copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 20:23 31-08-2023

Ես ցանկանում եմ միայն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում․ Զորավար Անդրանիկի հիշատակի օրն է

Զորավար Անդրանիկը մի ցանկություն ուներ․ «Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար»։

Ցավոք, պարտք ունենք մեծ զորավարին․․․

Այսօր զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ, նախկին դաշնակցական Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրն է․․․

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»,- ասում էր Անդրանիկը։



Նվարդ Թումանյանը հիշում է, որ Անդրանիկն արտաքուստ խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

Անդրանիկը բացառիկ ժողովրդականություն էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։

Լքելով Օսմանյան կայսրությունը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին ստանձնում է արեւելքում՝ Արցախի, եւ հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան եւ զորավար Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։



Հայդուկապետը նաև առեղծվածային կերպար է եղել։ Բազմաբնույթ զրույցներ էին պատմում նրա մասին։ Պատմում են, որ երբ նորածին Անդրանիկին քահանան ուզում էր կնքել, հանկարծ լսվում է ձիու պայտերի դոփյուն: Ներս է գալիս մի մարդ, խլում մանկանը քահանայի ձեռքից, թաթախում սուրբ ջրի մեջ, հետո նորից տալիս քահանային, և ինքն անհայտանում: Մարդիկ նկատում են, որ երեխայի մեջքին խաչ է դաջվել, գլխի են ընկնում, որ դա սուրբ Գևորգն էր: Ասում են նաև, որ հետո, երբ Անդրանիկը կռիվ էր գնում, գնդակները չէին խոցում նրան: Ամեն անգամ կռվից վերադառնալիս թափ էր տալիս շորերը, և գնդակները թափվում էին գետնին: Սուրբ Գևորգի խաչը պահպանում էր նրան:

Զորավար Անդրանիկի ամենանշանավոր կռիվը Մշո Առաքելոց վանքի կռիվն է։ Սա նրա ռազմական տաղանդի փայլատակումն էր։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվել էին վանքում։ Մի քանի օր տևած պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Հայտնի է, որ Անդրանիկի և Դաշնակցության միջև հարաբերությունները լարված էին։ Դա պայմանավորված էր կուսակցության բռնած դիրքով։ Կուսակցությունն այլևս նախանձախնդիր չէր ֆիդայիների հովանավորությամբ։ Ոմանք նաև այս փաստով են պայմանավորում Անդրանիկի՝ Ղարաքիլիսայի կռվին չմասնակցելը։ Փաստ է, որ եթե Անդրանիկը Դսեղից շարժվեր, ճակատամարտն այլ ելք կունենար։ Հովհաննես Թումանյանը` ժամանակին գրած «Անդրանիկը եւ Ղարաքիլիսան» վերնագրով բացատրագրի մեջ այսպես է մեկնաբանում․ «Այո, նշել է նա, միանգամայն ճշմարիտ են ասում, որ եթե Անդրանիկը Լոռու կողմից, Դվալից օգնության հասներ, պատերազմը, անկասկած, ուրիշ ելք կունենար։ Սակայն բոլոր խոսողները մի բան չգիտեն, որ հենց էդպես էլ ծրագրված էր եւ կատարվելու վրա էր, երբ զինվորական բարձր հրամանատարությունից հրահանգ եղավ Անդրանիկին` մնալ Դսեղ եւ պաշտպանել երկաթուղու գիծը։ Դսեղից տված տեղեկության հետեւանքով մինչեւ էս հրամանը փոխվեց` արդեն երրորդ օրն էր եւ գրեթե միաժամանակ եկավ Ղարաքիլիսայի անկման բոթը»:



Առաջին հանրապետության ղեկավարության հետ հարաբերություններն այլևս հնարավոր չէր վերականգնել, ուստի Անդրանիկը 1919 թվականի մայիսի 7֊ին Բաթումից նավով ճանապարհ ընկավ դեպի Եվրոպա։

Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 331-ին, Չիքո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։