Հնարավոր կլինի՞ դուրս հրավիրել Փաշինյանին կառավարության շենքից
copy image url

Հնարավոր կլինի՞ դուրս հրավիրել Փաշինյանին կառավարության շենքից

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:00 11-07-2024
Հերթական ԱԺ ընտրություններին մոտ 2 տարի կա, բայց քաղաքական համայնքում արդեն իրարանցում է։ Հիմնական հավակնորդները մարզային հանդիպումներ են ունենում, ուսումնասիրում ժողովրդի ցանկությունները, խնդիրները, գույքագրում ռեսուրսները։ Իսկ իշխող ՔՊ-ն լուրջ մտավախություն ունի, որ 2026-ին չի կարողանա մանիպուլացնել ժողովրդին, մոլորեցնել, մուրճով սպառնալ, ատելություն շաղ տալ ու շահել դյուրահավատների վստահությունը։

Հնարավո՞ր է հաղթել Նիկոլ Փաշինյանին, թե՞ հավակնորդները պարզապես լեգիտիմացնելու են նրա վերարտադրությունը։ Այս հարցն արդեն հանրայնորեն քննարկվում է։ Հարկ է նկատել, որ քաղաքական և հանրային գործիչների մի մասը Նիկոլ Փաշինյանին հրապարակավ որակում է դավաճան, մի մասը՝ թշնամի, մի մասը մեղադրում է նրան ռուսական, թուրքական, ադրբեջանական շահեր սպասարկելու մեջ, ոմանք խոսում են ժողովրդական զանգվածային ցույցերի ճնշմամբ իշխանափոխության հասնելու մասին։ Տրամաբանական է, որ այս ուժերն ու գործիչները պիտի չմասնակցեն ընտրություններին կամ ձևական մասնակցեն։

Նորմալ երկրում դավաճանը, թշնամին կամ գործակալը չեն կարող մասնակցել ընտրություններին։ Դավաճանը ենթարկվում է քրեական պատասխանատվության օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Թշնամուն չեն գրանցում թեկնածու։ Իսկ գործակալին քաղաքականությունից հեռու են պահում համապատասխան օրենքներով։

Եթե իշխանության առաջին դեմքերը դավաճան են կամ գործակալ, նշանակում է երկրում հաստատվել է դրածո վարչախումբ։ Եթե առաջին դեմքը թշնամի է, նշանակում է երկիրը զավթված է, ղեկավարն էլ կարգված է թշնամու կողմից։ ՀՀ-ում իշխանության ձևավորման հարցում էական նշանակություն է ունեցել Մոսկվան, որը ՀՀ-ն խորհրդային իներցիայով համարում է իր ազդեցության գոտին։

Օրինակ՝ 2018-ին ռուսական ուղղակի միջնորդությամբ ու երաշխավորությամբ է ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունեցել։ Եվ Մոսկվան է այս ընթացքում եղել Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորը։ 2020-ի վերջին, 2021-ի ընտրությունների ժամանակ ևս Մոսկվան ազդեցություն է ունեցել ՀՀ իշխանության ձևավորման վրա։ Խորհրդարան են անցել ՌԴ-ի հետ հարաբերությունները պահպանելու ջատագովները։

Ոմանց թյուրիմացաբար թվում է, թե այսօր էլ հնարավոր է Մոսկվայի աջակցությամբ իշխանության հասնել, ինչպես 2018-ին։ Սակայն ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։ Մեծացել են Արևմուտքի և ԵՄ-ի տարածաշրջանային հավակնությունները։ Եվ ենթադրելի է, որ Մոսկվան չի կարողանա Հայաստանում ազդել իշխանության ձևավորման վրա։ Ովքեր վերջին տարիներին փորձել են զանգվածային ցույցեր կազմակերպել և Մոսկվայի աջակցությունն ակնկալել իշխանափոխության հարցում, համոզվել են, որ Կրեմլն ունակ չէ ՀՀ-ում բան փոխելու։ Սա հստակ հասկանում են թե՛ նախկին ռուսամետները, թե՛ նորօրյա եվրասկեպտիկները, որոնք արդեն մտածում են իշխանության հասնելու այլ ուղիների մասին։ Այսինքն՝ գրեթե բոլորն են հասկանում, որ Մոսկվայի աջակցությամբ հնարավոր չէ ՀՀ-ում հասնել իշխանության՝ ո՛չ հեղափոխությամբ, ո՛չ էլ ընտրություններով։

Սա հասկացող կուսակցությունները, ենթադրաբար, իրենց գաղափարներում, ծրագրերում և խոսույթում փոփոխություններ կանեն։ Կանխատեսելի է, որ քաղաքական ուժերի մեծ մասը կհայտարարեն, որ եվրաինտեգրացիայի և ժողովրդավարության ջատագով են։ Այսպիսով՝ կստեղծվի քաղաքակրթական ընտրության վերաբերյալ հանրային կոնսենսուս։ Իսկ ռուսամետները կամ եվրասկեպտիկները կմնան լուսանցքում։ Եվ ընտրությունը կընթանա արմատական անկախականների և չափավոր արևմտամետների միջև։ Այս գաղափարների շուրջ տեղի կունենան նաև ընտրապայքարի բովանդակային բանավեճերը։ Պարզ ասած՝ ընտրություններում հաղթելու հավակնություն ունեցող կուսակցություններն առաջին հերթին պետք է գաղափարական հստակեցումներ անեն այսօր և հանրային ուշադրությանն արժանի ծրագրեր ներկայացնեն։

Ընտրություններում հաջողության հասնելու մյուս կարևոր պայմանը փողն է։ ՀՀ-ում քաղաքականության վրա փող դնելու հնարավորություն ունեն քչերը։ Ոչ մի կուսակցություն, նույնիսկ՝ օլիգարխների կողմից ղեկավարողները չեն կարող իշխանական կուսակցությունից շատ հանգանակություն հավաքել։ Փաշինյանը գործարարների նկատմամբ պարբերաբար հալածանքներ է կազմակերպում, որ նրանք չհամարձակվեն փող դնել այլ կուսակցությունների, քաղաքական նախաձեռնությունների վրա, հատկապես՝ ընտրարշավի ժամանակ։ Ուստի՝ եթե կուսակցություններն ուզում են հաղթել, ապա առաջին հերթին պետք է հալածանքներից պաշտպանեն գործարարներին, ստեղծեն ֆինանավորման բաց, ապահով ուղիներ ու եղանակներ։

Դրանից հետո քաղաքական ուժերը պետք է կարգի բերեն թիմերն ու պատրաստեն պատգամավորացուներ, նախարարացուներ։ Նրանց համար կազմակերպեն արագացված ուսուցումներ, որ 2 տարի անց ներկայանան պատգամավորի ու կառավարության անդամի թեկնածուների պատրաստված, կրթված, դաստիարակված թիմերով, ոչ թե ներկայացնեն ցուցակ, որի մեծ մասը քաղաքականության հետ կապ չունեցած, ուրիշ հետաքրքրություններ ունեցող մարդիկ լինեն։ Ցուցակներում նաև չպետք է լինեն մարդիկ, որոնք ընտրվելուց հետո մանդատը դնեն, գնան տուն։ Այսինքն՝ պետք է լրջացնել ընտրությունների, իշխանության, քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը։

Այսպիսի նախապատրաստություններ տեսնող ուժերը կարիք էլ չեն ունենա խոսույթում կիրառել «դավաճան», «թշնամի», «գործակալ» եզրերը։ Նրանք կարող են ավելի շատ սևեռվել իրենց ծրագրերն ու թեկնածուներին ներկայացնելու վրա։ Եվ եթե հաջողվի նաև ընտրողների հետ փոխվստահության մթնոլորտ ստեղծել, ապա հնարավոր կլինի հասնել հաջողության և կառավարության շենքից դուրս հրավիրել Նիկոլ Փաշինյանին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան