1938թ. այս օրը՝ հուլիսի 18-ին, ավարտվեց Վահան Թոթովեցի կյանքի առասպելը։ Բայց հայ գրողն ու գեղագետը, Զորավար Անդրանիկի զինվորն ու գրագիրը հասցրել էր բանտի պատին թողնել իր կարգախոս-պատգամը. «Կեցցե՜ հայ ժողովուրդը»․․․
«Հայ ժողովրդի ամբողջական իդեալը՝ մնալու ազգ իր բոլոր առանձնահատկություններով, եղած է ամենեն լուսավոր գիծը, որ երկարած է իր զավակներուն հոգիներուն մեջ մեկ ծայրեն մյուսը, երկրին մեջ, թե ի տարագրություն, երբեմն բեկբեկված առժամանակյա կերպով խավարին եւ սուրին դեմ, բայց երբե՛ք ջնջված անդառնալիորեն»,- վստահ էր Թոթովենցը։
Վիլյամ Սարոյանը, որ լավ գիտեր նրան, գրել է. «Որքան ժամանակը սահի՝ ավելի խոր կերպով կը սիրեմ Վահան Թոթովենցի կյանքը, ճշմարտությունը, առասպելն ու ողբերգությունը»։
Իսկ այդ կյանքը լի էր արկածներով, բայց նաև ողբերգությամբ։

1915 թ. Վահան Թոթովենցը Միացյալ Նահանգներից գալու ժամանակ կանգ է առնում Պետրոգրադում: Նրան դիմավորում են տեղի մի խումբ հայ երիտասարդներ, ուսանողներ:
«Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,-պատմել է Թոթովենցը:-Նրա բանաստեղծությունների գիրքը կախարդել էր ինձ: Անպարփակ էր հիացմունքս: Ժամ առաջ փափագում էի տեսնել այդ արտասովոր մարդուն, այդ կախարդին: Եվ կայարանում ինձ դիմավորած երիտասարդներին հայտնեցի փափագս:
Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին: Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց:
Ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր ՝ լռիկ-մնջիկ: Նրան էլ ասացի, որ շատ եմ ուզում տեսնել Վահան Տերյանին, և որ Պետրոգրադում կանգ առնելու նպատակը նրան տեսնելն է:
Երիտասարդը ինձ սառը թվաց, անտարբեր՝ ցանկությանս նկատմամբ, ասաց, որ դեռ կհասցնեմ տեսնել իմ ուզած մարդուն:
Այդպես հասանք հյուրանոց: Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս: Ուղեկիցս դարձյալ հուսադրեց և ցտեսություն ասելով ՝ հեռացավ:
Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման: Հասնելուս պես դարձյալ առաջին խոսքս եղավ.
-Ուզում եմ Վահան Տերյանին տեսնել, արդյոք այստե՞ղ է: Ինչպե՞ս կարելի է նրան հանդիպել:
-Բայց սիրելի պարոն,-դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,-երեկ Դուք Վահան Տերյանի հետ կառքով հյուրանոց գնացիք, մենք որոշեցինք, որ նա Ձեզ ուղեկցի, որպեսզի ծանոթանաք:
Ես ապշեցի: Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր:
Քիչ հետո մի քանի հոգի ներս մտան: Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս: Խոսակիցս ասաց ահա՝ Տերյանը:
Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը: Համբուրեցի ճակատն ու հարցրի.
-Զարմանալի է…Ինչո՞ւ երեկ չասացիք, որ Դուք եք Տերյանը:
-Ճիշտն ասած, չէի ուզում Ձեզ հիասթափեցնել…»։
Թոթովենցն անսպասելիորեն ձերբակալվեց։ Մեղադրանքը ներկայացվեց այդ շրջանում այնքան տարածված սցենարով՝ ազգայնամոլություն, լրտեսական կապեր, քայքայիչ գործունեություն։ Պետհրատից մեկեն «չքացավ» տպագրության պատրաստ «Ծիրանի ծառը», պատառիկներ մնացին գրեթե ավարտուն նոր վեպի էսքիզներից միայն…
Ավելի ծանր վիճակ դժվար էր պատկերացնել գրողի, ազգային մեծ հոգսերով ապրող մաքուր, անբասիր մարդու համար։ Փորձության պահին նրան զորավիգ եղավ իր մարդկային պայծառ նկարագիրը, որ այդպես էլ չխաթարվեց հոգեկան ու ֆիզիկական տանջանքներից, անհեթեթ ամբաստանություններից ու նվաստացումներից։
Մի բան էլ պահեց Թոթովենցին՝ իր սիրասուն զավակ, 14- ամյա Լեւիկի գոյությունը։ Մահվանից առաջ մի բան էր խնդրել միայն՝ թույլ տալ իրեն վերջին անգամ տեսնելու որդուն։
«Ողորմածաբար» թույլ էին տվել։ Պատմում են՝ ծնկի է եկել տղայի առջեւ, գրկել նրա գլուխը եւ երկա՜ր-երկար ինչ-որ բան շշնջացել նրա ականջին։ Արցունքների մեջ տաք-տաք համբուրել է զավակին, հետո նորից ինչ-որ բան շշնջացել նրա ականջին, նորից համբուրել վերջին անգամ, մինչեւ որ «օրենքի պահապանները» բաժանել են դժբախտ հորն ու որդուն։