Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ իշխանությունների ուշադրության թիրախում են։ Նրանց ուղղված սոցիալական ծրագրեր են իրականացվում՝ բնակարանային ապահովման, աշխատանքի տեղավորման և այլն։ Առաջին հայացքից՝ սա հոգատարության դրսևորում է։ Սրանից զատ՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, հորդորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են Հայաստանի Հանրապետություն) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար:
Սա արդեն սոցիալական նախաձեռնություն չէ։ Ինչու՞ արցախցիների գաղթից մոտ 11 ամիս անց հիշեցին արցախցիների մոտ գտնվող զենքերի հաշվառման և հավաքման մասին։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է 3 վարկած։
Առաջին ենթադրությունը վերաբերում է արցախցիների հավանական վերադարձին։ Եվ ենթադրվում է, որ այս պահանջը բարձրացրել է Բաքուն։ Նա չի հավատում, որ կարող է մարսել Արցախը։ Հիշեցնենք՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտնի հարցազրույցից հետո բացահայտվել է, որ արցախցիների հնարավոր վերադարձի թեման օրակարգային է։ Եվ եթե տեսանելի ապագայում արցախցիները վերադառնալու են հայրենիք, ապա պետք է այսօր զինաթափվեն, հանձնեն զենքերը՝ ներառյալ որսորդական հրացաններն ու պարգևական զենքերը։ Այսինքն՝ սա անվտանգային նախաձեռնություն է Ադրբեջանի համար, որ Արցախ վերադարձող հայը զինված գործողություն անելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունենա։ Հիշեցնենք, որ Արցախը զավթելուց հետո ադրբեջանցիների առաջին պահանջը վերաբերում էր արցախցիների զինաթափմանը։ Այս տեսանկյունից ՆԳՆ նախաձեռնությունը կարելի է որակել որպես արցախցիների զինաթափման ադրբեջանական գործընթացի տրամաբանական շարունակությունը։
Երկրորդ վարկածը դավադրությունների տեսությունների շարքից է։ Այն տարածվում է ՔՊ-ամերձ շրջանակներից։ Ասում են, թե մերձավորարևելյան ճգնաժամի սրացման ֆոնին ոչ միայն Իսրայելն, այլև մի շարք երկրներ հայտնվելու են ահաբեկչական թիրախում։ Եվ այս առումով ենթադրվում է, որ քաղաքակրթության դեմ պայքարի ելած ահաբեկիչները կարող են թափանցել ՀՀ, մոլորեցնել կորուստներից ցնցված արցախցիներին և ի չարս օգտագործել նրանց մոտ պահվող զենքը, որը ՆԳՆ-ում հաշվառված չէ։ Եվ իշխանությունները, հավաքելով արցախցիների զենքերը, իբր՝ փորձում են չեզոքացնել այդ ռիսկերը։
Երրորդ վարկածը ներքաղաքական աստառ ունի։ Վերջին շրջանում արցախցիների մի մասը հասարակական-քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, մասնակցում ցույցերի, հանրահավաքների։ Ենթադրվում է, որ այս ակտիվությունը կարող է գեներացվել և գործոն դառնալ առաջիկա ընտրությունների ժամանակ։ Հայտնի է, որ զենք ունեցող մարդն ավելի ինքնավստահ է։ Զենքը հավելյալ արիություն է հաղորդում մարդուն։ Եվ դիմացինն էլ զգուշավոր է վերաբերվում զինված մարդուն, հաշվի առնելով զենքի կիրառման ռիսկը։ Եթե արցախցիների մոտ զենք մնա, ապա նրանք, ենթադրաբար, կարող են չվախենալ նիկոլական պողպատե մանդատից ու չագուչային սպառնալիքներից, չտրվել մանիպուլյացիաներին։ Այսինքն՝ արցախցիների աջակցությունը վայելող ուժերը կարող են առնվազն՝ լուրջ դիմադրություն ցույց տալ ՔՊ-ին։ Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ն ընտրական գործընթացներում շահագործում է նույն թաղային հեղինակություններին, ապա վերջիններիս գործը դյուրացնելու համար անհրաժեշտ է հանել հավանական դիմադրողների ատամները։
Կարճ ասած՝ խտրական վերաբերմունք է դրսևորվում արցախցիների նկատմամբ։ Մի կողմից իշխանություններն օրենքով զենք կրելու իրավունք են տալիս ՀՀ քաղաքացուն, մյուս կողմից հավաքում արցախցիների մոտ եղած զենքերը, ներառյալ որսորդականն ու պարգևականը։ Եվ եթե վերը նշված վարկածներից ոչ մեկն իրական չէ, ապա ՀՀ իշխանություններն առաջիկայում պետք է փոփոխություն կատարեն զենքի մասին հայտնի օրենքում և արցախցի մեր հայրենակիցներին ևս օժտեն զենք կրելու հավասար իրավունքով, ինչպիսին ունեն ՀՀ քաղաքացիները։
Թաթուլ Մկրտչյան