Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագիրքը, որն իր նախորդի՝ 7-րդ դասարանի դասագրքի նմանությամբ արժանացել էր բազմաթիվ մասնագետների քննադատությանը, դժգոհություններ էր առաջացրել նաև Մոսկվայում։ Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն
ուշադրություն էր հրավիրել դասագրքի կասկածելի բովանդակության վրա՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով թույլ չտալ այդ դասագրքի օգտագործումը հանրակրթական դպրոցներում։
Ռուսական կողմին վրդովվեցրել էր հատկապես «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» ձևակերպումը, և ՌԴ ԱԳՆ-ից նշել էին, որ այդ «սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները»։ Ռուսական կողմից այս հայտարարությունից ժամեր անց ԿԳՄՍ նախարարարությունը տեղի տվեց՝ հայտարարելով, որ
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։
Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ բռնակցում նշանակում է որևէ մի երկրի անկախ պետականության լուծարում և բռնությամբ մեկ այլ երկրին միացում։ Նա հիշեցրեց, որ 1801-ից մինչև 1828 թվականը, այսինքն՝ Արևելյան Վրաստանի բռնակցումից մինչև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումն Արևելյան Հայաստանի զգալի մասը, որը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ և ուներ խանությունների կարգավիճակ, միացվեց Ռուսաստանին։
«Ցավոք մենք այդ ժամանակ չունեինք պետականություն, և եթե մի երկիր չունի պետականություն, ապա ինչպես կարելի է մեկ այլ երկրի կողմից նրա գրավումը որակել որպես բռնակցում։ Վրաստանի պարագան բոլորովին ուրիշ էր և համետելի չէ Հայաստանի հետ․ նրանք ունեին պետականություն, և 1801 թվականին այդ պետականությունը վերացվեց ու երկիրը բռնակցվեց Ռուսաստանին»,- ասաց նա։
Պատմաբանը շեշտում է՝ սովետական տարիներին կար մի հետաքրքիր ձևակերպում առ այն, որ հայ ժողովրդի ազատագրական ձգտումները համընկնում էին ցարիզմի արտաքին նվաճողական քաղաքականության հետ։ Նրա համոզմամբ՝ այս բանաձևն այսօր կարելի է մի փոքր վերանայել, սակայն բոլոր դեպքերում հիմնական պարամետրերով այն համապատասխանում է իրականությանը․ «Դրա համար էլ այդ բռնակցում եզրույթը Արևելյան Հայաստանի միացման կամ գրավման բառակապակցության փոխարեն կիրառելը և՛ գիտական, և՛ քաղաքական առումով սխալ է»։
Oragir.News-ի հարցին, թե դպրոցական դասագրքում ինչո՞ւ է այդպիսի ձևակերպում տեղ գտել՝ Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, որ ըստ երևույթին այսօրվա հայ-ռուսական անհասկանալի հարաբերությունների պարագայում սա դիտարկում է Հայաստանի կողմից նեղացածության կամ Ռուսաստանին ձեռնոց նետելու քայլ, որը պատմականության սկզբունքի հետ ոչ մի կապ չունի։ Նա ընգծում է, որ պատմությանը պետք է նայել ոչ թե տվյալ պահի կտրվածքով, այլ ամբողջության մեջ։
«Այս իմաստով ժամանակի թելադրանքով, բռնակցում բառը գործածելով, մեկ անգամ ևս հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը մեծացնելը ճիշտ չէ։ Դա գիտական ու քաղաքական առումով սխալ է»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին, թե, իր կարծիքով, այս դասագրքերը կհանվե՞ն շրջանառությունից, թե՞ նախորդի օրինակով կհայտնվեն աշակերտների սեղանին՝ Աշոտ Մելքոնյանը պատասխանեց․
«Ելնելով այսօրվա դառը փորձից՝ կարող եմ ասել, որ դրանք կարող են մնալ շրջանառության մեջ։ Նույն 7-րդ դասարանի կապակցությամբ Հայաստանում պատմաբան չմնաց, որ չքննադատեց այն, բոլորը ստորագրահավաք արեցին, ավելի քան 100 մարդ ստորագրեց, որ այդ դասագիրքը պիտանի չէ ու պիտի հանվի շրջանառությունից, բայց նախարարությունը պահեց այն։ Հիմա նույն օրինակով այս դասագիրքը ևս թեև սկզբնական շրջանում հայտարարվել է, որ մրցույթը չի շահել, սակայն հետո չգիտես ինչպես հրաշք տեղի ունեցավ, մրցույթը շահեց, նախարարությունն իր դիրքորոշումը փոխեց և այդ բռնակցում տերմինով հանդերձ դասագիրքը մտավ շրջանառության մեջ»։
Անդրադառնալով ԿԳՄՍ-ի այսօր տարածած հայտարարությանը, որ բռնակցում տերմինն առաջիկայում կփոխվի՝ Աշոտ Մելքոնյանը մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ և նշեց, որ դա շատ տգեղ երևույթ էր։ Նրա խոսքով՝ ստացվում է, որ ի սկզբանե մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում, սակայն բարձրացած աղմուկից հետո հայտարարում են, որ դասագրքում փոփոխություններ կկատարվեն։
«Մենք այդ կապակցությամբ ժամանակին մեր դիտողությունները կատարել էինք, քանի որ այդ դասագրքերն ուղարկել էին մեզ՝ Պատմության ինստիտուտ՝ կարծիք ստանալու։ Մենք գրել էինք նաև դրա մասին, բայց տեսեք՝ դա ոչ մեկ հաշվի չառավ, դասագիրքը մտցրեցին շրջանառության մեջ, որից հետո աղմուկ բարձրացավ ու Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո հայտարարեցին, որ բռնակցում տերմինը կփոխվի»,- նշեց նա։
Իր խոսքն ամփոփելով՝ Աշոտ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում դասագիրք գրելը դարձել է քաղաքական առևտրի առարկա։
Դավիթ Գույումջյան