Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը տարբեր պատրվակներով ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ առաջ քաշելով այնպիսի նախապայմաններ, որոնք անգամ մեծ ցանկության պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող կարճ ժամանակում իրագործել։ Եթե սկզբում այդ նախապայմանները սահմանափակվում էին Արցախով, ու Ալիևի ռեժիմը պահանջում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հրաժարվել նրա հանդեպ բոլոր հավակնություններից, ապա այդ պահանջը կատարելուց, ավելի ուշ նաև Արցախը լիակատար բռնազավթելուց հետո ադրբեջանական կողմը օրակարգ բերեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտության» մասին առաջին անգամ խոսել էր դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի 1-ին տարելիցի կապակցությամբ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Ալիևը պնդել էր, թե, իբր Հայաստանի մայր օրենքը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին ու Հայաստանի ու Արցախի վերամիավորման ակտին։
Պաշտոնական Բաքուն Հայաստանի Հանրապետության մայր օրենքը փոխելու պահանջն ակտիվորեն սկսեց օրակարգ բերել՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը հանձնել Ադրբեջանին՝ պնդելով, որ «իրականում Հայաստանը ոչ թե 4 գյուղ է հանձնել, այլ Ադրբեջանից վերցրել է լեգիտիմ պատերազմ սկսելու վերջին հնարավորությունը»։ Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, և քանի դեռ այն չի փոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։
Ադրբեջանից հնչող պահանջների ֆոնին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները թեև չէին բացառում, որ Հայաստանը կարող է փոխել իր Սահմանադրությունը, սակայն պնդում էին, որ դա տեղի չի ունենալու Ադրբեջանի պահանջով և նշում, որ դա Երևանի ներքին գործն է։ ՀՀ Մայր օրենքը փոխելու անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանը պատկերավոր կերպով հիմնավորել էր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում․ «Պատկերացրեք, երկուսով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք՝ ճանապարհի եզրերին ցուլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կայացնենք: Ի դեպ, այդ շորն ինձ համար գործել է տատիկս: Բարդ ճանապարհ է, պետք է որոշում կայացնենք: Պետք է այդ ճանապարհը անցնենք»։
Հատկանշական է, որ նախորդ ամիսներին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը հանրությանը վստահեցնում էին, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը բացառապես մեր երկրի ներքին գործն է, և հայկական կողմն այն չի քննարկում Բաքվի հետ, սակայն այսօր հայտնի դարձավ, որ այս հարցում նույնպես Նիկոլ Փաշինյանը ստել է հանրությանը և Սահմանադրության փոփոխության հարցը Երևանը համաձայնեցնում է Բաքվի հետ՝ դարձնելով վերջինիս հետ իրականացվող բանակցությունների առարկա․
Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում վերահաստատել է իր ղեկավարի հայտարարությունն առ այն, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել՝ ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ Հայաստանի վարչապետն այս հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է և որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, դա ևս տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ Եթե Հայաստանը ցանկանում է մշակել նոր Սահմանադրություն, դա իր ներքին գործն է և իրավունքը, խոսքը՝ նախաբանը փոխելու մասին է: Դա չի պահանջում տարիների քննարկում»,- ասել է Ամիրբեկովը։
Վերջինս նաև չի թաքցրել, որ Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ փակել Արցախի հիմահարցը, որպեսզի եթե անգամ հետագայում բարենպաստ իրավիճակ ստեղծվի, Հայաստանն այլևս չկարողանա հարցն օրակարգ բերել։ «Ավելին, եթե իրավական խութեր մնան [Հայաստանի Սահմանադրությունում-խմբ,], դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է նա:
Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստում է հայ հանրությանը, և վերջինիս հայտարարարություններն ու գործողությունները հակասում են իրար։ Մինչ Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում են, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է, պաշտոնական Երևանն իրականում այս հարցը համաձայնեցնում է Բաքվի հետ։ Իշխանական թևից գուցե կպնդեն, որ Ամիրբեկովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և վերջինս դրանով փորձում է ազդել Հայաստանում տիրող տրամադրությունների վրա, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև դրան հաջորդած ժամանակահատվածում բազմիցս համոզվել ենք, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները հակասում են իրար, ապա հետագայում պարզվում էր, որ իրականությանը համապատասխանում է հենց Բաքվի հայտարարությունը։
Այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է առաջ հեռացվի իշխանությունից, և բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ներքին տարաձայնությունները, միավորվեն Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ։ Փաշինյանի շարունակվող պաշտոնավարման հետևանքով միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերն օրեցօր ավելի են խորանում, ինչպես նաև վերջինս իր քայլերով խոցելի է դարձնում նաև հաջորդ իշխանությանը, որպեսզի իր պաշտոնավարման հետևանքով ստեղծված իրավիճակն անշրջելի դառնա։
Եթե անգամ Հայաստանը Ադրբեջանի պահանջով փոխի իր Սահմանադրությունը, ապա դրանից հետո Բաքվի մոտեցումը չի փոխվելու և վերջինս խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար նոր պահանջներ է առաջ քաշելու։
Ենթադրում ենք, որ Ադրբեջանը հաջորդիվ պահանջելու է, որ Հայաստանը համաձայնի այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձին, որի շուրջ արդեն 2 տարի է, ինչ Ադրբեջանում պետական մակարդակով քննարկումներ են ծավալվում, և Ալիևի ռեժիմը նախատեսում է Հայաստանում ավելի քան 300 հազար ադրբեջանցու բնակեցնել։