժանանում ընդունելության։ Բացի այդ, սա 2023-ի մարտի 17-ից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը վերջինիս ձերբակալելու օրդեր տվեց, Պուտինի եզակի արտասահմանյան այցերից է, ուստի ենթադրվում էր, որ Իլհամ Ալիևը պետք է անձամբ դիմավորեր ռուս պաշտոնակցին։

Հիշեցնենք, որ երբ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահը այցելեց Հայաստան, Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում վերջինիս չդիմավորեց, այս իրողությունը մեր երկրում իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ, շատերը Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին հայ-ռուսական հարաբերությունները միտումնավոր կերպով վատթարացնելու և ՀՀ-ի համար նորանոր խնդիրներ ստեղծելու մեջ։ Ավելին՝ որոշ շրջանակներ անգամ պնդում էին, որ Արցախյան 44-օրյա պատերազմը և նրա աղետալի արդյունքները տեղի ունեցան բացառապես այն բանի համար, որ պատերազմից մեկ տարի առաջ Փաշինյանը օդանավակայանում չէր դիմավորել Պուտինին, և վերջինս այս ճանապարհով որոշել էր պատժել Հայաստանի ղեկավարին։

Ամենևին չցանկանալով ներգրավվել այն քննարկումների մեջ, թե Պուտինին օդանավակայանում չդիմավորելը ճի՞շտ որոշում էր, թե՞ սխալ, այնուամենայնիվ վստահաբար կարող ենք պնդել, որ Արցախյան 44-օրյա պատերազմը տեղի չունեցավ այն բանի համար, որ Փաշինյանը Պուտինին չդիմավորեց, իսկ վերջինս այս ճանապարհով վրեժխնդիր լինել։ Այլ հարց է, որ Ռուսաստանի նախագահին պատշաճ ընդունելության չարժանացնելը որոշակի ազդեցություն կարող էր ունենալ վերջինիս միջնորդական ջանքերի, կամ ռազմական գործողությունները հայկական կողմի համար ավելի ընդունելի պայմաններով դադարեցնելու հնարավորությունների վրա, սակայն պնդել, որ պատերազմը բռնկվեց բացառապես վերոհիշյալ իրողության հետևանքով, առնվազն ազնիվ չէ։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նախորդ տասնամյակների ընթացքում միշտ էլ փորձել է հարցը ուժային ճանապահով լուծել, սակայն հայկական դիվանագիտությունը, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը կարողացել են թշնամուն այնպիսի հակահարվածներ հասցնել, որ վերջինս հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու տարբերակից ձեռնպահ է մնացել։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ ու մեկը մյուսին հաջորդող բացթողումների հետևանքով ազատեց Ալիևի ձեռքերը, և վերջինս արդեն 2020-ի սեպտեմբերին հակամարտությունն ագրեսիայի ճանապարհով լուծելու հնարավորություն ստացավ, իսկ ռուսական կողմն էլ Ալիևի հավակնությունները չզսպեց, կամ զսպելու ցանկություն չարժանացավ։

Ստեղծված իրավիճակում եթե մի պահ առաջնորդվենք այն պնդումներով, որ 44-օրյա պատերազմը 2019-ի հոկտեմբերին Պուտինին չդիմավորելու պատիժն էր, ու Նիկոլ Փաշինյանի մի որոշումը ողբերգական հետևանքներ ունեցավ ողջ հայ ժողովրդի համար, ապա հարց է առաջանում, թե այս դեպքում Ռուսաստանի նախագահն ինչպես կպատժի Ադրբեջանի նախագահին՝ իրեն նման ցածր մակարդակի ընդունելության արժանացնելու համար։ Ընդ որում, եթե առաջնորդվում ենք այս կանխավարկածով, ապա Պուտինն Ալիևին պետք է ավելի խիստ պատժի, քան Նիկոլ Փաշինյանին, քանի որ 2019-ին նա Հայաստան էր ժամանել աշխատանքային այցով՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով, իսկ Ադրբեջան, ինչպես արդեն նշեցին, ՌԴ նախագահը ժամանել է պետական այցով։

Ներկայումս Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակությունը չափազանց մեծացել է, վերջինս հենց այս երկրի տարածքով է իր նավթն ու գազը մատակարարում եվրոպական շուկաներ, ուստի իրատեսական չէ ակնկալել, որ ՌԴ նախագահը ստեղծված իրավիճակում կփորձի պատժել Ալիևին։ Բացի այդ, եթե անգամ վերջինս նման ցանկություն ունենա, ապա ներկայիս իրողությունների պայմաններում իրեն նման շռայլություն թույլ չի տա ու կնախընտրի սպասել առավել բարենպաստ իրավիճակի։

Այսպիսով՝ չնայած 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրեցին, սակայն երկու երկրների հարաբերություններն իրականում հեռու են դաշնակցային լինելուց, ինչի լավագույն վկայությունը Բաքվի օդանավակայանում Պուտինի արժանացած ընդունելության մակարդակն էր։ Իրականում սա Ալիևի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ անարգանքի դրսևորում էր, քանի որ Պուտինն Ադրբեջան էր ժամանել պետական այցով, իսկ նման այցերի դեպքում արարողակարգը ենթադրում է ամենաբարձ մակարդակով դիմավորում հենց օդանավակայանում։

Միևնույն ժամանակ Պուտինին ցածր մակարդակով ընդունելու իրողությունը չի նշանակում, որ վերջինս պետք է Ալիևին պատժի, կամ նրանից վրեժխնդիր լինի։ Ստեղծված իրողությունների պայմաններում Պուտինն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տա, իսկ եթե այնուամենայնիվ դա տեղի ունենա, ապա Ալիևի հնարավոր «պատիժը» չի լինի այն տեսքով, ինչից վերջինս տևական ժամանակ ուշքի չի գա։

Հավելենք, որ քաղաքականության մեջ պետությունների, հատկապես գերտերությունների ղեկավարները ղեկավարներն առաջնորդվում են ոչ թե զգացմունքներով, այլ իրենց երկրների շահերով, և եթե պետական շահը պահանջում է, ապա վերջիններս մի կողմ են դնում իրենց անձնական վերաբերմունքը և գործում՝ ելնելով պետական շահից․

Ասվածը հիմնավորենք ռուս-թուրքական հարաբերությունների հետաքրքիր մի դրվագով․ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական զինուժը Սիրիայի տարածքում խոցել էր ռուսական ՍՈւ 24 ինքնաթիռը, վերջինիս օդաչուն զոհվել էր, ու այս միջադեպի հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվել էին, սակայն 1 տարի չանցած՝ 2016-ի հուլիսին, Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրեց իր դեմ նախապատրաստվող հեղաշրջման փորձի մասին, որի շնորհիվ Էրդողանին հաջողվել պահպանել իշխանությունը, ու այս միջադեպից հետո երկկողմ հարաբերությունները սկսեցին բարելավվել։

Դավիթ Գույումջյան