Որպես ՀՀ քաղաքացի, նախանձում եմ թշնամական պետությանը և նրանց պրոֆեսիոնալներին․ Վահե Բալբաբյան
copy image url

Որպես ՀՀ քաղաքացի, նախանձում եմ թշնամական պետությանը և նրանց պրոֆեսիոնալներին․ Վահե Բալբաբյան

Միտք 8 ամիս առաջ - 20:19 07-08-2024
Գործարար Վահե Բալբաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փորձեմ մասնագիտական տեսանկյունից հակիրճ բացատրել «Յուսուֆ Դիկեչի ֆենոմենը» կամ ինչպես է Թուրքիան շատ էֆեկտիվ աշխատում սեփական միջազգային իմիջի բարձրացման վրա։

Մասնագետների համար վաղուց ակնհայտ է, որ Էրդողանի Թուրքիան շատ ագրեսիվ, պրոֆեսիոնալ ու էֆեկտիվ աշխատում է իր միջազգային իմիջի բարձրացման վրա՝ դրանով լուծելով թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ, թե տնտեսական խնդիրներ։ Դա ակնհայտ երևում է ռեբրենդինգից սկսած, երբ այդ պետությունը Turkey-ից՝ հնդկահավից, դարձավ Türkiye, մինչև Turkish Airlines-ի սուբսիդավորումը, որպեսզի Ստամբուլի օդակայանը դառնա միջազգային առաջատար հաբը, մինչև ագրեսիվ տուրիստական կամպանիաները, որոնց շնորհիվ Թուրքիան 2023-ին ընդունել է շուրջ 55 միլիոն տուրիստ և 5-րդ հորիզոնականում է, մինչև աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ ու փոքր ցուցահանդեսներին միջազգային տաղավարների 20-25%-ը զբաղեցնելը։

Օլիմպիադայի նման համաշխարհային իրադարձությունն էլ չէր կարող բացառություն լինել Թուրքիայի իմիջի վրա աշխատող պրոֆեսիոնալ թմի համար։ Եվ քանի որ որևէ երկրի կամ ընկերության համար նման մասշտաբի միջոցառմանը սեփական գովազդային բաներներն ու հոլովակները ահռելի գումարների հետ են կապված, նրանք որոշեցին գնալ ավելի էժան ու ավելի էֆեկտիվ ճանապարհով՝ ստեղծելով այսպես կոչված viral content՝ վիրուսային բովանդակություն, որը բարձր մակարդակի իրազեկում է ապահովում սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում, ագրեգատորներում, էլ. փոստի տեղեկագրերում և որոնողական համակարգերում՝ տարածումների և ազդեցության շնորհիվ:

Եվ այսպես, նրանց մասնագետներն ընտրում են մի հրաձիգի, ով միջին տարիքի, գրավիչ, ճիշտ դիմագծերով ու մարմնի կառուցվածքով, մի քիչ սպիտակացրած մազերով ու թրենդային սանրվածքով, հանդարտ շարժումներով մի տղամարդ է, նաև սպա է, ով մաչոյի (քիլլերի, գաղտնի գործակալի՝ Ջեյմս Բոնդի) կերպարով գալիս, առանց որևէ հատուկ հանդերձանքի, ձեռքը գրպանը դրած, կրակում է ու շահում Օլիմպիական արծաթ։ Իրականում նրանց նպատակը ոսկին էր, բայց չստացվեց, չնայած որ գաղափարը գերազանց աշխատեց։

Հրաձգային սպորտի մասնագետների կարծիքով ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, քանի որ Դիկեչը մեծ ականջակալների փոխարեն օգտագործել է խթաններ ականջները պաշտպանելու համար (նկարներում երևում է), նա և նրա թիմակիցը, ում հետ որ շահել են արծաթը կրել են նույն ակնոցները, որոնք արտաքինից հասարակ ակնոցի են նման, սակայն հատուկ մշակված հակառեֆլեկտիվ ակնոցներ են, որոնք կատարում են նույն ֆունկցիան, ինչ մնացած հրաձիգներինը, իսկ ձեռքը գրպանում դնելը դա շատ սովորական մի բան է, որ հրաձիգներն անում են հավասարակշռությունը պահպանելու համար՝ ձեռքը դնում են գոտկատեղին կամ գրպանում։ Նրա միակ տարբերությունը մնացածի նկատմամբ նա է, որ նա կրակում է ձախ աչքը բաց, դա էլ երևի կապված է նրա հետ, որ կամ նրա ձախ աչքը կույր է կամ էլ ինչ-որ հատուկ տեխնիկայի է տիրապետում, որ կարողանում է կուրացնել ձախ աչքը կրակելուց առաջ։

Ի դեպ, Յուսուֆը վաղուց է մասնակցում տարատեսակ մրցաշարերին և երբեք զգալի արդյունք չի գրանցել, հատկապես անհատական մրցումներում և Օլիմպիական արծաթը նա նվաճել է թիմային պայքարում իր թիմակցի շնորհիվ, ում կցել էին Յուսուֆին հենց այս մարքեթինգային արշավի համար, ով թուրքական հրաձգային հավաքականի լավագույն հրաձիգներից է և կին է։ Սակայն նրա մասին բացարձակ չի լուսաբանվում, ինչը այսպիսի վիրուսային արշավների համար շատ հատկանշական է։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչու այս կերպարը դարձավ վիրուսային և ինչպես այն լավ աշխատեց։ Ի՞նչ հաշվարկներ են եղել թաքնված Թուրքիայի իմիջի վրա աշխատող մասնագիտական թմի մոտ։

1. Նախ՝ Յուսուֆը միջին տարիքի, գրավիչ, ճիշտ դիմագծերով ու մարմնի կառուցվածքով, մի քիչ սպիտակացրած մազերով ու թրենդային սանրվածքով, հանդարտ շարժումներով մի տղամարդ է, ով նաև սպա է։ Մաչոյի, քիլլերի, գաղտնի գործակալի՝ Ջեյմս Բոնդի, կերպար է։ Այսպիսի կերպարները շատ ձգող են, հատկապես հետբալզակյան տարիքի չբավարարված կանանց համար, որոնք մեծամասնություն են կազմում կանանց մեջ։ Չնայած նրան, որ նա ամենևին քիլլեր կամ գաղտնի գործակալ չէ, ինչպես նրան ներկայացրեցին այս արշավի մասնագետները, այլ սովորական մի ժանդարմ։ Օդամղիչ ատրճանակով 10 մետրից և դիպուկահար հրացանով 300-1000 մետրից կրակելու համար տարբեր հմտություններ են հարկավոր։

2. Հրաշքի և անսպասելի հաջողության մասին գաղափարը. Մարդկանց գերակշռող մեծամասնությունը սիրում է հրաշքների մասին պատմություններ: Մի հասարակության մեջ, որտեղ հաջողությունը կապված է երկար նախապատրաստության ու տքնաջան աշխատանքի հետ, Յուսուֆի պատմությունը խախտում է նորմը: Ինչու՞ տարիներ շարունակ մարզվել, երբ կարող ես, օրինակ, նախկին կնոջդ հետ վեճից հետո զենք վերցնել ու մեդալներ նվաճել։

3. Ինքնասոցիացիան Յուսուֆի հետ. Մարդիկ իրենց ասոցացնում են կերպարների հետ, որոնք իրենց մտերիմ են թվում: Յուսուֆը՝ ջինսով և շապիկով, ներկայացնում է «սովորական մի մարդու»՝ ստիպելով շատերին իր հետ կապ զգալ՝ «Եթե ​​Յուսուֆը կարող էր դա անել, ես նույնպես կարող եմ»: Մի աշխարհում, որտեղ մեծ ձեռքբերումները ասոցացվում են քրտնաջան աշխատանքի և ներդրումների հետ, Յուսուֆի պատմությունը հակաօրինակ է: Այս օրինակը ցույց է տալիս, որ դուք կարող եք հաջողության հասնել առանց հատուկ պայմանների։

4. Ձեռքբերումների քննադատություն և արժեզրկում. Յուսուֆի պատմությունը արժեզրկում է պրոֆեսիոնալ մարզիկների նվաճումները։ Մարդիկ օգտագործում են այսպիսի օրինակները, որպեսզի ընդգծեն, որ հաջողությունը կախված է ոչ այնքան քրտնաջան աշխատանքից, ինչքան ավելի շատ բախտից: Մի հասարակությունում, որտեղ ձեռքբերումները չափվում են փողով և կարգավիճակով, Յուսուֆի պատմությունը քննադատում է համակարգը: Ի վերջո, եթե նույնիսկ հասարակ ավտոմեխանիկը կամ ժանդարմը կարող է մեդալ նվաճել, ապա ի՞նչու են հարկավոր թանկարժեք մարզիչներն ու մարզադահլիճները։

Յուսուֆի պատմությունը դառնում է խորհրդանիշ, որ հաջողությունը կարող է գալ ցանկացած վայրից, և յուրաքանչյուրը կարող է արդյունքի հասնել: Եվ ո՞վ գիտի, միգուցե հաջորդ անգամ դուք կամ ձեր հարևան սանտեխնիկ Լենդրուշը Օլիմպիական մեդալ կնվաճեք:

Այս ամենի վրա ժամանակ ծախսեցի և գրեցի ոչ թե նրա համար, որ նախանձում եմ Յուսուֆին կամ գովերգում եմ Թուրքիային, այլ որ որպես ՀՀ քաղաքացի նախանձում եմ թշնամական պետությանը և նրանց պրոֆեսիոնալներին։ Այս օրինակը պարզ ցույց է տալիս, որ մենք կարող ենք առանց հսկայական ծախսերի աշխատել մեր երկրի իմիջի բարձրացման վրա, առանց միլիարդավոր դրամներ քամուն տալու պարգևավճարների ու երրորդ կազմակերպությունների վրա, որոնց արդյունքն ընդամենը կրծած Armenia գրելն է, ինչ-որ անհասկանալի ու տխուր The Hidden Track սլոգանով։ Չէ՞ որ մենք էլ այսօր ունենք Սպիտակ արջի նման օլիմպիական կերպարներ, որոնց հաղթանակները սակայն Հանրայինը հարկ է համարել չցուցադրել»։