Հանրային խոսույթում մտահոգություն է տարածվում, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է Թուրքիայի պահանջով փակել Մեծամորի ատոմակայանը։ Այս մտահոգության համար հիմք է ծառայում երկու բան՝ 2021-ի հունվարին ընդունված Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և օգոստոսի 1-ին կառավարության նիստում ընդունված որոշումը ատոմային նոր էներգաբլոկ (էներգաբլոկներ) կառուցող պետական ՓԲԸ ստեղծելու մասին։
Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում նշվում է, որ 2026-ին լրանում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Եվ հնարավոր է՝ ատոմակայանն ամբողջապես փակվի այդ ժամանակ։ Սակայն չի բացառվում, որ ուսումնասիրությունների դրական արդյունքի պարագայում, և հավելյալ 150 մլն դոլարի ներդրում կատարելով, հնարավոր լինի շահագործումը երկարաձգել մինչև 2036 թվականը։
Ատոմակայանը որոշակի զսպող գործոն է Թուրքիայի զավթողական պլանների համար։ Եթե նա, օգտվելով հարմար պահից ու ռուս-ադրբեջանական աջակցությունից, ներխուժի ՀՀ, ապա ատոմակայանից այն կողմ չի կարող անցնել, քանի որ ատոմային օբյեկտները միջազգային պաշտպանության տակ են միջուկային անվտանգության նկատառումներով։ Սա է պատճառը, որ Թուրքիան հրապարակավ պահանջում է փակել ՀԱԷԿ-ը, մատնանշելով, որ այն չի համապատասխանում միջազգային պահանջներին և վտանգ է տարածաշրջանի համար։ Վերջին նման պահանջը Թուրքիան ներկայացրել է 2023-ի հոկետմբերին, դիմելով ՄԱԳԱՏԷ-ին։ Այն ժամանակ ռուս-թուրք-ադրբեջանական թշնամիները դեռ հույս ունեին, որ կարող են միասնաբար զավթել Սյունիքի մի հատվածն, անունը դնելով՝ «Զանգեզուրի միջանցք»։
Սակայն նույն թվականի դեկտեմբերի 5-ին «Արմենպրեսի» հետ զրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, պատասխանելով հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորո՞ւմ է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, պատասխանել է. «Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա, ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա»։ Այսպիսով՝ միջազգային էներգետիկ կառույցի ղեկավարը պարզ ակնարկել էր, որ խնդիր չկա, և ատոմակայանի շահագործումը կարող է շարունակվել։
Այս միանշանակ պատասխանից հետո ամրապնդվեց հույսը, որ երկարաձգման տարբերակով են գնալու մինչև 2036։ Սակայն ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի որոշումը սառը ջուր լցրեց։ 200 մլն դրամ հիմնադիր կապիտալով ստեղծած ՓԲԸ պետք է առաջիկայում կառավարությանը ներկայացնի, թե որ երկրի մոդելով, որտեղ, ինչ հզորությամբ ատոմային էներգաբլոկ կամ էներգաբլոկներ կարող են կառուցել։ Սա արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ ՀԱԷԿ-ը 2026-ին հաստատ փակվելու է։
Եթե նկատենք, որ ՀՀ-ում ատոմակայան կառուցելու հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ապա կարելի է ասել, որ ատոմակայանի թեման աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Ամերիկյան կամ ֆրանսիական խոշոր ներդրումներով նոր էներգաբլոկներ կառուցելու պարագայում ՀՀ տնտեսությունը զարգացման նոր խթան կստանա, արևմտյան աջակցությունը կհիմնավորվի տնտեսական ընդհանուր շահերով, որոնք նաև աշխրահաքաղաքական էֆեկտ կունենան և կամրապնդեն ՀՀ ինքնիշխանությունը։
Մակերեսային դիտարկմամբ՝ ընտրությունը պարզ է։ Եթե ՀՀ-ն անկախ երկիր է, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, ապա նոր ստեղծված ՓԲԸ-ն ընդառաջ կգնա ամերիկյան և ֆրանսիական առաջարկներին ու կկառուցի ՀՀ տնտեսությանը նպատակահարմար էներգաբլոկներ ու ատոմակայաններ։ Սակայն, ցավալիորեն պետք է նկատել, որ Փաշինյանի իշխանությունն իրավիճակին չի տիրապետում և չի կարող ապահովել արևմտյան ներդրումների անվտանգությունը։
Օրինակ՝ Երախսում ուզում էին հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան բացել։ Նույնիսկ ամերիկյան դրոշ էին բարձրացրել։ Սակայն կառուցման նախնական փուլում այն քանի անգամ գնդակոծվեց ադրբեջանական կողմից։ Ու գործարանի կառուցման ծրագիրը խեղդվեց օրորոցում։ Նույնը սպասվում է ատոմային էներգիայի արտադրության ոլորտում ամերիկյան կամ ֆրանսիական ներդրումների հետ։
Պարզ ասած՝ քանի դեռ ՀՀ-ն չի լուծել հայ-ռուսական չգործող և ապօրինի պայմանագրերը, դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից և ռուսական դոմինանտությամբ գործող մյուս ախոռներից, շարունակում է մնալ ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների ծիրում, ապա ՀՀ-ում չեն կարող իրականացվել արևմտյան լուրջ ներդրումային ծրագրեր։ Մասնավորապես՝ նոր ստեղծված ՓԲԸ-ն, ինչքան էլ շահավետ առաջարկներ ստանա ԱՄՆ-ից կամ ԵՄ-ից, չի փորձելու հաղթահարել ռուս-թուրք-ադրբեջանական դիմադրությունը։ Այսինքն՝ կատարելու են թուրքական պահանջը, ատոմակայանը փակելու են 2026-ին, մսխելու են 200 մլն դրամ հանրային միջոցները, արևմտյան ներդրումներ չեն ներգրավելու ու ոչ մի նոր էներգաբլոկ էլ չեն կառուցելու։ Փաշինյանն այս խայտառակ ձախողումը ներկայացնելու է հաղթանակ, թե ինչպես ազատեց ժողովրդին ռուսական էներգետիկ կախվածությունից ու փակեց դարն ապրած սովետական ատոմակայանը, որը շատ էժան էներգիա էր արտադրում, էկոլոգիապես, համեմատաբար, անվնաս էր և անվտանգային յուրատեսակ վահան էր արտաքին ներխուժման դեմ։
Թաթուլ Մկրտչյան