Կրակի հետ չխաղաք. անհետ կորածների ծնողները դուրս եկան Քննչական կոմիտեից

Ներքին 9 ամիս առաջ - 16:42 16-07-2024
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները քիչ առաջ դուրս եկան Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։

Oragir.News-ի հետ զրույցում ծնողներն ասացին, որ իրենց ընդունել է գերատեսչության ղեկավարը։

«Մեզ հետ հանդիպեց Ռաֆայել Վարդանյանը։ Քանի որ ԴՆԹ ունեցողները չեն համարվում զոհված, այն դեպքում, երբ տվել են մի հատ ձեռք, մի հատ ոտք, մենք ստիպեցինք, պահանջեցինք, պարտադրեցինք, որ միջազգային հարթակներում հարցման համար նաև ներառվեն այն տղերքի անունները, որոնք ունեն ԴՆԹ։ Մենք փաստերով ներկայացրեցինք, որ Բիշարյանի հիմնարկը՝ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, շատ սխալ պատասխաններ է տվել, ունենք արտաշիրիմումներ․․․

Չխաղաք կրակի հետ։ Ես կոնկրետ Քիմիկների մասին եմ ասում։ Ես բացատրեցի, որ՝ տղա ջան, փոսը քանդել ենք, ես քանդել եմ, ես բերել եմ, մեր ժողովուրդն է արել, մի փշուր անգամ չենք թողե, ո՞նց եղավ, որ մի հատ ձեռք, մի հատ ոտք․․․»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեից իրենց վստահեցրել են, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում քննարկումներ կունենան ԱԱԾ ղեկավարության, ինչպես նաև Առողջապահության նախարարության համապատասխան գերատեսչության ղեկավար կազմի հետ, որից հետո իրենց հստակ պատասխան կտան։

Քիմիկների զորամասից պատերազմի դաշտ մեկնած և անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհում են նաև «Քիմիկների» գործով դատական նիստերի գործընթացից։ Ասում են՝ 1 տարվա ընթացքում 10-15 հոգի են հարցաքնում, իսկ վկաները 150-ից ավելի են։ Եթե այսպես շարունակվի, ապա դատական նիստերը 10 տարի կտևեն։

Նրանք նախքան Քննչական կոմիտե գալը, բողոք-նամակ են հանձնել ԲԴԽ-ում՝ հույսով, որ դատական նիստերն ավելի հաճախ կնշանակվեն և հնարավորություն կլինի ավելի շատ մարդկանց հարցաքննել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ։

«Քննչականում անհետ կորածների անունները ցուցակից հանվել են, մի ոտք են տվել, համարել են զոհված»,- մեզ հետ զրույցում ասել էին ծնողները։

Մանրամասները՝ տեսանյութում։