Գաղտնիք չէ, որ Թուրքիան ուղղակի մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին, որը ռազմական գործողություններում Ադրբեջանի հաղթանակն ապահոված հիմնական, եթե ոչ գլխավոր գործոններից մեկն է եղել։ Անկարան չի սահմանափակվել միայն քաղաքական աջակցությամբ և սպառազինության մատակարարմամբ, շատ դեպքերում հենց թուրք զինվորականներն են հրամանատարական կետերից ղեկավարել ռազմական գործողությունները, բացի այդ թուրք զինվորականներն ու այդ երկրից բերված վարձկանները մասնակցել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային։
Չնայած նախորդ 4 տարիներին թուրքական կողմը տարբեր մակարդակներով խոսել է պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության մասին, օրերս այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Թուրքիան ուղղակի մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին, ավելին՝ Իսրայելին սպառնալով, որ Թուրքիան կարող է մուտք գործել Իսրայել, ինչպես դա արել է Արցախում և Լիբիայում։ «
Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մուտք գործեցինք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք Իսրայելի հետ անել։ Նման բան չանելու որևէ պատճառ չունենք։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք դիմել այդ քայլին։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա Պաղեստինում նման խելահեղ գործողությունների դիմել»,- կիրակի օրը Ռիզեում իր կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
Հատկանշական է, որ Թուրքիայի առաջնորդի այս հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ էր, քան ամենաբարձր ամենաբարձր մակարդակով արված ինքնախոստովանություն, Ադրբեջանում հիստերիայի ալիք է բարձրացրել, և այդ երկրում որոշել են հերքել անհերքելին՝ 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։
Ադրբեջանական 1news.az լրատվականը գրում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք պաշտոնյաները խոսել են Արցախը գրավելու, «Ադրբեջանի ինքնիշխանությունը վերականգելու» և նույնիսկ ռազմական գործողություններին մասնակցելու գործում Թուրքիայի դերի մասին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ վերջին շրջանում նման կարծիքներն ավելի բարձր մակարդակով են հնչում [նկատի ունի Էրդողանի վերջին հայտարարությունը-խմբ․]։
Թեմայի վերաբերյալ լրատվամիջոցը պարզաբանում է խնդրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյայից, ով փաստացի հերքել է Էրդողանի հայտարարությունը։ «
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորականների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն»։
Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե, իբր Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիան և Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի կապակցությամբ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը։ Բացի այդ, վերջինս նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի շուրջ 3000, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ի մեկօրյա ռազմական գործողության ժամանակ 204 զինծառայող։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման մարտերին ոչ մի այլ պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»,- եզրափակել է ադրբեջանցի անանուն պաշտոնյան։
Այսպիսով՝ չնայած Ադրբեջանում չեն համարձակվել պաշտոնական մակարդակով հերքել Էրդողանի անհերքելի հայտարարությունը, այնուամենայնիվ որոշել են վերջինիս հայտարարությունն անարձագանք չթողնել, քանի որ հակառակ պարագայում դա կարող է որոշ չափով ստվեր Արցախյան հաղթանակի դափնիները սեփականաշնորհած Իլհամ Ալիևի վարկանիշը։
Նկատենք՝ այն, որ Բաքվից Էրդողանից հերքում են անանուն պաշտոնյանի շուրթերով ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, և եթե 44-օրյա պատերազմում չլիներ Անկարայի անվերապահ աջակցությունը, ապա ադրբեջանական զինուժն առնվազն նման շռնդալից հաջողություններ չէր կարողանա արձանագրել։
Իրականում անհերքելի է, որ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջական զինված ուժերը ղեկավարել է թուրքական կողմը՝ Բախտիյար Էրսայի գլխավորությամբ, ով պատերազմից հետո նույպես շարունակեց իր գործունեությունն Ադրբեջանում, իսկ ավելի ուշ նշանակվեց այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական։ Ավելին՝ Ադրբեջանում մի ժամանակ վերջինիս այնքան էին գնահատում, որ անվանում էին Բախտիյար փաշա, սակայն այժմ, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, սկսել են ուրանալ նաև Ադրբեջան պետությանը վերջինիս մատուցած ծառայությունները։
Ադրբեջանական շնորահակալություն, կամ անհերքելին հեքելու արվեստը, ահա այսպես կարելի է բնորոշել այն քաղաքականությունը, որն այժմ Ալիևի ռեժիմը որդեգրել է՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը։
Չենք ակնկալում, որ այս հայտարարություններից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն կառաջանա, կամ օրինակ Թուրքիան հակաադրբեջանական նախաձեռնություններով հանդես կգա, քանի որ այս երկրների ղեկավարներն առաջնորդվում են ոչ թե իրենց անձնական, այլ պետական շահերով, որը պահանջում է երկկողմ հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա, սակայն ակնհայտ է, որ այս հարաբերություններում լարվածության միտումներ առնվազն առկա են, որոնք տարբեր բնագավառներում իրենց դրսևորումները կունենան։
Դավիթ Գույումջյան