Պետությունը երկար ընթացակարգից հետո վերադարձնում է տուգանքի «զեղչված» մասը
copy image url

Պետությունը երկար ընթացակարգից հետո վերադարձնում է տուգանքի «զեղչված» մասը

Ներքին 10 ամիս առաջ - 17:15 16-07-2024
Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի՝ տուգանքի 30 տոկոս և 50 տոկոս նվազ կիրառման բաղադրիչները։

Մասնավորապես՝ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը նվազում է 30 տոկոսով, և վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Բազմաթիվ վարորդներ, սակայն, Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում էին, որ տուգանքի մասին ծանուցումը ստանալուն պես, համապատասխան ակտիվ հղումը բացել և ցանկացել են e-payments.am կայքի միջոցով վճարում կատարել, բայց այնտեղ ամբողջական տուգանքի չափն է երևացել։

Օրինակ՝ 20 հազար դրամ տուգանքը վճարելու համար, այն 30 տոկոսով զեղչված չի եղել, այլապես 16 հազար դրամ կլիներ վճարման ենթակա գումարը։

«Մեզ հորդորեցին, որ տերմինալներով վճարումն անենք, այնտեղ զեղչված չափն է ցույց տալիս։ Իսկապես, տերմինալով վճարելիս ցույց տվեց 16 հազար դրամ, գումարած 300 դրամ միջնորդավճար։ Մուտք արեցի 20 հազար դրամանոցն այն հույսով, որ տերմինալը կառաջարկի մնացած 5700 դրամը ուղղել բանկային քարտի կամ հեռախոսահամարի, բայց՝ ոչ։ Ամբողջ գումարը գանձվեց և կտրոն էլ չտրամադրվեց»,- մեզ հետ զրույցում ասել էր քաղաքացին։

Նրա խոսքով՝ տերմինալի օպերատորները հորդորել էին մոտենալ մեկ այլ տերմինալի և փորձել հատուկ կոդով կտրոն վերցնել, որն այնուհետև ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն, որտեղից ավելի գանձված գումարը՝ 5700 դրամը, ենթադրաբար՝ կվերադարձնեն։

«Փաստացի, այս ոլորտում ևս փնթի են աշխատում։ Կարող էին այնպես անել, որ համակարգում միանգամից զեղչված արժեքը երևար, ինչպես տերմինալով վճարելու պարագայում է, և քաղաքացին միանգամից օնլայն տարբերակով կվճարեր։

Իսկ հիմա պետք է ամբողջ գործերը թողնել ու գնալ ՃՈ, որն ի դեպ՝ բավականին անհարմար վայրում է գտնվում կայանելու համար։ Կարող ես մի ամբողջ օր կորցնել, բայց չիմանալ խնդրը լուծում կստանա՞, թե՞ ոչ»,- բողոքել էր մեզ դիմած վարորդը։

Մեր այս հրապարակումից մոտ 1 ամիս անց նույն քաղաքացին կապ է հաստատել մեզ հետ և հայտնել, որ խնդրի վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել, որից հետո ՃՈ-ն լուծում է տվել դրան․

«Էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակով գրավոր դիմում եմ ներկայացրել, որ նման խնդիր է առաջացել։ Ոստիկանությունից նախ կապ հաստատեցին ինձ հետ, որպեսզի համոզվեն հաշվեհամարը ճի՞շտ է, այնուհետև գումարը փոխանցեցին բանկային քարտիս»։

Իհարկե՝ Ոստիկանության այս քայլը ողջունելի է։ Բայց, վստահաբար, կան քաղաքացիներ, որոնք չեն կարողանում օգտվել e-request-ից և փաստացի չգիտեն, թե ինչպես իրենցից ավելի գանձած գումարը վերադարձնեն։

Փաստացի՝ պետությունը երկար ընթացակարգից հետո միայն վերադարձնում է տուգանքի «զեղչված» մասը։