Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:11 19-07-2024

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն ընդառաջ և շնորհակալություն հայտնել կատարած հսկայածավալ աշխատանքի համար:

«Հավատով ենք սպասում ձեր մրցելույթներին: Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել: Ամեն դեպքում այն պնդումները, որ շատ ուժեղ մասնակցություն պետք է ունենանք, կարծում եմ՝ բոլորիս է ոգևորում: Այն, որ մեկնում եք մասնակցելու խաղերին, ցույց է տալիս, թե որքան մեծ աշխատանք եք կատարել և որքան մեծ դժվարություններ եք հաղթահարել: Շնորհավորում եմ մասնակցության այս կարևոր հնարավորության համար: Թե՛ ձեր, թե՛ մարզիչների գործադրած ջանքերն ահռելի են, և պետությունը բարձր է գնահատում դրանք: Սպորտում շատ գործոններ են կարևոր, բայց դուք ունեք պայքարելու ոգի, համառություն և հաստատակամություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաղթանակի բերկրանքը, որ մարզիկները բազմիցս պարգևել են, վստահություն և հավատ է տալիս, որ Օլիմպիական խաղերում ևս տեսնելու ենք նրանց լավագույն մրցելույթները.

«Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Պետությունը ձեր կողքին է: Փորձել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, որպեսզի Օլիմպիական խաղերում ձեր մասնակցությունը լինի արդյունավետ և պատշաճ մակարդակով»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերի՝ հայկական մասնակցության կրծքանշանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի «Հայաստանի տունը», որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ.

«Այն կլինի փոքր Հայաստան Փարիզում և Օլիմպիական խաղերի ընթացքում ձեզ կփոխանցի հազարավոր երկրպագուների ուժն ու հավատը: Վստահ եմ՝ առիթներ կունենանք նշելու ձեր հաջողությունները, քանի որ բազմիցս տեսել ենք, թե ինչպես անգամ ամենաանհավանական իրավիճակներում դուք կարողացել եք ցուցաբերել կամք և ուժ՝ գրանցելով կարևոր հաղթանակներ: Վստահ եմ՝ այդ հատկանիշներն այս անգամ էլ ձեզ օգնելու են կերտել նոր հաղթանակներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին և հաջողություն մաղթել նրանց առաջիկա խաղերում: Անդրադառնալով Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»՝ նա տեղեկացրել է, որ վերջինիս պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:

«Բոլորիդ հաղթանակ եմ մաղթում: Շատ հզոր թիմ է մեկնում Օլիմպիական խաղերին: Առավել քան վստահ եմ, որ մասնակիցներից շատերին հետո պարգևատրելու ենք փառահեղ հաղթանակների համար, իսկ պարգևատրումները, իսկապես, նշանակալի են:

Պետության կողմից ՕԽ չեմպիոնը 25 մլն դրամ կստանա: Պետությանը կմիանան նաև ՀԱՕԿ-ն ու մեր գործընկեր Fastex ընկերությունը, որոնք նույնչափ պարգևատրումներ են նախատեսում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրին: Այսինքն՝ ստացվում է շատ պատկառելի գումար ձեր շատ ծանր հաղթանակների համար: Իմացե՛ք՝ ամբողջ երկիրն է ձեր կողքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար ու նշել՝ կանեն առավելագույնը երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը