Մակրոնի և ձախերի դաշինքը՝ ընդդեմ Մարին Լը Պենի․ Ֆրանսիայում ընտրությունների 2-րդ փուլը վճռորոշ է
copy image url

Մակրոնի և ձախերի դաշինքը՝ ընդդեմ Մարին Լը Պենի․ Ֆրանսիայում ընտրությունների 2-րդ փուլը վճռորոշ է

Արտաքին 9 ամիս առաջ - 22:30 04-07-2024
Ֆրանսիան մտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլ, որոնց արդյունքներով որոշվելու է, ինչպիսի կառավարություն է ձևավորվելու եվրոպական այս երկրում։ Հունիսի 30-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով աջ ծայրահեղական ուժերն աննախադեպ հաղթանակ էին տոնեցին և մեծացրել իշխանության գալու հնարավորությունները․ընտրությունների առաջատարը Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի գլխավորած «Ազգային միավորում»-ն է, որը ստացել է ձայների 33%-ը, երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28%-ով, իսկ գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած քաղաքական ուժը զբաղեցրել է միայն 3-րդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 20%-ը։

Այս արդյունքներով Ֆրանսիայի խորհրդարանի 577 տեղերից միայն 76-ի դեպքում է թեկնածուներին հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին ու հաղթել, իսկ մնացած դեպքերում երկրորդ փուլ են անցել երկու և անգամ երեք թեկնածուներ, որից հետո նոր միայն պարզ կդառնա աջ ծայրահեղականները կկարողանա՞ն գալ իշխանության, թե՞ ոչ։ Եթե ի վերջո աջ ծայրահեղականներին հաջողվի խորհրդարանում մեծամասնություն կազմել, ապա նախագահ Մակրոնը ստիպված կլինի վարչապետ նշանակել ազգայնական 28-ամյա Ժորդան Բարդելային։

Ընտրություններում արձանագրած հաջողությունը պատմական էր որակել աջ ծայրահեղականների առաջնորդ Մարին լը Պենը, ով 2 անգամ՝ 2017-ի և 2022-ի նախագահական ընտրություններում պարտվել էր Էմանուել Մակրոնին։ Մարին լը Պենի խոսքով՝ Ֆրանսիայի ժողովուրդը կրկին ազատությունն իր ձեռքն է վերցնում, վճռականորեն պաշտպանվում քաղաքական ուժերից, որոնք ցավ են պատճառել նրան, թուլացրել ու կործանել։

Նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ աջ ծայրահեղականների հաղթանակի դեպքում երկրին գոյութենական վտանգ է սպառնում, ու վերջինս ջանքեր է գործադրում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի հետ միավորվելու ու ծայրահեղականների հաղթանակի հնարավորությունը բացառելու համար։ Իր հետընտրական առաջին հայտարարություններից մեկում պետության ղեկավարն ընդգծել է, որ այս ընտրությունների մասնակցում են մարդիկ, ովքեր ուզում են ազատ արձակել ձերբակալվածների 20 տոկոսին, զինաթափել ոստիկանությունը, ավելացնել հարկերը, մարդիկ, որ անընդունելի երկիմաստ դիրքորոշում ունեն իսլամիստների պահանջների հարցում։

Նշենք, որ Մարին լը Պենի գլխավորած «Ազգային միավորում»-ը խոստացել է իշխանության գալու դեպքում աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալ ֆրանսիացիներին, իջեցնել էներգակիրների գներն ու եկամտահարկից ազատել մինչև 30 տարեկաններին։ Բացի այդ, Մարին Լը Պենի գլխավորած քաղաքական ուժը ցանկանում է վերացնել օրենքը, ըստ որի օտարերկրացիների՝ Ֆրանսիայում ծնված երեխաները հինգ տարի երկրում ապրելուց հետո կարող են քաղաքացիություն ստանալ։ Եթե նրանց հաջողվի իշխանության գալ, դա կլինի Ֆրանսիայի առաջին աջ ծայրահեղական կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ ֆաշիստների օկուպացիայից հետո։ «Մենք պարտավոր ենք միավորվել ու դա թույլ չտալ», հայտարարել է Ֆրանսիայի գործող վարչապետ, Էմանուել Մակրոնի դաշնակից Գաբրիել Ատալը:

Էմանուել Մակրոնի և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի բանակցությունները կարծես թե հաջողության են հասել։ Այն բանից հետո, երբ Մակորնն ու ձախերի առաջնորդները կոչ են արել երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի «Ազգային միավորում»-ի թեկնածուների առավել հայտնի մրցակիցներն նրանց հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունենան։

Այս կոչերից հետո ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ստացած շուրջ 214 թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին՝ նպատակ ունենալով չխլել միմյանց ձայները և կանխել Մարին Լը Պենի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը։ Սրա համար վերջիններիս անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 577 մանդատներից առնվազն 289-ը, ինչը վերջիններիս թույլ կտա կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու 501 ընտրատարածքներում, որոնցից 306-ում միանգամից երեք թեկնածու է գրանցվել։ Գրեթե բոլոր դեպքերում դրանք նշված երեք հիմնական ընտրական դաշինքների ներկայացուցիչներ են, ուստի հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ուժերը միավորվեին և ընտրություններին մասնակցեին մեկ միասնական թեկնածուով։

Այսպիսով՝ ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Ֆրանսիայում աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված վերջին տարիներին աջ ծայրահեղական ուժերն ընտրություններում սկսել են շոշափելի հաջողությունների հասնել, ընդհուպ մինչև իշխանության գալ։ Ֆրանսիայի պարագայում այս միտումը տեսանելի դարձավ հատկապես Եվրոպական խորհրդարանի ընտրություններից արդյունքների հրապարակումից հետո, որոնցում նույնպես աջ ծայրահեղականները հաջողության էին հասել, ինչն էլ նախագահ Մակրոնին դրդեց խորհրդարանը լուծարել և նոր ընտրություններ նշանակել։

Ներկայումս Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը և ձախակողմյան ուժերը փաստացի դաշինք են ձևավորել՝ ընդդեմ Մարին լը Պենի, որպեսզի վերջինիս գլխավորությամբ աջ ծայրահեղականները չկարողանան իշխանության գալ։

Որոշ փորձագետների համոզմամբ՝ Հայաստանի և հայ-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից առավել նախընտրելի կլինի, եթե Մակրոնի և ձախերի դաշիքնը հաջողության հասնի ու պահպանի իշխանությունը, քանի որ աջ ծայրահեղականները Հայաստանի հարցում հստակ տեսլական չունեն, ինչը կարող է երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար ազդել։

Սրան զուգահեռ ծայրահեղ աջերի վարչապետի թեկնածու Ժորդան Բարդելան իր գործունեության ընթացքում բազմիցս աչքի է ընկել հակաադրբեջանական հայտարարություններով և քննադատել Եվրոպական միությանը՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կատարած հանցանքների վրա աչք փակելու համար։ Մասնավորապես 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայից հետո Բարդելան քննադատել էր ԵԽ այն պատգամավորներին, ովքեր դեմ էին արտահայտվում Բաքվի դեմ պատժամիջոցների սահմանմանը՝ մատնացույց անելով այդ երկրի հետ կնքված գազային համաձայնագիրը։ «Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է։ Ինչն է առավել կարևոր՝ Ադրբեջանի գա՞զը, թե՞ հայերի արյունը»,- ասել էր նա։

Կարծում ենք, որ անկախ արդյունքներից՝ Ֆրանսայում սպասվող ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները վճռորոշ են լինելու, ինչը պայմանավորելու է ոչ միայն այդ երկրի ներքին քաղաքականությունը, այլև արտաքին բազմաթիվ հարցերում պաշտոնական Փարիզի դիրքորոշումը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված